Ինչո՞ւ հիվանդին ճանաչել անգործունակ

Հոգեկան խանգարումները հաճախ զրկում են անձին սեփական գործողությունների նշանակությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու ունակությունից: Կարևոր է, որ նման դժվարին իրավիճակում հայտնված հիվանդի հարազատները, գիտակցեն հիվանդի բուժումը կազմակերպելուն զուգընթաց` նրան անգործունակ ճանաչելու անհրաժեշտությունը:

Անձին անգործունակ ճանաչելն այն գործընթացն է, որն ուղղված է չափահասությամբ պայմանավորված վերջինիս մոտ ծագած ինքնուրույնաբար գործարքներ կնքելու, իրավունքներ ձեռքբերելու և պարտականություններ ստանձնելու ունակությունը ժամանակավորապես դադարեցնելուն:

Նման անհրաժեշտությունը հատկապես առաջանում է այն դեպքում, երբ հիվանդը հանդիսանում է որևէ արժեքավոր գույքի սեփականատերը, և առկա է մտավախություն, որ իրեն պատկանող գույքը կամ դրա մասը տնօրինելու /վաճառելու, նվիրելու, փոխանակելու/ իրավունքից վերջինս կարող է օգտվել անգիտակցաբար՝ չընկալելով գործարքի կնքմամբ առաջացող իրավական հետևանքները:

Այսպիսով, օրենսդիրը, նպատակ ունենալով հնարավորինս պաշտպանել սեփական գործողությունների էությունը չգիտակցող կամ դրանք կառավարել չկարողացող քաղաքացիների գույքային շահերը, նախատեսել է որոշակի օրենսդրական մեխանիզմներ, որոնց շարքում է անգործունակ ճանաչելու իրավական հնարավորությունը:

Ինչպես հայտնի է՝ գործող օրենսդրությամբ անշարժ գույքի օտարում նախատեսող գործարքները կնքվում են նոտարական վավերացմամբ: Որպես սեփական գործողությունները գիտակցել չկարողացող քաղաքացիների շահերի պաշտպանության ինքնուրույն մեխանիզմ, օրենսդիրը սահմանել է նոտարի պարտավորությունը գործարքը վավերացնելիս ստուգել գործարքի կողմերի գործունակությունը: Որպես կանոն, գործունակության ստուգումը տեղի է ունենում անձնագրի միջոցով անձի տարիքը ստուգելու և վերջիններիս հետ կարճատև զրույց վարելու միջոցով, ինչի արդյունքում մեծ է հավանականությունը, որ գործարք կնքողի մոտ սեփական գործողությունները չգիտակցելու հանգամանքը պարզապես աննկատ մնա գործարքը վավերացնող նոտարի կողմից: Բացի այդ, շարժական գույքի օտարման գործարքները գործող օրենսդրությամբ չեն պահանջում նոտարական հաստատում, ինչը փաստում է, որ օրինակ մեծարժեք շարժական գույքը /զարդեր, տրանսպորտային միջոցներ/, կարող են հեշտությամբ օտարվել հիվանդի կողմից:

Հիշյալ հանգամանքներով է պայմանավորված դատարաններում քննվող գործերի զգալի ծավալը, որոնցով փորձ է արվում վերադարձնել հիվանդի կողմից կնքված գործարքի արդյունքում օտարված գույքը: Սա այն դեպքում, երբ գույքի վերադարձը գործնականում կլիներ հավանական, եթե ժամանակին հիվանդի շահերով անհանգստացած անձը միջոցներ ձեռնարկած լիներ վերջինիս գործունակությունը դադարեցնելու հարցում:

Այսպիսով, նման հիվանդների գույքային շահերը երաշխավորող կարևորագույն նորմն ամրագրված է գործող քաղաքացիական օրենսգրքի 307-րդ հոդվածով, որի առաջին մասը հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքները ճանաչում է առոչինչ: Ավելին, օրենքն ամրագրում է գործարքի կողմին բնեղենով, իսկ դրա անհնարինության դեպքում նաև՝ դրա արժեքով գործարքի կնքմամբ ստացվածը վերադարձնել գույքը օտարած գործարքի կողմին, իսկ այն դեպքում, երբ հաստատվում է, որ Գործունակ կողմն իմացել է կամ պետք է իմանար գործարքի մյուս կողմի անգործունակության մասին, պարտավոր է հատուցել նաև նրա կրած իրական վնասները:

Ավելին, պետք է հավելել, որ գործող օրենսդրությունն ամրագրում է անգործունակի գույքային իրավունքներն ու շահերը երաշխավորող այլ նորմեր ևս: Օրինակ, ընդհանուր կանոնի համաձայն, անգործունակ ճանաչված քաղաքացին իր պատճառած վնասի համար սեփական գույքով պատասխանատվություն չի կրում: Այն դեպքում, երբ անգործունակի նկատմամբ սահմանված է խնամակալություն նրա կողմից պատճառած վնասը հատուցում է խնամակալը կամ այն կազմակերպությունը, որը պարտավոր էր հսկողություն իրականացնել նրա նկատմամբ /բացառությամբ, երբ ապացուցվում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել/:

Ավելին, Խնամակալի կամ հսկողություն իրականացնելու համար պարտավոր կազմակերպության անգործունակ ճանաչված քաղաքացու վնասի հատուցման պարտականությունը չի դադարում հետագայում նրան գործունակ ճանաչելու դեպքում:

Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ խնամակալը մահացել է կամ բավարար միջոցներ չունի տուժողի կյանքին և առողջությանը պատճառված վնասը հատուցելու համար, իսկ վնաս պատճառողն ունի նման միջոցներ: Նման դեպքերում, դատարանն իրավունք ունի, տուժողի ու վնաս պատճառողի գույքային դրության և այլ հանգամանքների հաշվառմամբ, վճիռ կայացնել վնասի հատուցումը լրիվ կամ մասնակիորեն վնաս պատճառողի /անգործունակի/ վրա դնելու մասին:

Անգործունակի գույքային շահերին առնչվող հաջորդ նորմը վերաբերում է գույքի ժառանգմանը: Անգործունակ ճանաչված անձինք, կտակի հիման վրա ժառանգությունն իրականացվելիս, օգտվում են գույքի ժառանգման պարտադիր բաժնի իրավունքից:

Գույքային իրավունքների իրականացման և շահերի պաշտպանության երաշխիքներն անգործունակ ճանաչված անձանց համար այսքանով չեն սահմանափակվում:

            Ապահովեք Ձեր աջակցության կարիքն ունեցող անձի շահերի պաշտպանությունը՝ նրա գործունակությունը ժամանակավորապես դադարեցնելու միջոցով կամ պարզապես վստահեք գործընթացի կազմակերպումը մասնագետներին:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital