Ծնողական իրավունքներից զրկելը

Երեխայի դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման ապահովումը յուրաքանչյուր ծնողի պարտականությունն է: Ծնողական պարտականությունները չարամտորեն չկատարելու, երեխայի վրա իր հակաբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն ունենալու, ինչպես նաև օրենքով ամրագրված այլ դեպքերում, օրենդիրը, երեխայի շահերից ելնելով, հնարավոր է համարում զրկել ծնողին ծնողական իրավունքներից: Ծնողական իրավունքներից զրկելը դիտարկվում է որպես երեխայի շահերի պաշտպանության կարևորագույն, բայց և՝ ծայրահեղ միջոց:

Քանի որ ծնողական իրավունքներից զրկելն առաջացնում է իրավական ծանր հետևանքներ ինչպես ծնողի, այնպես էլ երեխայի համար, ուստի ծնողական իրավունքներից զրկումն իրականացվում է բացառապես դատական կարգով՝ նման անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքների բազմակողմանի հետազոտման արդյունքում:

Ծնողական իրավունքներից զրկելու հիմքերն են.՝

ա) ծնողի կողմից ծնողական պարտականությունները կատարելուց չարամտորեն խուսափելը, այդ թվում՝ չարամտորեն ալիմենտ չվճարելը,

բ) առանց հարգելի պատճառների իր երեխային ծննդատնից կամ բժշկական այլ կազմակերպությունից, ինչպես նաև դաստիարակչական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից չվերցնելը,

գ) իր ծնողական իրավունքները չարաշահելը, այդ թվում՝ իր հակաբարոյական վարքագծով երեխայի վրա վնասակար ազդեցություն գործելը,

դ) երեխաների հետ դաժանաբար վարվելը, այդ թվում՝ երեխայի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն գործադրելով, նրա սեռական անձեռնմխելիությանը ոտնձգելով,

ե) ծնողի՝ քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ տառապելը,

զ) իր երեխայի դեմ դիտավորյալ հանցագործություն կատարելը։

Պետք է նկատի ունենալ, որ վկայակոչված հիմքերի կիրառությունը պայմանավորվում է յուրաքանյուր գործի փաստական հանգամանքների կազմով, ուշադրության արժանի հանգամանքներով և որ ամենակարևորն է՝ դրանք դատարանի առջև թույլատրելի և վերաբերելի ապացույցներով բացահայտելու կարողությամբ:

Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ դատարանների կողմից հիմնականում մերժվում են ծնողական իրավունքներից զրկելու քաղաքացիների հայցերը: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ քաղաքացիները հաճախ, ճիշտ չմեկնաբանելով օրենքով ամրագրված հիմքերը, դատարան են դիմում ծնողական իրավունքներից ծնողին զրկելու ոչ բավարար փաստերի առկայության պայմաններում: Որպես տարածված մոլորություն, կարելի է վկայակոչել այն դեպքերը, երբ քաղաքացիները ծնողի՝ ալիմենտ վճարելու անկարողությունը նույնացնում են ալիմենտ վճարելուց չարամտորեն խուսափելու հետ, կամ երբ երեխայի վրա ծնողի հակաբարոյական վարքագծի հնարավոր ազդեցությունը նույնացնում են երեխայի վրա բացասական ազդեցության առկայության հետ: Քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները ձախողում են գործընթացի իրականացումն անգամ այն դեպքում, երբ առկա են լինում հայցի բավարարման համար անհրաժեշտ և բավարար հիմքերը: Բանն այն է, որ հայցվորների կողմից ոչ միշտ է պատշաճ կերպով իրականացվում գործի քննության համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստական հանգամանքների ընտրությունը, ինչպես նաև դրանք թույլատրելի և վերաբերելի ապացույցներով հաստատելու դատավարական պարտականությունը:

Քանի որ օրենքում ամրագրված հիմքերը խիստ ընդհանրական են, իսկ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի, ուստի օրենդիրը, ծնողին իր ծնողական իրավունքներից զրկելու անհրաժեշտության գնահատումը երեխայի լավագույն շահերի համատեքստում վերապահել է դատարանի գնահատմանը: Պետք է փաստել, սակայն, որ դատական պրակտիկայում հաճախ դատարանների կողմից միմյանցից էականորեն տարբերվող գնահատականների կարող ենք հանդիպել անգամ այն դեպքում, երբ գործերով էական փաստական հանգամանքները համընկնում են:

Օրինակ, ալիմենտի վճարումից չարամտորեն խուսափելու հանգամանքը մի գործով դատարանի կողմից հաստատված է համարվել ալիմենտի բռնագանձման իրավասություն ունեցող անձին ծնողի կողմից իր եկամուտների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ /փաստաթղթեր/ ներկայացրած լինելու փաստի ուժով, մինչդեռ նույնատիպ փաստական հանգամանքներով մեկ այլ գործ քննող դատարան, եզրահանգել է, որ վկայակոչված փաստական հանգամանքը կարող է հաստատվել միայն անբարեխիղճ ծնողին այդ հիմքով քրեական պատասխանատվության ենթարկած լինելու մասին օրինական ուժ ստացած դատարանի դատավճիռը:

Նման պայմաններում անխուսափելի է միևնույն նորմի տարամեկնաբանությունները մասնագիտական հիմնավորումներով կանխելու անհրաժեշտությունը, ինչով էլ բացատրվում է գործընթացին ընտանեկան իրավունքի հարցերով մասնագիտացված փաստաբան ներգրավելու անհրաժեշտությունը:

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital