Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 25 մայիսի 2017 թ. ՍԴՈ-1371 որոշմամբ անդրադարձել է օրենսգրքի և օրենքի միջև առկա հակասություններին:

Մասնավորապես քաղաքացու բողոքը հանգել է հետևյալին. ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված չէ կտակի փոփոխությունը նույն նոտարի կողմից կատարելու պահանջ, մինչդեռ Նոտարիատի մասին օրենքում առկա կարգավորումը նախատեսում է կտակի փոփոխման, վերացման կամ լրացման հետ կապված   համապատասխան դիմումը կոնկրետ նոտարի, այն է` հիմնական կտակը վավերացրած նոտարի կողմից վավերացվելու պահանջ:
Վերաքննիչ դատարանը հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը իրավաչափ էր համարել այլ նոտարի կողմից կտակի վավերացումը, թեև Նոտարիատի մասին օրենքով սահմանված է այլ կարգավորում:
Այնուհանդերձ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ իրավակիրառական պրակտիկայում օրենսգրքի և օրենքի հակասության դեպքում նախապատվությունը տրվում է օրենսգրքին: Այսինքն` հաշվի առնելով նշված նորմերը, ինչպես նաև "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի պահանջները, օրենսդրորեն կարգավորված է դիտարկվող իրավական ակտերի միջև առկա հակասության հաղթահարումը, որպիսի հանգամանքը բացառում է խնդրո առարկա հարցում որևէ իրավական անորոշություն: Անձը կարող է իր վարքագիծը համապատասխանեցնել իրավական նորմերի պահանջներին` հիմք ընդունելով իրավական ակտերի միջև առկա հակասության հաղթահարման` վերոնշյալ օրենսդրական կառուցակարգը: