Բաժնետիրական է համարվում այն ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի:

Բաժնետոմսեր թողարկելու իրավունք ունեն միայն բաժնետիրական ընկերությունները:

Ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքին, որ եթե մյուս տեսակի տնտեսական ընկերությունների, ընկերակցությունների հետ կապված օգտագործվում է «բաժնեմաս» հասկացությունը, այս դեպքում օգտագործվում է «բաժնետոմս» հասկացությունը:

Բաժնետիրական ընկերությունը կարող է ստեղծվել նաև մեկ անձի կողմից կամ կազմված լինել մեկ անձից` նրա կողմից բոլոր բաժնետոմսերը ձեռք բերելու դեպքում:

Բաժնետիրական ընկերությունների իրավական կարգավիճակը և բաժնետերերի իրավունքներն ու պարտականությունները սահմանված են Քաղաքացիական օրենսգրքով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով:

«Բանկերի և բանկային գործունեության մասդին» օրենքով սահմանված է բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերի իրավական կարգավիճակը:

Բաժնետիրական ընկերություններն ըստ տեսակների լինում են «Բաց բաժնետիրական» և «Փակ բաժնետիրական» ընկերություններ:

Բաց բաժնետիրական է համարվում այն ընկերությունը, որի մասնակիցներն առանց մյուս մասնակիցների համաձայնության կարող են օտարել իրենց պատկանող բաժնետոմսերը:

Ընկերությունն իրավունք ունի իրականացնել իր թողարկած բաժնետոմսերի ազատ վաճառք:

Փակ բաժնետիրական է համարվում այնպիսի ընկերությունը, որի բաժնետոմսերը բախշվում են միայն նրա հիմնադիրի կամ նախապես որոշված այլ անձանց միջև: Նման ընկերությունն իրավունք չունի անցկացնելու իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ սահմանափակ թվով անձանց առաջարկել այլ կերպ ձեռք բերելու դրանք:

Ինչպես ՍՊԸ-ների, այնպես էլ Փակ բաժնետիրական ընկերությունների համար օրենքով սահմանափակվում է բաժնետերերի առավելագույն թիվը: Այն չի կարող անցնել 49-ից:

Փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերն այդ ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք ունեն:

Եթե կանոնադրությամբ նախատեսված ժամկետում բաժնետերերից որևէ մեկը չի օգտվում իր նախապատվության իրավունքից, ապա ընկերությունն իրավունք ունի այդ բաժնետոմսերը ձեռք բերել սեփականատիրոջ հետ համաձայնեցված գնով: Ընկերության կողմից այն ձեռք չբերելու կամ գնի շուրջը համաձայնության չգալու դեպքում, սեփականատերն իրավունք ունի դրանք վաճառել երրորդ անձի:

Փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն անցնում են բաժնետեր քաղաքացու ժառանգներին, կամ բաժնետեր իրավաբանական անձի բաժնետոմսերն անցնում են իրավաբանական անձի իրավահաջորդներին, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ:

Կանոնադրությամբ կարող է բացառվել փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ժառանգաբար փոխանցումը: Այդ դեպքում կիրառվում են բաժնետոմսերի օտարման կանոնները:

Բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալը կազմվում է բաժնետերերի ձեռք բերած բաժնետոմսերի անվանական արժեքից: Կանոնադրական կապիտալը չի կարող պակաս լինել օրենքով նախատեսված չափից, որի նվազագույն չափը սահմանված է բաց բաժնետիրական ընկերության համար` գրանցման պահին գործող նվազագույն աշխատավարձի հազարապատիկից, փակ բաժնետիրական ընկերության համար` հարյուրապատիկից:

Ընկերությունն իրավունք ունի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու կամ նոր, լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով մեծացնել կանոնադրական կապիտալը:

Կանոնադրական կապիտալը նվազեցվում է բաժնետոմսերի անվանական արժեքը փոքրացնելու կամ դրանց մի մասը հետ գնելու միջոցով, բաժնետոմսերի քանակը նվազեցնելու ճանապարհով: Սակայն այդ նվազեցումը օրենքով նախատեսված չափից պակասելու դեպքում ընկերությունը ենթակա է դառնում լուծարման:

Կանոնադրական կապիտալի նվազեցում կարող է կատարվել, եթե այն թույլատրված է կանոնադրությամբ: Այդ դեպքում նվազեցումը կատարվում է բոլոր բաժնետերերին տեղեկացնելուց հետո:

Եթե կանոնադրական կապիտալը նվազեցվում է բաժնետոմսերը հետ գնելու և մարելու միջոցով, ապա պարտատերերն իրավունք ունեն պահանջելու պարտավորությունների վաղակետ կատարում և վնասների հատուցում:

Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը բաժնետերերի ընդհանուր ժողովն է:

Ընկերության գործադիր մարմինը կարող է լինել կոլեգիալ կամ միանձնյա:

50-ից ավելի բաժնետեր ունեցող ընկերությունը ստեղծում է տնօրենների խորհուրդ:

Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը պատկանող իրավասությունները սահմանված են օրենքով: Կանոնադրությամբ, օրենքով նախատեսվածից բացի այլ լիազորություններ նույնպես կարող են համարվել ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունները:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency