Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2011թ.-ի
փետրվարի 10-ին ժամը 14:00-ին ԵԿԴ/1096/02/11 քաղաքացիական գործով նշանակված է եղել
վճռի հրապարակում: Փաստաբան Արամ Վարուժանի Խաչատրյանը, հանդիսանալով գործով հայցվոր
Սուսան Բարսեղյանի լիազորված անձը` 2011թ.-ի փետրվարի 10-ին ժամը 13:50-ին ժամանելով
դատարան` սպասել է մոտ 15 րոպե, ապա մոտենալով դատական կարգադրիչներին` խնդրել` ներքին
հեռախոսակապով միացնել պարոն Ափինյանի ընդունարան, որտեղից նրան հայտնել են, որ «…դատավորը
հիմա իջնելու է…»: Սպասելով ևս 50 րոպե` փաստաբանը կրկին անգամ մոտեցել է դատական կարգադրիչներին
և այս անգամ, ներքին հեռախոսակապով միանալով պարոն Ափինյանի ընդունարան, հայտնել , որ
55 րոպե սպասելուց հետո հեռանում է, միաժամանակ խնդրելով ընդունել ի գիտություն, որ
տեղի ունեղածի վերաբերյալ հայտնելու է ըստ իրավասության:
Գտնում ենք, որ նման անկարգապահ գործելակերպը և անհարգալից վերաբերմունքը հարիր չէ Դատավորին,
որն իր կեցվածքով և վարքագծով պետք է խորհրդանշի դատական իշխանությունը: Այն խախտում
է մասնագիտական ինչպես նաև մարդկային էթիկայի նվազագույն կանոնները և ոտնահարում փաստաբանի
և առհասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացու արժանապատվությունը` արդյունքում հանգեցնելով
հասարակության մեջ արմատավորված նիհիլիստական մտածելակերպի խորացմանը:
Ոստի հիմք ընդունելով վերոգրյալը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի
1-ին մասի 5-րդ և 8-րդ կետերով ինչպես նաև 106-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դիմում
ենք ներկայացնում ՀՀ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին` Կենտրոն
և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Կորյունի
Ափինյանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով կարգապահական վարույթ հարուցելու
համար:
Այլեքս փաստաբանական գրասենյակի փաստաբաններ