Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասում կատարված փոփոխությունը կամ   տուգանք հարկադրված կանգառի դեպքում.

Եթե մինչ այժմ տրանսպորտային միջոց վարելիս` պայմանավորված տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությամբ կամ վարորդի   առողջական վիճակի անհրաժեշտությամբ, հնարավոր էր կանգառ կատարել, թեկուզև օրենսդրությամբ չթույլատրված վայրում և դա օրենքի իմաստով խախտում չէր համարվում, ապա այսօր արդեն նման հնարավորությունը բացակայում է.

Ամեն ինչ սկսվեց մի դատական գործից, երբ քաղաքացի Արման Մարտիրոսյանը դիմելով վարչական դատարան պահանջել էր վերացնել ՀՀ ոստիկանության "Ճանապարհային ոստիկանություն" ծառայության (այսուհետ` Ծառայություն)   որոշումը:
Ծառայության այդ որոշման համաձայն` քաղաքացին իր  ավտոմեքենայով   խախտել է կանգառ կատարելու կանոնները, որի արդյունքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն, տուգանվել է 5.000 ՀՀ դրամի չափով:

Քաղաքացին դիմել էր դատարան, սակայն վարչական դատարանը հայցը մերժել էր: Այնուհետ վարչական վերաքննիչ դատարանի  որոշմամբ քաղաքացու վերաքննիչ բողոքը բավարարվել էր և վարչական դատարանի վճիռը բեկանվել և փոփոխվել` հայցը բավարարվել:
 Սակայն  վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը: Հերթական դեպքն է, երբ վարչական մարմինը վճռաբեկ բողոք է ներկայացնում քաղաքացու դեմ, կարծես մոռանալով իր հիմնական գործառույթների մասին և  թվում է, թե դատական ակտերը բողոքարկելը որոշ վարչական մարմինների համար հիմնական գործառույթ է դարձել:
Սակայն այս անգամ, վճռաբեկ դատարանը, թեև վարույթ է ընդունում Ծառայության վճռաբեկ բողոքը, սակայն մերժում է այն՝ հիմնավորելով, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն կանգառ կատարելը չի կարող խախտում համարվել, եթե այն կապված  է տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական անհրաժեշտությամբ, որպիսի փաստը պետք է պարզվի նախապես և քանի որ դա հնարավոր չէ պարզել տեսանկարահանող սարքերի միջոցով, ուստի և խախտումը բացակայում է: Այսինքն` խնդիրը Օրենքի մեջ է և այս պայմաններում արձանագրված կանգառը խախտում համարել չի կարելի:
Մեջբերում վճռաբեկ դատարանի որոշումից
«Վերոգրյալ իրավակարգավորումից հետեւում է, որ օրենսդիրը տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի եւ (կամ) կայանման կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվություն նախատեսել է միայն այն դեպքերում, երբ կանգառի եւ (կամ) կայանման կանոնների խախտումով կանգառ կամ կայանում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված չէ`
  1. տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հետ, կամ
  2. վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ:
Այլ կերպ ասած` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման դեպքի (զանցանքի) առկայության համար անհրաժեշտ է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի եւ (կամ) կայանման կանոնները խախտելու, ինչպես նաեւ կանգառի եւ (կամ) կայանման կանոնի խախտելը տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ կապված չլինելու փաստերի միաժամանակյա առկայությունը:» 
Այսինքն, քանի դեռ օրենսգրքում կանգառի վերաբերյալ առկա է այդպիսի ձևակերպում, ապա տեսանկարահանող սարքի միջոցով արձանագրված կանգառը չթույլատրված վայրում, կամ կայանման կանոնները խախտելը չի կարող առաջացնել վարչական պատասխանատվություն:
Վճռաբեկ դատարանի այս որոշումը փաստում է, որ բոլոր այն անձինք, ովքեր տուգանվել ել կանգառ կամ կայանում կատարելու համար փաստացի ապօրինի տուգանքի են ենթարկվել, եթե այդ կանգառները արձանագրված են եղել տեսանկարահանող կամ լուսանկարող սարքերով:
Տարիներ շարունակ քաղաքացիները Ճանապարհային ոստիկանությունից ստացել են այդ սարքերի կողմից արձանագրված կանգառ կամ կայանում  կատարելու վերաբերյալ ապօրինի որոշումներ` առանց պարզելու այդ ''իրավախախտումներում '' մեղքի առկայության հանգամանքը, մինչդեռ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում ... մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Սակայն այս որոշումը ընդունելուց հետո, անասելի արագությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարվում է փոփոխություն և 124-րդ հոդվածի 21-րդ մասից հանվում է « եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ» բառերը.
Օրենքի փոփոխությունն ընդունվել է 21.12.2015թ-ին Ուժի մեջ մտնել 11.01.2016:


Մինչև 11.01.2016 թ-ը
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի եւ (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

 11.01.2016 թ-ից առ այսօր
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն` Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Պատասխանատվության չափը մնացել է նույն ` 5000 ՀՀ դրամ, սակայն հանվել է «եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ» բառերը: Այսինքն` որպեսզի տուգանքի որոշում կայացվի այլևս անհրաժեշտ չէ պարզելու կանգառ կատարելու դրդապատճառը՝ հարկադրված կանգառ կատարելը: Հատկանշական է, որ ՃԵԿ-ում պահպանվել է հարկադրված կանգառ կատարելու վերաբերյալ կարգավորումները, սակայն փաստորեն դրա համար պատասխանատվության չենթարկվելու  հիմքն արհեստականորեն հանվել է ՎԻՎ օրենսգրքից: Ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ կառավարության որոշմամբ սահմանված է հարկադրված կանգառ կատարելու համար անհրաժեշտ գործողությունների հաջորդականությունը, սակայն մեկ այլ օրենքով բացակայում է այդ դեպքում վարչական պատասխատավության չենթարկելու իրավական հիմքը:
Պատասխանատվության ենթարկելու հիմքը մնացել է նույնը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկըե հաստատելու մասին 28 հունիսի 2007 թվականի N 955-Ն որոշման 80-րդ կետի խախտումը ՛՛ Տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով` բացառությամբ այն տեղերի (երթևեկելի մասի տեղային լայնացում), որտեղ գծանշմամբ թույլատրված են տրանսպորտային միջոցների դասավորման այլ ձևեր:  :՛՛ և կանոնների 84 կետով նախատեսված կանգառ կատարելու սահմանափակումներից որևէ մեկը չպահպանելը (պետք է հստակ հղում պարունակի 84 հոդվածով սահմանված կոնկրետ խախտմանը):
Նույն որոշման 83 կետի համաձայն կանգառն արգելված վայրում հարկադրված կանգառ կատարելու դեպքում կանոնների 22-րդ և 23-րդ կետերի պահանջները կատարելուց հետո վարորդը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` տրանսպորտային միջոցն այդ վայրից դուրս բերելու համար (Վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի և Վթարային լուսային ազդանշանը միացնելուց հետո (ինչպես նաև, երբ այն անսարք է կամ բացակայում է) անհապաղ պետք է տեղադրվի «Վթարային կանգառ»ճանաչման նշանը (թարթող կարմիր լապտերիկ)`
1) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում.
2) կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում, ինչպես նաև այն տեղերում, որտեղ, ելնելով տեսանելիության պայմաններից, տրանսպորտային միջոցը չի կարող ժամանակին նկատվել այլ վարորդների կողմից: Այս պահանջը կատարելուց հետո վարորդը պետք է կատարի կանոնների 83-րդ կետի պահանջները:
Ելնելով վարորդներին ժամանակին զգուշացնելու անհրաժեշտությունից` «Վթարային կանգառե նշանը (թարթող կարմիր լապտերիկ) տեղադրվում է բնակավայրերում` տրանսպորտային միջոցից ոչ պակաս 15 մ, իսկ բնակավայրերից դուրս` 30 մ հեռավորության վրա: 

Միաժամանակ ՎԻՎՕ-ում նույն փոփոխությամբ կատարվել է լրացում և նույն հոդվածում ավելացվել է 34 մասը, ըստ որի, եթե սույն … 21-րդ, 25-րդ (միայն կանգառ կատարելու մասով) կամ 30-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումը, սույն հոդվածին համապատասխան, ունի նվազ նշանակություն, ապա անձը համարվում է նախազգուշացված, և լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական պատասխանատվության միջոց չի կիրառում:
Նույն հոդվածում ավելացվել է նաև 39 մասը, որտեղ սահմանվել է ‘’նվազ նշանակություն’’ հասկացությունը
 ՎԻՎՕ 124 հոդվածի մաս 39.  Սույն հոդվածի 21-րդ և 25-րդ մասերով (միայն կանգառ կատարելու մասով) նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով, չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել:
Այսինքն` նախկին կարգավորմամբ նախատեսված անձի առողջական վիճակով կամ տրանսպորտային միջոցի անսարքությամբ պայմանավորված կանգառը  փոխարինվել է միայն ուղևորներ նստելով կամ իջնելով: Այս ձևակերպումը, թվում է նախատեսված է հիմնականում տաքսիների համար և այս տեսքն ունի այն պատճառով, որ հնարավորություն է տալիս կատարվող գործողությունը (ուղևոր նստել կամ իջնելը) վերահսկել տեսանկարահանող սարքով և ենթարկել վարչական պատասխանատվության բոլոր այլ դեպքերում կամ նույն դեպքով, եթե դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ է ստեղծվում: Հասկանալի է, որ այդ հնարավորությունը նախկինում բացակայում էր, քանի որ անձի առողջական վիճակը հնարավոր չէր պարզել տեսանկարահանող սարքի միջոցով, ուստի և փաստացի անձի առողջական վիճակին տրվում է երկրորդական նշանակություն, քանի որ այն հնարավոր չէ ֆիքսել տեսանկարահանող սարքով և 5000 դրամով տուգանելու պոտենցիալ  հնարավորությունը կորում է:
Բացի այն որ նոր փոփոխությունները չեն փոխարինում օրինակ անձի առողջությամբ պայմանավորված կանգառ կատարելու անհրաժեշտության դեպքում պատասխանատվության չենթարկվելու հնարավորությանը, այլև իրենցով առաջացնում են բազմաթիվ հարցեր և զերծ չեն կարող լինել սուբյեկտիվ մեկնաբանություններից:
Ակնհայտ է, որ կատարված փոփոխությունը բացառապես նպատակ է ունեցել պայմաններ ստեղծելու, որպեսզի տեսանկարահանող սարքերի միջոցով շարունակվի քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը ենթադրյալ ‘’նվազ նշանակություն’’ չունենալու հիմնավորմամբ՝ անտեսելով օբյեկտիվորեն այդ կանգառի պատճառ հանդիսացող ավելի կարևոր պայմանները և փոխելով դրանք:
Ստացվում է, որ եթե անձը տրանսպորտային միջոցի անսարքությամբ պայմանավորած կանգառ է կատարում, ապա այն օրենքի իմաստով այլևս չունի նվազ նշանակություն և այն այսուհետ վարչական պատասխանատվության ենթարկելու ֆորմալ պատճառ է հանդիսանում` հաշվի չառնելով մեղքի բացակայությունը: Տրամաբանական է, որ եթե կանգառը կատարվել է պայմանավորված տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությամբ, ապա այդ դեպքում բացակայում են այդ կանգառը նվազ նշանակության խախտում դարձնող օրենքի նոր փոփոխությամբ նախատեսված բոլոր հիմքերը` ուղևորների նստելու կամ իջնելու նպատակը, մեկ րոպե ժամանակահատվածը չգերազանցելը և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ չստեղծելը. Դեռ ավելին, եթե կանգառը պայմանավորված է հենց տրանսպորտային միջոցի անսարքությամբ , ավելի հավանական է , որ դա կտևի մեկ րոպեից ավել և կստեղծի խոչընդոտ երթևեկության մյուս մասնակիցների համար, իսկ թե դա ակնհայտ վտանգ է թե ոչ ակնհայտ` խիստ վիճելի հարց է: Նույն օրինակը կարելի է բերել նաև անձի առողջական վիճակով պայմանավորված կանգառ կատարելու դեպքում: Որպեսզի արարքը  համարվի ’նվազ նշանակություն՛՛ ունեցող` չառաջացնելով վարչական պատասխանատվություն, անհրաժեշտ է բոլոր նշված հիմքերի միաժամանակյա առկայությունը` չտուգանվելու հնարավորությունը հասցնելով գրեթե նվազագույնի:
Ինչևէ,  վթարային կանգառ կատարելու անհրաժեշտության դեպքում պետք է միացնել համապատասխան ազդանշանը , ձեռնարկել ՃԵԿ կանոնների 22-րդ և 23-րդ կետերի պահանջները և հուսալ , որ թեև բացակայում է պատասխանատվության չենթարկելու իրավական հիմքը, «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊ ընկերության աշխատակիցը  խախտելով ՎԻՎ օրենսգրքի 124 հոդվածի 21 մասը չի տեսանկարահանի հարկադրված կանգառը: Կամ թե տեսանկարահանող սարքը օգտագործող մասնավոր ընկերության աշխատակիցն ինչպես է որոշելու «դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու « ակնհայտ վտանգ » առաջացնելու հարցը, պարզ կդառնա օրենքի գործողության ընթացքում:

 

Փաստաբան՝ Շ. Փեթակչյան