Քաղաքացիական վեճերով հայցադիմումի նմուշներ յուրաքանչյուրը կարող է գտնել ինչպես դատական համակարգի պաշտոնական՝ www.court.am կայքից, այնպես էլ դատական գործերի հետ նախկինում առնչված ծանոթներից: Ավելին, նմուշի բացակայության պայմաններում, անգամ, քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված՝ հայցադիմումին ներկայացվող պահանջներին ծանոթանալով, կարելի է կազմել քննարկվող դատավարական փաստաթուղթը: Եթե հայցադիմումի կազմման դատավարական պահանջները լինում են պահպանված, դատարանն անպայմանորեն այն ընդունում է վարույթ և իրականացնում գործի քննությունը:

Իսկ ի՞նչ է անհրաժեշտ իմանալ հայցադիմում կազմելիս:

Հայցադիմում կազմելիս, նախ պետք է ելնել այն կարևորագույն փաստից, որ հայցադիմումը թերևս ելակետային այն դատավարական փաստաթուղթն է, որի հիման վրա դատարանը գործի քննության ավարտին կայացնում է վճիռը: Ուրեմն՝ հայցադիմումն այն կարևորագույն դատավարական փաստաթութն է, որը պետք է կազմվի ամենայն զգուշությամբ և պատասխանատվությամբ:

Հայցադիմում կազմելիս նախ անհրաժեշտ է պարզել՝ գործը, որը պետք է լսվի դատարանում, ենթակա է քննության հայցային վարույթով, թե օրինակ հատուկ կամ հատուկ հայցային վարույթով: Հիշյալ հանգամանքի պարզումն ունի էական նշանակություն, քանի որ նշված վերջին երկու դեպքերում դատարանում գործի քննությունը տեղի է ունենում դիմումի միջոցով՝ պատասխանող կողմի բացակայությամբ:

Այպսիսով, երբ համոզվում եք, որ գործը ենթակա է քննության հայցային վարույթով, անհրաժեշտ է պատրաստել հայցադիմում, դրանում նշելով դատարանի անվանումը, գործին մասնակցող անձանց վերաբերյալ տեղեկությունները, հայցագինը /եթե հայցը ենթակա է գնահատման/, հայցապահանջը հիմնավորող ապացույցները, դատարանին ուղղված պահանջը, հանգամանքները, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, հայցադիմումին կցվող փաստաթղթերի ցանկը և այլ տեղեկություններ, որոնք հայցվորն անհրաժեշտ է համարում նշել հայցադիմումում:

Ծանոթանալով տեղեկությունների այն ծավալին, որոնք ներկայացված են գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, քաղաքացիների մոտ հաճախ առաջանում է ներքին համոզմունք այն մասին, որ հայցադիմումի կազմումը կրում է տեխնիկական բնույթ՝ չպահանջելով իրավաբանական գիտելիքներ:

Մինչդեռ, հայցադիմումը կազմելու համար ոչ միայն անհրաժեշտ է դատավարական նորմերից տեղեկացվածություն, այլև նյութական իրավունքի նորմերի գերազանց տիրապետում: Օրինակ, եթե իրավական վեճը վերաբերում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ձեռք բերելուն, ապա հայցադիմում կազմողը, հայցապահանջը հիմնավորելիս, պետք է անդրադառնա ՀՀ Քաղաքացիական օերնսգրքով /նյութական իրավունքի նորմերով/ սահմանված այն բոլոր չափանիշներին, որոնց միաժամանակյա առկայության հաստատումը կարող է հիմք հանդիսանալ հայցադիմումի բավարարման համար: Ընդ որում, անհրաժեշտ է նյութական իրավունքի յուրաքանչյուր նորմ մեկնաբանել դրա վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից տվյալ տրված պարզաբանումների լույսի ներքո, ինչը ենթադրում է դատական պրակտիկայի խորքային ուսումնասիրություն:

Հայցադիմում կազմելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ քաղաքացիական դատավարությունը մրցակցային է, ինչը ենթադրում է գործի քննության ընթացքում դատարանի պասիվ, իսկ դատավարության մասնակիցների ակտիվ դերակատարումը: Դատարանն իրավասու չէ հուշումներով կամ խորհրդատվությամբ օգնել հայցվորին շտկելու հայցադիմումում տեղ գտած սխալները: Ավելին, դատարանը, վճիռ կայացնելիս, պարտավոր է ելնել բացառապես հայցադիմումում տեղ գտած ձևակերպումներից, և եթե դրանք ինչ որ կերպ հակասում են օրենքի պահանջներին, ապա դատարանը պարտավոր է մերժել անգամ օրինական հիմքեր ունեցող, բայց սխալ ներկայացված հայցվորի պահանջը:

Մեկ նկատառում ևս. հայցադիմումը խիստ մասնագիտական փաստաթուղթ է, հետևաբար այն հուզական և կենցաղային տեղեկություններով ծանրաբեռնելը, գործի փաստական հանգամանքներից հետևությունները սիրողական ձևով իրականացնելը կասկածի տակ է դնում դրա բավարարումը:

Հայցադիմում կազմելիս քննարկման առարկա պետք է դարձնել զուգահեռաբար հայցի, որևէ ապացույցի ապահովման միջոց կիրառելու միջնորդության ներկայացման անհրաժեշտությունը: Թեև նշված դատավարական գործողությունների կատարումը կարելի է ձեռնարկել նաև հայցը հարուցելուց հետո՝ գործի քննության ընթացքում, այնուամենայնիվ, ռազմավարական տեսակետից հիշյալ գործողությունները հայցադիմումի ներկայացմանը զուգահեռ իրականացնելն առավելավելապես ապահովում է միջնորդությամբ հետապնդվող արդյունքները:

Հայցադիմում կազմելը վստահեք մասնագետներին՝ ապահովագրելով Ձեզ հնարավոր ռիսկերից:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency