Գնման ընթացակարգի տեսակների վերաբերյալ գիտելիքներն անհրաժեշտ են ինչպես դրանք կազմակերպող պատվիրատուներին, այնպես էլ դրանց մասնակցող շահագրգիռ անձանց:
Քանի որ գնման ընթացակարգի տեսակով պայմանավորված տարբեր են ընթացակարգի իրականացման ժամկետները, փուլերը, մասնակիցների շրջանակը, ուստի դրանց վերաբերյալ գիտելիքները շահագրգիրռ անձանց հնարավորություն կտան հավաստիանալ պատվիրատուի կողմից դրանց ճիշտ ընտրության հարցում, իսկ հակառակը հայտնաբերելու դեպքում՝ վիճարկել գնման ընթացակարգի օրինականությունը:գնումների կազմակերպում
Այսպիսով գնում կատարելու ընթացակարգերը հետևյալն են.
1)  մրցույթը.
2)  էլեկտրոնային աճուրդը.
3) գնանշման հարցումը.
4) մեկ անձից գնումը:
Գնումների նախընտրելի ընթացակարգը բաց մրցույթն է: Բաց մրցույթին մասնակցել կարող է ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից:
Այն դեպքում, երբ պատվիրատուն դժվարանում է օրենքի պահանջներին համապատասխան սահմանել գնման առարկայի բնութագիրը և դրանց հստակ սահմանման համար առկա է մասնակիցներին լսելու անհրաժեշտությունը, մրցույթն իրականացվում է երկու փուլով: Մրցույթի առաջին փուլը նախաորակավորման փուլն է, որին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից: Պատվիրատուն հրավեր է ներկայացնում և բանակցությունների է հրավիրում միայն նախաորակավորված մասնակիցներին: Բանակցությունների արդյունքում մշակվում է պատվիրատուի պահանջները բավարարող գնման առարկայի բնութագրերի մեկ կամ ավելի այլընտրանքային տարբերակներ, որի ավարտին պատվիրատուն նախաորակավորված մասնակիցներին տրամադրում է վերջնական հրավեր:
Բացառիկ դեպքերում, երբ գնման գործընթացը պարունակում է պետական գաղտնիք, գնումներն իրականացվում են փակ մրցույթի միջոցով: Այս դեպքում ևս կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից, մինչդեռ հայտ կարող են ներկայացնել միայն պատվիրատուից հրավեր ստացած նախաորակավորված մասնակիցները:
Մրցույթը, որպես գնման հիմնական ընթացակարգ, կախված պատվիրատուից, կարող է իրականացվել փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով: Փաստաթղթային ձևով գնում կատարելու պարագայում մասնակիցները գնման ընթացակարգին մասնակցության հայտերը ներկայացնում են փաստաթղթային տարբերակով՝ փակ ծրարով: Դրանք բացվում և գնահատվում են ընթացակարգի գնահատող հանձնաժողովի կողմից՝ հայտերի բացման նիստում, որին ներկա կարող են լինել նաև մասնակիցները և /կամ/ ներկայացուցիչները: Էլեկտրոնային գնումների պարագայում գնման գործընթացի առաջին փուլը, որը ներառում է մասնակիցների կողմից հայտերի ներակայումը, ինչպես նաև գնահատումը, իրականացվում է  www.armeps.am էլեկտրոնային հարթակի միջոցով: Ներակումս ժամանակների հրամայականը ստիպում է հրաժարվել գնման փաստաթղթային ձևից՝ անցում կատարելով գնման առավել թափանցիկ համարվող էլեկտրոնային եղանակին:

Գնման ընթացակարգի հաջորդ տեսակը Էլեկտրոնային աճուրդն: Այն էլեկտրոնային հարթակի միջոցով մասնակիցների կողմից նվազեցված գների ներկայացման գործընթաց է, որը հնարավորություն է տալիս առանձին գնահատման մեթոդներով (միջոցներով) որոշել հայտեր ներկայացրած մասնակիցների զբաղեցրած տեղերի հաջորդականությունը: էլեկտրոնային հարթակում նախապես գրանցված և էլեկտրոնային աճուրդին մասնակցել ցանկացող մասնակիցները, հրավերով սահմանված ժամկետներում նախ ներկայացնում են մասնակցության հայտ, ապա՝ հնարավորություն ունենում մասնակցել աճուրդին, այն է՝ գների նվազեցման գործընթացին, ինչը կարող է իրականացվել մի շարք հաջորդական փուլերով:
Գնման վերջին երկու ընթացակարգերը՝ գնանշման հարցումն ու մեկ անձից գնումը, համարվում են ըստ էության ոչ մրցութային ընթացակարգեր:
Մեկ անձից գնման ընթացակարգը կիրառվում է խիստ սահմանափակ դեպքերում: Որպես կանոն գնման այս ընթացակարգին պատվիրատուները դիմում են այն դեքպում, երբ մրցութային ընթացակարգերի կիրառումն ըստ էության լինելու ինքնանպատակ է, կամ դրանց կիրառումը ժամկետի առումով անհնարին է:
Գնանշման հարցումը պատվիրատուի կողմից ձեռք բերվելիք գնման առարկայի վերաբերյալ շուկայում առկա գների ճշտումն է: Գնման այս ընթացակարգին պատվիրատուները կարող են բացառապես դիմել այն դեպքում, երբ գնման առարկան ներառված չէ էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկում, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում՝  փակ պարբերական մրցույթով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակում:
Հայաստանյան բիզնես –ոլորտում լայնորեն կիրառվում է «տենդեր» եզրույթը՝ շատերի թյուր ընկալումներով որպես գնման առանձին ընթացակարգ: Այս առումով պետք է փաստել, եզրույթը ծագել է անգլերեն tender բառից, ինչը թարգմանաբար նշանակում է «առաջարկ»: Տերմինն առաջին անգամ կիրառվել է «Ապրանքների /աշխատանքների/ և ծառայությունների գնման» տիպային կարգավորմամբ՝ ընդունված միջազգային առևտրի ոլորտում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կարևորագույն մարմնի՝ ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի ( United Nations Commission on International Trade Law (UNCITRAL) կողմից 1994 թվականին:
Չունենալով ըստ էության իրավական բնորոշում, եզրույթը բազմաթիվ երկրներում ստացել է տարածական ընկալում և գործնականում օգտագործվում է որպես մրցութային և ոչ մրութային տարատեսակ գնման ընթացակարգերի հոմանիշ:
Վերջում հավելենք, որ գնման յուրաքանչյուր ընթացակարգ ունի բնորոշ առանձնահատկություններ, որոնց մասին իրազեկվածությունը գնման ընթացակարգին անսխալ մասնակցության նախապայմանն է:

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency