2007 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել «Երեխայի Միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիան: 
Կոնվենցիայի նպատակներից մեկը միջազգային-իրավական համագործակցության միջոցով ծնողներից մեկի կողմից առանց մյուսի համաձայնության, մշտական կամ ժամանակավոր բնակության նպատակով այլ երկիր տեղափոխած երեխային հետ վերադարձնելն է:
Հաագայի կոնվենցիայի մասնակից երկրները ներկայումս 93-ն են, ինչը, այնուամենայնիվ, չի ենթադրում հիշյալ երկրների միջև իրավական համագործակցություն: 
 
Կոնվենցիայի շրջանակներում երկրներին անհրաժեշտ է դասակարգել երկու խմբի. երկրներ, որոնք հանդիսանում են Միջազգային մասնավոր իրավունքի գծով Հաագայի Խորհրդաժողովի անդամներ նրա տասնչորսերորդ նստաշրջանի ընթացքում, և այլ երկրներ: Առաջին խումբ երկրներն ունեն արտոնյալ կարգավիճակ, քանի որ Կոնվենցիային վերջիններիս մասնակցությունը սահմանափակվում է դրա ստորագրմամբ:
Երկրորդ խումբ երկրների դեպքում անհրաժեշտ է մասնակից յուրաքանչյուր երկրի համաձայնությունը, քանի որ Կոնվենցիայի 38-րդ հոդվածի համաձայն՝ Կոնվենցիային երկրի միանալն ուժ ունի միայն այն Պայմանավորվող պետությունների միջև հարաբերություններում, որոնք հայտարարում են այդ միանալու վերաբերյալ իրենց համաձայնությունը: Նման հայտարարություն անում է նաև ցանկացած Մասնակից պետություն, որը Կոնվենցիան վավերացրել, հաստատել կամ ընդունել է նման միանալուց հետո: 
 
Ներկայումս Կոնվենցիան Հայաստանի համար կիրառելի է թվով 41 մասնակիցների հետ հարաբերություններում՝ համագործակցության տիրույթում չներառելով անգամ հարևան Վրաստանի Հանրապետությանը:
 
Ավելին, Կոնվենցիայի կիրառությունը ներկայումս գրեթե անհնարին է անգամ եվրոպական այն երկրների հետ հարաբերություններում, որոնք տվել են Կոնվենցիային Հայաստանի միանալու իրենց համաձայնությունը: 
 
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Եվրոպայի Միության և Շենգենյան գոտում ներառված երկրներին: Թեև դրանք բոլորը վավերացրել են Հաագայի Կոնվենցիան, այնուամենայնիվ մինչ օրս որոշ անդամ-երկրների կողմից Կոնվենցիային Հայաստանի միանալուն համաձայնություն տված չլինելու հանգամանքը  (օրինակ՝ Ավստրիա, Բուլղարիա, Հունաստան, Նիդեռլանդներ և այլն) անհնարին է դարձնում Կոնվենցիայի կիրառումը նաև իրենց համաձայնությունը տված երկրների հետ հարաբերություններում:
 
ԵՄ քաղաքացիություն ունեցող ծնողի համար Մաաստրիխտի Պայմանագիրը (պաշտոնապես՝ Պայմանագիր Եվրոպական Միության մասին), իսկ ԵՄ քաղաքացիություն չունեցող ծնողի համար Շենգենյան համաձայնագիրը ստեղծել են տվյալ գոտում ներառված երկրների սահմաններն ազատորեն հատելու իրավական հիմքերը, ինչն անվերահսկելի է դարձրել համաձայնություն տված երկրից ծնողի տեղաշարժը դեպի համաձայնություն չտված երկիր:
 
Շենգենյան համաձայնագրի կողմ հանդիսացող երկրները, բացառությամբ չորս երկրների, միևնույն ժամանակ անդամակցում են Եվրոպայի Միությանը: Բացառություն կազմող երկրներից՝  Նորվեգիայի, Իսլանդիայի և Շվեյցարիայի հետ հարաբերություններում Կոնվենցիան կիրառելի է, ինչը նշանակում է, որ ԵՄ բոլոր անդամ երկրների կողմից Հայաստանի միանալուն համաձայնություն հայտնելը էապես կնպաստի Կոնվենցիայի կիրառությունը ԵՄ գոտում:
 
Նկատի ունենալով խնդրի կարևորությունը, Հայաստանից դեպի ԵՄ անդամ-երկրներ զգալի հոսքը, Եվրոպայի Միությունում ընդհանուր կանոններով ղեկավարվելու անհրաժեշտությունը՝ ԵՄ խորհուրդը դեռևս 2011 թվականին որոշում ընդունեց (2011/0452 (NLE)) Հաագայի կոնվենցիային Հայաստանի միանալու մասին համաձայնությունը անդամ երկրների կողմից հայտնելու անհրաժեշտության մասին: Որոշումն առաջացրեց մի շարք անդամ-երկրների դժգոհությունը՝ այդ կերպ որոշակիորեն երկարաձգելով խնդրի լուծման՝ առանց այն էլ ժամանակատար գործընթացը:
 
Հաագայի կոնվենցիայի 38-րդ հոդվածի վկայակոչմամբ վերջիններս գտնում են, որ երկրի՝ Կոնվենցիային միանալու վերաբերյալ համաձայնություն հայտնելու իրավունքը վերապահված է Պայմանավորվող պետություններին: Համաձայնություն հայտնելը ենթադրում է Կոնվենցիային միացած և այդ միանալուն համաձայնություն հայտնած երկրների կողմից փոխադարձ իրավունքների և պարտականությունների ստանձնում, ուստի, ըստ վերջիններիս, համաձայնությունը յուրաքանչյուր դեպքում պետք է կրի ինդիվիդուալ բնույթ և արտահայտի տվյալ սուբյեկտների կամքը:
 
Քննարկվող հարցի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաև Եվրոպայի Միության Արդարադատության դատարանը՝  «Եվրոպական Միության գործունեության մասին» պայմանագրի 3-րդ հոդվածի վկայակոչմամբ Եվրոպայի Միության բացառիկ իրավազորությունը դիտարկելով Հաագայի կոնվենցիային Հայաստանի միանալու վերաբերյալ համաձայնություն հայտնելու հարցի որոշումը:
 
Երկարատև գործընթացի հաջորդ քայլը 2015 թվականի փետրվարի 11-ին Եվրոպայի Միության Խորհրդարանի կողմից այս հարցի վերաբերյալ բանաձևի ընդունումն էր:
 
Պետք է նշել, որ 2011 թվականին մեկնարկած այս գործընթացը կարող է տևել անգամ տարիներ, ինչը խոսում է «ծնողական առևանգումներին» նպաստող ներպետական օրենսդրության բացերը վերացնելու անհրաժեշտության մասին:
Խնդրի լուծման համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության պետական սահմանում սահմանային ռեժիմը և պետական սահմանի անցման կետերի ռեժիմը սահմանելու մասին» կառավարության 12.05.2011 թվականի N 735-Ն որոշման մեջ՝ անչափահասի կողմից երկրի պետական սահմանի հատումը հնարավոր համարելով բացառապես բացակա ծնողի համաձայնության, ծնողի մահվան վկայականի, անհայտ բացակայող ճանաչված լինելու վերաբերյալ օրինական ուժ ստացած դատական ակտի կամ երեխայի հոր հայրությունը որոշված չլինելու փաստը հավաստող նշումներով երեխայի ծննդյան վկայականի առկայության դեպքում:
 
«Երեխայի իրավունքների մասին» Կոնվենցիային միանալով՝ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է երեխաների նկատմամբ բոլոր, այդ թվում՝ օրենսդիր մարմնի կողմից իրականացվող գործողություններում (տվյալ դեպքում օրինաստեղծ գործընթացում), երեխայի լավագույն շահերին առաջնահերթ ուշադրություն դարձնելու պարտավորությունը: Ներկայիս իրավական կարգավորումները չեն ապահովում երեխայի լավագույն շահերը, ինչն առաջին հերթին ենթադրում է դեռևս ծննդյան պահից երեխայի մոտ ծագող՝ ծնողներին ճանաչելու, նրանց խնամքն ու հոգածությունը ստանալու Կոնվենցիայով ամրագրված իրավունքի իրականացումը:
 
Հասմիկ Օհնիկյան
«Այլեքս» փաստաբանական գրասենյակ
 
հղումը pastinfo.am

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital