Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2011թ.-ի փետրվարի 10-ին ժամը 14:00-ին ԵԿԴ/1096/02/11 քաղաքացիական գործով նշանակված է եղել վճռի հրապարակում: Փաստաբան Արամ Վարուժանի Խաչատրյանը, հանդիսանալով գործով հայցվոր Սուսան Բարսեղյանի լիազորված անձը` 2011թ.-ի փետրվարի 10-ին ժամը 13:50-ին ժամանելով դատարան` սպասել է մոտ 15 րոպե, ապա մոտենալով դատական կարգադրիչներին` խնդրել` ներքին հեռախոսակապով միացնել պարոն Ափինյանի ընդունարան, որտեղից նրան հայտնել են, որ «…դատավորը հիմա իջնելու է…»:

Սպասելով ևս 50 րոպե` փաստաբանը կրկին անգամ մոտեցել է դատական կարգադրիչներին և այս անգամ, ներքին հեռախոսակապով միանալով պարոն Ափինյանի ընդունարան, հայտնել , որ 55 րոպե սպասելուց հետո հեռանում է, միաժամանակ խնդրելով ընդունել ի գիտություն, որ տեղի ունեղածի վերաբերյալ հայտնելու է ըստ իրավասության:  

Գտնում ենք, որ նման անկարգապահ գործելակերպը և անհարգալից վերաբերմունքը հարիր չէ Դատավորին, որն իր կեցվածքով և վարքագծով պետք է խորհրդանշի դատական իշխանությունը: Այն խախտում է մասնագիտական ինչպես նաև մարդկային էթիկայի նվազագույն կանոնները և ոտնահարում  փաստաբանի և առհասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացու արժանապատվությունը` արդյունքում հանգեցնելով հասարակության մեջ արմատավորված նիհիլիստական մտածելակերպի խորացմանը:    

 Ոստի հիմք ընդունելով վերոգրյալը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 8-րդ կետերով ինչպես նաև 106-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դիմում ենք ներկայացնում ՀՀ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին`  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Կորյունի Ափինյանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով կարգապահական վարույթ հարուցելու համար:  

  

Այլեքս փաստաբանական գրասենյակի փաստաբաններ

2012 թ-ի փետրվար

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency