Գնումների գործընթացը կարգավորող օրենսդրությունը սահմանում է այն սուբյեկտների կազմը, որոնք իրենց գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքներն ու ծառայությունները ձեռք են բերում բացառապես գնման ընթացակարգերի կազմակերպման արդյունքում:
Գնումների ծավալով, գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բնույթով պայմանավորված օրենսդիրը տարբերակել է գնման մի քանի ընթացակարգեր՝ յուրաքանչյուրին բնորոշ առանձնահատկություններով: Միմյանցից տարբերվող գնման ընթացակարգերին, այնուամենայնիվ, միավորում է դրանց կազմակերպման ընդհանուր նպատակը. գնման առարկան պետք է ձեռք բերվի համարժեք հատուցմամբ:
Գնման առարկան համարժեք հատուցմամբ ձեռք բերելու նպատակը կլիներ ձևական, եթե դրան հասնելուն ուղղված ընթացակարգերի կազմակերպումը չլիներ տնտեսող, արդյունավետ և օգտավետ:  Նշված նպատակներին հասնելուն էլ ծառայում են ոլորտի իրավական կարգավորումները՝ հիմքում դնելով գնման ընթացակարգերին մասնակցության հավասարության, դրանք միասնական կանոններով, մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական կազմակերպելու հիմնարար սկզբունքները:
Գնման ընթացակարգի թափանցիկությունը և հրապարակայնությունը երաշխավորվում է գնմանը վերաբերող փաստաթղթերը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու պահանջով և մի շարք այլ մեխանիզմներով: Գնման ընթացակարգերը մրցակցային, միասնական, ոչ խտրական կանոններով կազմակերպումը և բոլորի համար մասնակցության հավասար հնարավորությունը, ի թիվս այլ իրավական մեխանիզմների, երաշխավորում է գնման ընթացակարգի տեսակները և դրանց մասնակցությունը սահմանափակող արգելքները սպառիչ սահմանելու օրենսդրական պահանջով:
Գնումների գործընթացի կարգավորումների նպատակն ու գնման գործընթացի սկզբունքներն ունեն գործնական կարևոր նշանակություն: Պատվիրատուների կողմից կազմակերպվող գնման ընթացակարգերը ոչ միայն պետք է առերևույթ համապատասխանեն գնումների մասին գործող օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին, այլև ելնեն սկզբունքներից և ապահովեն իրավակարգավորումներով հետապնդվող նպատակների իրագործումը:
Օրինակ, օրենսդրության ընթացակարգային պահանջներին առերևույթ համապատասխանող գնման ընթացակարգը չի կարող լինեն օրինական, եթե գնման առարկայի նեղ նկարագրության արդյունքում Պատվիրատուն սահմանափակել է հնարավոր մասնակիցների մասնակցությունը, խախտել մրցակցային և ոչ խտրական հիմունքներով գնումների գործընթացի կազմակերպման կարևորագույն սկզբունքը:
Այսպիսով, երբ գնման ընթացակարգի կոնկրետ դրվագում առկա է դրա կազմակերպման պատասխանատուների հայեցողությունը, վերջիններիս գործողությունների իրավաչափությունը գնահատվում է ելնելով գնումների ոլորտում ամրագրված սկզբունքների տառացի մեկնաբանությունից:

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital