Ամուսնալուծությունը դատական կարգով

Ամուսինների՝ միմյանց հանդեպ անհանդուրժողականությունն այն ընդհանրությունն է, որն առկա է ամուսնալուծության ճնշող մեծամասնության դեպքերում: Փոխըմբռնման բացակայությունը հաճախ նկատվում է նաև ամուսնալուծության գործընթացում, ինչն էլ հանգեցնում է այն դատական կարգով իրականացնելու անհրաժեշտությանը:
Քաղաքացիների կողմից հաճախ է հնչում այն հարցը, թե արդյոք դատարանը կարող է բավարարել ամուսնալուծության պահանջով ներկայացված հայցադիմումը, եթե մյուս ամուսինն առարկի դրա դեմ:

Պետք է նշել, որ անկախ պատասխանողի՝ ամուսնալուծվելու ցանկությունից, ամուսնալուծության պահանջով հայցը դատարանի կողմից բավարարվում է: Այն դեպքում, երբ ամուսիններից մեկը ցանկանում է պահպանել ամուսնությունը, դատարանը, վերջինիս դիմումով իրավասու է ժամանակ տրամադրել ամուսիններին հաշտվելու նպատակով: Հաշտության նպատակով տրամադրվող ժամկետը չի կարող երեք ամիսից ավելի լինել: Եթե այս ընթացքում ամուսինները չեն հաշտվում և հայցվորը պնդում է ամուսնությունը լուծելու իր պահանջը՝ դատարանը հայցը բավարարում է: Ամուսնալուծությունը չի թույլատրվում կնոջ հղիության ընթացքում, եթե բացակայում է վերջինիս համաձայնությունը ամուսնալուծվելու հարցում:
Պետք է նկատի ունենալ, որ թեև դատական կարգով ամուսնալուծվելիս, ամուսնությունը համարվում է դադարած դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից, այնուամենայնիվ, օրինական ուժ ստացած դատարանի վճռի հիման վրա ամուսնալուծությունը պետք է գրանցվի ՔԿԱԳ մարմնում: Սահմանված կարգով ամուսնալուծությունը գրանցվելու դեպքում միայն անձի մոտ ծագում է հետագայում կրկին անգամ ամուսնանալու հնարավորությունը:
Քաղաքացիներին հուզող հաջորդ հարցը վերաբերում է դատական կարգով ամուսնալուծության դեպքում գործընթացին փաստաբան ներգրավելու անհրաժեշտությանը:
Ամուսնալուծության գործընթացում փաստաբան ներգրավելու անհրաժեշտության հարցը քննարկելիս պետք է նախ ամուսնալուծության գործերը դասակարգել երկու խմբի: Առաջին և հիմնական խումբը դրանք այն գործերն են, որոնք զուգորդվում են հայցվորի կողմից ամուսնալուծությանը զուգահեռ լրացուցիչ այլ պահանջների ներկայացմամբ: Այդպիսի պահանջներից են, մասնավորապես, ամուսինների համատեղ կյանքում ձեռք բերված գույքից /համատեղ սեփականությունից/ բաժինն առանձնացնելը, համատեղ կյանքում ծնված անչափահաս երեխաների համար ապրուստի միջոց /ալիմենտ/ բռնագանձելը, երեխայի բնակության վայրը որոշելը կամ նրա հետ տեսակցության կարգ սահմանելը, օրենքով սահմանված դեպքերում անապահով ամուսնու համար ապրուստի միջոց /ալիմենտ/ տրամադրելը և այլն: Սրանք այն դեպքերն են, երբ ընտանեկան հարցերով մասնագիտացված և փորձառու փաստաբանի մասնակցությունը դատավարությանն անհրաժեշտություն է:
Գործնականում, հենց փաստաբանի կողմից մշակված ճիշտ ռազմավարությունը, յուրաքանչյուր գործով անհրաժեշտ թույլատրելի և վերաբերելի ապացույցների ակտիվ հավաքագրումը և դատավարության յուրաքանչյուր փուլում լուծման ենթակա դատավարական խնդիրների արդյունավետ իրականացումն այն նախապայմաններն են, որոնք երաշխավորում սպասվող արդյունքները:
Երկրորդ խմբին դասվում են ամուսնալուծության այն գործերը, որոնք չեն զուգորդվում լրացուցիչ որևէ պահանջով: Հիմնականում, նման գործերով փաստաբանի աջակցությունը կարող է սահմանափակվել ընդամենը դատավարական նորմերին համապատասխանող հայցադիմում կազմելով և կից ներկայացվող փաստաթղթերի փաթեթը պատրաստելով՝ առանց դատարանում ներկայացուցչություն իրականացնելու: Թեև քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիներն անգամ նման գործերով գերադասում են օգտվել փաստաբանական ամբողջական ծառայություններից՝ նպատակ ունենալով խուսափել դատավարության ընթացքում անհանդուրժողականության մթնոլորտում հնարավոր սթրեսներից:
Առանձին դեպքերում, գործի քննության ընթացքում, կարող են առաջանալ դատավարական որոշ խոչընդոտներ, ինչպիսի հանգամանքը ևս կպահանջի փաստաբանի մասնագիտական աջակցությունը: Գործնականում, հատկապես նման խոչընդոտների քաղաքացիները բախվում են ամուսնալուծության այն գործերով, որոնք ծանրաբեռնված են օտարերկրյա տարրով և պահանջում են հարցի հետ առնչվող առանձին միջազգային փաստաթղթերի իմացություն:
Դատական պաշտպանության միջոցին դիմելիս, ցանկացած դեպքում խորհրդակցեք մասնագետների հետ և իրազեկվեք օրենսդրությամբ ամրագրված Ձեր իրավունքների մասին:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital