Դատավորն իր որոշման մեջ  նշել է  քաղաքացու «հիվանդագին երևակայության» մասին

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը 2016 թվականի հուլիսի 27-ին  քննարկել  է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հենրիկ Դարբինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացու դիմումը:

Darbinyan HenrikԴատավոր Հենրիկ Դարբինյանն իր  վարույթում գտնվող թիվ ԱՎԴ3/1098/02/15 քաղաքացիական գործով  քննարկելով քաղաքացու կողմից ներկայացված Ինքնաբացարկի մասին միջնորդությունը՝  որոշմամբ մերժել է ներկայացված միջնորդությունը` միաժամանակ որոշման մեջ նշելով.
"Ինչ վերաբերում է միջնորդության մեջ նշված այն փաստարկին, թե պատասխանողն ինչ-որ անձի նախկինում պարտքով գումար է տվել, հիմա էլ փորձում է ստանալ, սակայն չի կարողանում, և ըստ հայցվորի` դա միգուցե պայմանավորված է դատական նիստերը հետաձգելու հետ, դատարանը փաստում է, որ մեղմ ասած նշվածը վերաբերում է հայցվորի հիվանդագին երևակայությանը, (...)":
Դատավորը իր բացատրություններում նշել է, որ վիրավորելու անգամ մտադրություն չի եղել, "հիվանդագին երևակայություն" բառերը նշելիս միայն փորձել է նրան զգոնացնել, ուշադրություն հրավիրել նրա անիրական, իմ կարծիքով նաև դատարանի հեղինակությանն ուղղված ոչ նորմալ և ոչ պատշաճ հետևությունների ու փաստարկների վրա և կանխել արդարադատություն իրականացնելիս որևէ անօրինական և անհիմն ազդեցություն:
Միաժամանակ վկայակոչել է, որ Ըստ Վ. Ա. Սահակյանի, Վ. Մ. Սահակյանի հոմանիշների և ինտերնետում առկա բառարանների` "հիվանդագին երևակայություն" նշանակում է ոչ նորմալ, անառողջ պատկերացում, ենթադրություն, անիրական բան, ֆանտազիա:

Այսինքն, ըստ դատավորի, հանգիստ կարելի է օգատագործել ՛՛հիվանդագին երևակայություն՛՛ արտահայտությունը, քանի որ այն վիրավորական չէ և ունի ՛՛զգոնացնելու հնարավորություն՛՛
Այնուհանդերձ իր կողմից օգտագործված արտահայտության համար խնդրել և Հանձնաժողովից ակնկալել է  ներում:
Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Հենրիկ Դարբինյանը դրսևորել է անբարեկիրթ վերաբերմունք գործով հայցվորի նկատմամբ` արատավորելով դատական իշխանության հեղինակությունը, սակայն միևնույն ժամանակ որոշել է ներել դատավորին և կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել է բավարարվելով հարցի քննարկմամբ:

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency