Օրերս ստացա ՀՀ վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/3989/05/02 վարչական գործով 2013թ.-ի ապրիլի 15-ին կայացված վճիռը, որում ամրագրված «նորարական» մոտեցումները, կարծում եմ, կզարմացնեն վարչական դատավարությանը քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր մասնագետի.    

Նախ նշենք, որ քննարկվող գործով պատասխանող` ՀՀ հատուկ քննչական ծառայությանը պահանջ էր առաջադրվել (Գործողության կատարման հայցով) տրամադրել ծառայության կողմից նախապատրաստված թիվ 18-45 Ն/12 քրեական գործի (մերժված) նյութերի պատճենները: Դատարանում գործի քննության ընթացքում` ընկալելով պահանջի էությունը պատասխանող կողմն, ըստ էության, չներկայացրեց որևէ ողջամիտ հակափաստարկ` փոխարենն ամեն կերպ ձգտելով խուսափել պարտավորեցման հայցից շաբաթներ շարունակ փորձում էր հայցվոր կողմին փոխանցել փաստաթղթեր` ենթադրաբար հայցով առաջադրված պահանջը կատարելու նպատակով:

Հայցվոր կողմը բացառապես օգտվելով իր իրավունքներից` չընդունեց ՀՔԾ-ի կողմից «անակնկալ սրտաբացությամբ» ավելի քան չորս ամիս ուշացմամբ տրամադրվող փաստաթղթերը` նախընտրելով դրանք ձեռք բերել գործն ըստ էության լուծող դատական ակտի հիման վրա:  

Սակայն դատարանը գտնելով, որ տվյալ գործով ներկայացված պահանջը պատասխանողի կողմից կատարված է` վճռեց առաջադրված պահանջն առարկայազուրկ համարել և ներկայացված հայցը մերժել:

Առաջին հայացքից միանգամայն օրինաչափ թվացող այդ գնահատականն, այդուհանդերձ առաջացնում է հարցադրումներ պայմանավորված հետևյալ հանգամանքներով.

Նախ և առաջ` դատարանը, «պատշաճ շրջահայացություն» դրսևորելով և ամենայն հավանականությամբ հասկանալով, որ զուտ ՀՔԾ-ի կողմից հայցվորին ծրար ուղարկված լինելու հանգամանքը ինքնին բավարար չէ հայցն առարկայազուրկ համարելու համար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «միայն իրեն հայտնի» իրավական նորմերով ղեկավարվելով որոշեց դատաքննության փուլում ընդունել պատասխանողի ներկայացրած փաստաթղթերը, և ավելին վճռով ամրագրել, որ հայցվորի կողմից պահանջվող նյութերի պատճենները դեպոնացվել են դատարանում` հայցվորին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու դրանց և ստանալ դրանց պատճենները։

Փաստորեն ստացվում է, որ կայացված վճռով դատարանը փաստաթղթերի դեպոնացման դատավարական ինստիտուտին միանգամայն նոր կիրառելիություն է նախատեսել` ի պահ ընդունելով վեճի առարկա փաստաթղթերը: Ստացվում է, որ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով 73.-րդ և 77.-րդ հոդվածներով նախատեսվում է բացառապես հայցադիմումին կից ներկայացվող ծավալուն փաստաթղթերի դեպոնացման գործընթաց: Ակնհայտ եմ համարում, որ նախ պահանջվող փաստաթղթերը դատաքննության ընթացքում ընդունելով դրանք դեպոնացնելով և հետագայում նշված հանգամանքը հայցի մերժման հիմք համարելով, դատարանը դուրս է եկել իր իրավասության սահմաններից և թուլ է տվել դատավարական նորմերի խախտում:

Բացի այդ ուշագրավ եմ համարում նաև դատարանի կողմից հայցն առարկայազուրկ լինելու գաղափարը: Հիշեցնեմ, որ «առարկայազուրկ» եզրույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում առհասարակ բացակայում է, հետևաբար անհասկանալի է թե ինչ չափանիշներով է դատարանն առաջնորդվել հայցն առարկայազուրկ համարելիս մի պարագայում, երբ վճռի կայացման պահին հայցով առաջադրված պահանջը փաստացի կատարված չէի եղել:

Ակամայից ստեղծվում է տպավորությունն, որ դատարանը իր նման գործողություններով նպատակ է հետապնդել ստեղծել այն փաստական հիմքը, որն անհրաժեշտ և բավարար կլինի ներկայացված հայցադիմումը մերժելու համար:

Իսկ թե արդյոք վերոշարադրյալ հիմքերը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը բավարար կհամարի վճիռը բեկանելու համար կարող է ցույց տալ միայն ժամանակը…

Փաստաբան

Արամ Վարուժանի Խաչատրյան

«ԱՅԼԵՔՍ» ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital