«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր
ամսվա կենսաթոշակը վճարվում է հաջորդ ամսվա ընթացքում՝ ըստ Հայաստանի Հանրապետությունում
կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրի:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն
օրենքով սահմանված տարիքային ապահովագրական կենսաթոշակի իրավունք չունեցող անձին 65
տարին լրանալու դեպքում նշանակվում է ծերության սոցիալական կենսաթոշակ:
Այսինքն, տարիքային ապահովագրական կենսաթոշակի իրավունքի բացակայությունը և անձի՝ 65
տարին լրացած լինելն այն իրավաբանական փաստերն են, որոնց առկայության պայմաններում անձի
մոտ ծագում է ծերության կենսաթոշակի իրավունք, այսինքն՝ իրեն հասանելիք կենսաթոշակի
գումարի նկատմամբ սեփականության իրավունք:
Նման դիրքորոշում է արտահայտվել նաև ՀՀ սահմանադրական դատարանի 04.10.2006 թվականի թիվ
649 որոշմամբ, որի VII կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ կենսաթոշակը, ինչպես նաև աշխատավարձը
քաղաքացու վաստակած միջոցներն են և նրա սեփականությունը:
Կենսաթոշակի վճարումը սեփականատիրոջը սեփականությունը փոխանցելու միջոց է: Կենսաթոշակը
սոցիալական ապահովության միջոց լինելով հանդերձ կենսաթոշակառուի սեփականությունն է:
Հետևաբար, անհրաժեշտություն է ծագում դիտարկել Պայմանագրի վիճարկվող դրույթները նաև
Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածների պահանջներից ելնելով, որոնցից առաջինը հռչակում
է սեփականության իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը, իսկ երկրորդը հռչակում է անձին
սեփականությունից զրկելու անթույլատրելիությունը:
Այս հարցի վերաբերյալ նույնպիսի դիրքորոշում ունի նաև Եվրոպական դատարանը: Այսպես, Եվրոպական
դատարանն անդրադառնալով վերոհիշյալ խնդրին արտահայտել է հետևյալ տեսակետը. Մարդու իրավունքների
և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա)
1-ին արձանագրության 1-ին հոդվածի առաջին մասում նախատեսված «սեփականություն» հասկացությունն
ունի ինքնուրույն նշանակություն, որը չի հանգեցվում ֆիզիկական իրերի նկատմամբ սեփականության
իրավունքին և որը կախված չէ ներպետական իրավունքի ձևական որակումներով: Գույքային մի
շարք իրավունքներ և շահեր նույնպես կարող են դիտարկվել որպես «սեփականության իրավունք»
(տե՜ս Բեյելերն ընդդեմ Իտալիայի գործով Դատարանի 05.01.2000 թվականի վճռի 100-րդ կետը):
Մեկ այլ գործով Եվրոպական դատարանը նշել է, որ գործող օրենսդրությամբ սահմանված չափով
նպաստ ստանալու իրավունքը, Կոնվենցիայի 1-ին արձանագրության առաջին հոդվածի իմաստով
հանդիսանում է գույքային իրավունք (տե՜ս Գայգուսուզն ընդդեմ Ավստրիայի գործով Դատարանի
31.08.1996 թվականի վճռի 41-րդ կետը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի
1-ին մասը պետք է մեկնաբանել վերոշարադրյալի լույսի ներքո, այսինքն, ոչ թե որպես կենսաթոշակառուի՝
յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը կոնկրետ որոշակի ժամկետում ստանալու իրավունք, այլ
որպես իրավասու պետական մարմնի՝ ոչ ուշ քան մինչև տվյալ ժամկետի ավարտը կենսաթոշակի
գումարը թոշակառուին վճարելու պարտականություն: