Ծնողի հետ շփման կարգ սահմանելու վերաբերյալ Երեխաների իրավունքներին առնչվող ամենատարածված խնդիրը, թերեւս, երեխայից առանձին ապրող ծնողի հետ նրա անարգել շփման իրավունքի ապահովումն է: Հայաստանի Հանրապետությունը, միանալով Միավորված ազգերի կազմակերպության «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային, ստանձնել է Կոնվենցիայով ճանաչված իրավունքների իրականացմանն ուղղված անհրաժեշտ բոլոր օրենսդրական, վարչական եւ ցանկացած այլ միջոցներ ձեռնարկելու պարտավորությունը (հոդված 4): Նույն Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է ծնողից առանձին ապրող երեխայի՝ ծնողների հետ կանոնավոր անձնական հարաբերություններ եւ ուղղակի կապեր պահպանելու իրավունքը հարգելու մասնակից պետությունների պարտավորությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է երեխայի լավագույն շահերին:

Երեխայի լիարժեք եւ ներդաշնակ զարգացման հարցում կարեւորելով ծնողի հետ շփման անփոխարինելի դերը՝ յուրաքանչյուր երկիր յուրովի է սահմանել երեխայի հիշյալ իրավունքի անարգել իրականացմանը նպաստող մեխանիզմները: Օրինակ, շոտլանդական իրավունքը, ծնողի հետ շփվելու երեխայի իրավունքի իրականացումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, սահմանել է մինչեւ երեխայի 16 տարին լրանալը նրա հետ շփվելու ծնողի պարտականությունը: Տարբեր երկրներում իրականացվող օրենսդրական բարեփոխումներն, այնուամենայնիվ, վկայում են, որ երեխա-ծնող շփման իրավունքի իրականացման խնդրում կարեւորվում է իրավասու մարմինների կողմից դրա իրականացման ապահովմանն ուղղված գործողություններն (շփման կարգի սահմանում, շփման կարգ սահմանող ակտի կատարում եւ այլն) անհապաղ իրականացնելու պարտավորության ամրագրումը: Անհերքելի է, որ հարցի ոչ հրատապ լուծումը կարող է անդառնալի հետեւանքներ առաջացնել երեխայից առանձին ապրող ծնողի եւ երեխայի փոխհարաբերություններում: Խնդիրն այն է, որ անշրջահայաց ծնողների գործողությունների հետեւանքով երեխաների պաշտպանության դժվարին եւ զգայուն գործը վերապահված է պետությանը, որն իր համապատասխան կառույցների միջոցով եւ ընտանեկան կյանքին բացառապես համաչափ միջամտություն ցուցաբերելու պայմանով, յուրաքանչյուր դեպքում կոչված է ապահովել երեխայի լավագույն շահերը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (հետագայում՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով երեխայի հետ նրանից առանձին ապրող ծնողի շփման իրավունքի ապահովման հարցին, բազմիցս նշել է, որ այն հանդիսանում է ՄԻԵԿ 8-րդ հոդվածի իմաստով «ընտանեկան կյանք» եզրույթի հիմնարար տարրը (Scozzari and Giunta v. Italy [GC], nos. 39221/98 and 41963/98, #169, ECHR 2000-VIII, and Monory v. Romania and Hungary, no. 71099/01, #70, 5 April 2005), հետեւաբար նշված իրավունքի իրականացման չապահովումը անխուսափելիորեն հանգեցնում է ՄԻԵԿ 8-րդ հոդվածի խախտմանը: Եվրոպական դատարանը նման գնահատական է տվել նաեւ Միտովներն ընդդեմ Մակեդոնիայի հանրապետության գործով (Mitovi v. The former Yugoslav Republic of Macedonia, 16 April 2015): Կուպպինգերն ընդդեմ Գերմանիայի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վեճը վերաբերում է ծնողի եւ երեխայի փոխհարաբերություններին, առկա է գործի քննությունը հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու հարցում հատուկ ջանքներ գործադրելու դատարանի պարտավորությունը՝ նկատի ունենալով ժամանակի կորստով պայմանավորված վերջիններիս փոխհարաբերություններում հնարավոր բացասական հետեւանքների առաջացման ռիսկը (Case of Kuppinger v Germany, Application no. 41599/09, #45): Հաշվի առնելով ՄԻԵԿ 8-րդ հոդվածի համատեքստում ծնողի հետ երեխայի շփման իրավունքի իրականացումը հրատապ ապահովելու՝ անդամ երկրների պարտականությունը, որոշ երկրներ արդեն իսկ համապատասխանեցրել են իրենց օրենսդրությունը ՄԻԵԿ պահանջներին: Այսպես, Չիլիում ընտանեկան իրավունքին առնչվող բարեփոխումներով առաջարկվում է քննարկվող գործերի քննության համար սահմանել երեսունօրյա ժամկետ: Դեռեւս 2009 թվականի սեպտեմբերից Գերմանիայի Դաշնությունում ծնողի հետ երեխայի շփման պահանջներով գործերի քննությունը կրում է առաջնահերթ բնույթ: Օրենսդիրը սահմանափակել է նաեւ նման գործերի քննության առավելագույն ժամկետը: Համաձայն կատարված օրենսդրական բարեփոխումների՝ ի թիվս երեխայի շահերին առնչվող այլ գործերի՝ ծնողի հետ երեխայի շփման գործերը դատարանների կողմից պետք է քննվեն գործը վարույթ ընդունելու պահից մեկամսյա ժամկետում (Act on Procedure in Family Matters and Non-Contentious Matters, #155): Այս տեսակետից բարեփոխման անհրաժեշտություն ունի հատկապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: Համաձայն ներկայիս իրավակարգավորումների՝ երեխայի իրավունքների պաշտպանության հարցում գլխավոր դերակատարները Խնամակալության եւ հոգաբարձության մարմիններն են: Հիշյալ մարմինները, չնայած իրենց լուծմանը վերապահված գերպատասխանատու խնդիրներին, իրենց վրա դրված լիազորություններն իրականացնում են հասարակական հիմունքներով գործող խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովների միջոցով, իսկ նրանց վերապահված գործառույթներն իրենց բնույթով առավել խորհրդատվական են, դրանց իրականացման մեխանիզմները՝ շատ դեպքերում անարդյունավետ եւ ձեւական: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այլ երկրների համանման մարմինները տիրապետում են երեխաների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության հարցում առավել գործուն մեխանիզմների, ինչը դրսեւորվում է երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործընթացներ նախաձեռնելու եւ որ ամենակարեւորն է՝ նրանց իրավունքներին առնչվող հարցերով որոշումներ կայացնելու իրավասություններով: Ներկայիս իրավակարգավորումներով, Խնամակալության եւ հոգաբարձության մարմիններն իրավասու են պարտավորեցնել ծնողներին (կամ ծնողին) չխանգարելու պապերի, տատերի, եղբայրների, քույրերի եւ այլ մերձավոր ազգականների հետ երեխայի շփմանը, մինչդեռ ծնողի հետ երեխայի շփման իրավունքի իրականացման շուրջ առաջացող խնդրի լուծումը, Խնամակալության եւ հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ, վերապահված է դատարաններին: Հաշվի առնելով Խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշումների կատարման հարցում գոյություն ունեցող օրենսդրական բացերը, պետք է նկատի ունենալ, այնուամենայնիվ, որ գործնականում մերձավոր ազգականները եւս երեխայի հետ շփման հարցի լուծումը իրականացնում են դատական կարգով: Դատական պրակտիկան վկայում է, որ ինչպես օբյեկտիվ (օրինակ՝ դատարանների գերծանրաբեռնվածության, դատավարության բարդեցված ընթացակարգի եւ այլն), այնպես էլ սուբյեկտիվ (օրենքի պահանջների խախտմամբ դատական նիստերն անհարկի հետաձգելու եւ այլն) պատճառներով պայմանավորված գրեթե բոլոր գործերով խախտվում են գործի քննության ողջամիտ ժամկետները, ինչի արդյունքում անդառնալի կերպով տուժում են ծնող-երեխա բնականոն փոխհարաբերությունները: Հաշվի առնելով դատարանների ներկայիս գերծանրաբեռնվածությունը՝ երեխայի լավագույն շահերից է բխում վերջինիս իրավունքների իրականացմանն առնչվող գործերի առաջնահերթ քննության պահանջի օրենսդրական ամրագրումը: Եթե գործերի քննության առավելագույն ժամկետի սահմանումն առանձին դեպքերում կարող է բացասաբար անդրադառնալ դրա բազմակողմանի քննության վրա, ապա երեխաների իրավունքների իրականացմանն ուղղված գործերի քննության առաջնահերթության սկզբունքի սահմանումը մշտապես կբխի երեխայի լավագույն շահերից: Ուշադրության արժանի է նաեւ այն փաստը, որ վեճն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկելու դատավարության կողմի իրավունքի իրականացումը եւս հանգեցնում է առանձին ապրող ծնողի հետ երեխայի շփման իրավունքի իրականացման հետաձգմանը: Թեեւ գործող դատավարության օրենսգիրքը սահմանում է ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերին բացառիկ դեպքերում (եթե դա չանելը անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետեւանքներ կողմի համար) հրապարակման պահից օրինական ուժ հաղորդելու իրավասությունը, այնուամենայնիվ դատական պրակտիկան վկայում է, որ վկայակոչված նորմը քննարկվող հարաբերություններում չի կիրառվում: Ինչպես խնդրի ներկայիս կարգավորումը, այնպես էլ ձեւավորված դատական պրակտիկան չեն ապահովում «Երեխայի իրավունքների մասին» Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված՝ երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում (այդ թվում եւ դատարանների կողմից իրականացվող) երեխայի շահերի առավել ապահովմանն առաջնահերթ ուշադրություն դարձնելու պետության միջազգային պարտականության պատշաճ կատարումը: Երեխայի իրավունքների իրականացմանն առնչվող գործերով դատական ակտին օրինական ուժ հաղորդելու անհրաժեշտությունը քննարկելիս, ուշադրության արժանի է նաեւ այն փաստը, որ պահանջի ներկայացումը ոչ թե իրավունքի ճանաչման, այլ իրավասու մարմինների հետագա աջակցությամբ արդեն իսկ օրենսդրությամբ ամրագրված իրավունքի իրականացման նպատակ է հետապնդում: Երեխայի շահերից առավել կբխեր, եթե օրենսդրությամբ ամրագրվեր նաեւ երեխայի իրավունքների իրականացմանն ուղղված վեճերն ըստ էության լուծող դատական ակտին հրապարակման պահից օրինական ուժ հաղորդելու դատարանների պարտականությունը, ինչը չզրկելով կողմերին օրենքով սահմանված կարգով դատական ակտը բողոքարկելու իրավունքից՝ երեխային եւ նրանից առանձին ապրող ծնողին հնարավորություն կտար դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով անարգել իրականացնել միմյանց հետ շփվելու կարեւորագույն իրավունքը: Այսպիսով, գործող օրենսդրությունը չի ապահովում երեխայի իրավունքների պաշտպանության հարցում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումը եւ անհապաղ վերանայման կարիք ունի:

ՀԱՍՄԻԿ ՕՀՆԻԿՅԱՆ «Այլեքս» փաստաբանական գրասենյակ, փաստաբան «Առավոտ» օրաթերթ 22.05.2015

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/05/23/574269/

©  2015 Առավոտ

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency