2018 թվականի հունվարի 1-ից այն օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ՀՀ տարածքում ձեռք կբերեն ապրանքներ և դրանք ձեռքբերման պահից 90 օրվա ընթացքում կարտահանեն Հայաստանի Հանրապետությունից, կարող են հետ ստանալ ապրանքները ձեռք բերելիս վճարած ԱԱՀ-ի գումարները:

Որպեսզի վերադարձվի ապրանքի համար վճարված ԱԱՀ-ի վճարները, օտարերկրյա անձանց կողմից տվյալ հարկ վճարողից մեկ օրացուցային օրվա ընթացքում ձեռք բերված ապրանքների արժեքը կամ դրանց համագումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)  պետք է կազմի առնվազն 50.000 դրամ: Բացի այդ, ապրանքն արտահանման պահի դրությամբ պետք է լինի չօգտագործված և ունենա գործարանային փաթեթավորում և (կամ) պիտակավորում:
Ապրանքների համար վճարված ԱԱՀ-ի գումարները հետ ստանալու համար օտարերկրյա քաղաքացին հարկ վճարողից պետք է պահանջի հատուկ այդ նպատակով լրացվող ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ: Օտարերկրյա անձին կարող է տրամադրվել նաև ինտերնետային կապի միջոցով՝ համակարգչային եղանակով դուրս գրված ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային` ստորագրելու իրավասություն ունեցող անձի կողմից ստորագրված տարբերակը կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի ժապավենի վրա տպագրված ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ: Վերջին դեպքում օտարերկրյա անձին տրամադրվում է նաև ՀԴՄ կտրոն:
Հարկ վճարողը բավարարում է համապատասխան փաստաթուղթ տրամադրելու պահանջը, եթե օտարերկրյա անձի կողմից մեկ օրացուցային օրվա ընթացքում ձեռք բերվող ապրանքների արժեքը կամ դրանց համագումարը պակաս չէ 50.000 ՀՀ դրամից:
Այն դեպքում, երբ մեկ օրացուցային օրվա ընթացքում կատարված գնումների մասով օտարերկրյա քաղաքացուն հարկ վճարողն արդեն իսկ տրամադրել է ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ, նույն օրացուցային օրվա ընթացքում միևնույն հարկ վճարողից կատարված նոր գնումների մասով ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ տրամադրվում է անկախ դրանց արժեքը սահմանված չափին համապատասխաանելու հանգամանքից:
ԱԱՀ-ի գումարը կանխիկ ստանալու նպատակով օտարերկրյա անձինք մաքսային մարմնի կողմից կնքված՝ ԱԱՀ-ի վերադարձի հաշիվը կամ ՀԴՄ-ի հաշիվը և ապրանքի դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը, իսկ օդանավով ՀՀ-ից մեկնելու դեպքում՝ նաև նստեցման կտրոնի պատճենը ներկայացնում են ՀՀ պետական սահմանի անցման կետերում գտնվող որևէ բանկի գրասենյակ: Այն դեպքում, երբ օտարերկրացին նախընտրում է գումարը ստանալ բանկային փոխանցմամբ, վճարումը հավաստող փաստաթուղթն ուղարկում է ՀՀ ֆինանսների նախարարություն` ՀՀ պետական սահմանի անցման կետերում տեղադրված «Tax free invoices» նշումով արկղի միջոցով:
Պետք է նկատի ունենալ, որ ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ի գումարները չեն փոխհատուցվում  սննդամթերք, ծխախոտի արտադրանք, դեղորայք, մշակութային արժեքներ, տրանսպորտային միջոցներ և դրանց առանձին մասեր գնելու դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը պակաս է 8335 դրամից:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency