Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքներ, որոնք վերադարձման կամ փոխարինման ենթակա չեն

Քաղաքացիներին իրազեկելու նպատակով ստորև ներկայացվոում են այն ապրանքները, որոնց նկատմամբ չեն տարածվում օրենքով սահմանված տասնչորսօրյա ժամկետում դրանք նմանօրինակ այլ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու սպառողի իրավունքը:

1. Պատշաճ որակի ապրանքը չի կարող վերադարձվել՝
ա) եթե ապրանքների պատրաստումը և մատակարարումը իրականացվել են գնորդի հատուկ պահանջներին համապատասխան, կամ ապրանքները անհատականացված են, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.
բ) երբ մատակարարվում են ապրանքներ, որոնք ունեն արագ փչացման, քայքայման կամ որակի փոփոխության հատկություն, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.
գ) կապարակնքված ապրանքների վաճառքի դեպքում, որոնք վերադարձման ենթակա չեն առողջապահական կամ հիգիենիկ նկատառումներից ելնելով, և որոնք մատակարարվելուց հետո ապակապարակնքվել են գնորդի կողմից.
դ) ապրանքների վաճառքի դեպքում, որոնց մատակարարումից հետո, իրենց բնույթից ելնելով, անքակտելիորեն միախառնվում են միմյանց հետ, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.
ե) կապարակնքված ձայնային կամ տեսաձայնային ձայնագրության կամ կապարակնքված ծրագրային ապահովման մատակարարման դեպքում, որոնք մատակարարելուց հետո ապակապարակնքվել են գնորդի կողմից, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.
զ) թերթերի, ամսագրերի, գրքերի կամ այլ տպագիր նյութերի մատակարարման դեպքում.
է) աճուրդում կամ բորսայում կնքված պայմանագրերի առկայության դեպքում.
ը) թվային կրիչի վրա չմատակարարվող թվային բովանդակության մատակարարման դեպքում, երբ դրա կատարումն սկսվել է սպառողի անվերապահ նախնական համաձայնությամբ, ըստ որի` սպառողն այդպիսով կորցնում է իր վերադարձման իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով:

2. Ենթակա չեն փոխարինման պատշաճ որակի ոչ պարենային հետևյալ ապրանքները.
1. Ապրանքներ տնային պայմաններում հիվանդությունների կանխարգելման և բուժման համար (մետաղից, ռետինից, տեքստիլ և այլ նյութերից առողջարարության (կազդուրիչ) և հիգիենայի առարկաներ, բժշկական գործիքներ, սարքեր ու ապարատներ, բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ, տեսողության լինզաներ, երեխաների խնամքի առարկաներ), դեղորայք
2. Անձնական հիգիենայի առարկաներ (ատամի խոզանակներ, սանրեր, մազակալներ, բիգուդիներ, կեղծամներ, շինյոններ և այլն)
3. Պարֆյումերակոսմետիկական ապրանքներ
4. Տեքստիլ ապրանքներ (բամբակյա, վուշե, մետաքսյա, բրդյա և սինթետիկ կտորներ, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքներ` ժապավեններ, երիզահանգույցներ, ժանյակներ և այլն) մալուխային արտադրանք (լարեր, քուղեր, մալուխներ), շինարարական և վերջնամշակման նյութեր (լինոլեում, թաղանթներ, գորգային ծածկեր և այլն) և մետրերով բաց թողնվող այլ ապրանքներ
5. Կարի ու տրիկոտաժի արտադրանք (տրիկոտաժե սպիտակեղեն, գուլպեղենի արտադրանք)
6. Պոլիմերային նյութերից ապրանքներ և նյութեր, որոնք շփվում են սննդամթերքին, այդ թվում` միանգամյա օգտագործման (ճաշի և խոհանոցային ամանեղեն ու պարագաներ, սննդամթերքի պահման և տեղափոխման համար տարողություններ ու փաթեթավորման նյութեր)
7. Կենցաղային քիմիական ապրանքներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ
8. Կենցաղային կահույք (կահույքի հավաքածու և լրակազմ)
9. Թանկարժեք մետաղներից ապրանքներ, թանկարժեք քարերով ապրանքներ, կիսաթանկարժեք և սինթետիկ քարերով ագուցված թանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքներ, երեսակված թանկարժեք քարեր
10. Ավտոմեքենաներ ու մոտոհեծանվային ապրանքներ և դրանց կցորդները և համարակիր ագրեգատները, գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված փոքր մեխանիզացիայի շարժամիջոցներ, զբոսանավեր և կենցաղային նշանակության այլ լողամիջոցներ
11. Երաշխիքային ժամկետներ ունեցող կենցաղային նշանակության տեխնիկապես բարդ ապրանքներ (մետաղահատ և փայտամշակման հաստոցներ, կենցաղային էլեկտրական մեքենաներ ու սարքեր, կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատներ, հաշվիչ և բազմացնող կենցաղային տեխնիկա, լուսանկարչական ապարատներ, կինոապարատներ, հեռախոսային ու ֆաքսիմիլային ապարատներ, էլեկտրական երաժշտական գործիքներ, էլեկտրոնային խաղալիքներ)
12. Քաղաքացիական զենք, քաղաքացիական և ծառայողական հրազենի հիմնական մասեր ու դրանց փամփուշտները
13. Կենդանիներ և բույսեր

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency