ilex law parcelsՔաղաքացիների կողմից Ebay , Amazon , Alibaba կամ օնլայն վաճառք իրականացնող այլ խանութներից կատարված գնումները ՀՀ տարածք տեղափոխելու (որպես անձնական օգտագործման ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու) հետ կապված հարցերը  նախկինում կարգավորվում էր ՀՀ մաքսային օրենսգրքով (06-ը հուլիսի 2000 թ):  Հայաստանի Հանրապետության` ԵՏՄ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից (2015թ-ի հունվարի մեկից) մաքսային օրենսգիրքը ճանաչվել է ուժը կորցրած. մասնավորապես այդ հարցը ներկայումս կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքով (Պայմանագիր մաքսային միության  մաքսային օրենսգրքի մասին, ուժի մեջ է մտել 02.01.2015թ-ից),  «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով (ուժի մեջ է մտել 02.01.2015թ-ից):


Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 45 Գլուխը սահմանում է. «միջազգային փոստային առաքումներով ապրանքների, ֆիզիկական անձանց և օտարերկրյա առանձին անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափումը»
Հոդված 249. Միության անդամ չհանդիսացող պետությունից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար վճարվում են միասնական մաքսային վճարներ (բացառությամբ մաքսավճարի) հետեւյալ միասնական դրույքաչափերով.
1) 0 տոկոս, եթե մեկ ամսվա ընթացքում տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը.
2) 22.5 տոկոս, եթե մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը գերազանցում է 200 հազար դրամը, սակայն չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը.
3) 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 30 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար Միության համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված չափերը, եթե մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը գերազանցում է 30 կիլոգրամը, կամ եթե մաքսային արժեքը գերազանցում է 1000 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը:

Այն դեպքում, երբ անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխող ֆիզիկական անձը չունի այդ ապրանքների արժեքի մասին անհրաժեշտ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, կամ եթե կան հիմնավոր պատճառներ՝ ենթադրելու, որ անձի կողմից ներկայացված փաստաթղթերը և տեղեկություններն արժանահավատ չեն, մաքսային մարմնի պաշտոնատար անձը սահմանում է ապրանքների մաքսային արժեքը՝ մաքսային մարմնի տրամադրության տակ գտնվող՝ նույնանման ապրանքների մասին գնային տեղեկությունների հիման վրա, այդ թվում՝ նույնանման ապրանքների մանրածախ առևտուր իրականացնող օտարերկրյա ընկերությունների կատալոգներում նշված տվյալների հիման վրա:
Ֆիզիկական անձն իրավունք ունի ապացուցելու մաքսային արժեքը սահմանելու համար ներկայացված տեղեկությունների արժանահավատությունը:
Սույն հոդվածում, «նույնանման ապրանք» ասելով ենթադրվում է այն ապրանքը, որն ունի ներմուծված ապրանքի հատկանիշերին նման հատկանիշներ, այսինքն՝ համադրելի է ներմուծված ապրանքի հետ իր նշանակությամբ, կիրառությամբ, որակական, տեխնիկական և այլ հատկանիշներով:

Պետք է ուշադրություն դարձնել նաև, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծումը դիտարկվում է որպես ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, եթե ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների չափաքանակները (այդ թվում` ըստ Միության անդամ հանդիսացող կամ չհանդիսացող երկրների) գերազանցում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները: Ինչպես ԱԺ քննարկման ժամանակ  զեկուցողը նշեց դրա նպատակը  հետևյալն է «եթե կա ձեռնարկատիրական գործունեության նպատակով ներմուծման դեպք, ապա այս դեպքում դաշտը պետք է հավասար լինի, եւ նշված տնտեսավարող սուբյեկտները կամ ֆիզիկական անձինք պետք է անպայմանորեն այդ մասով հարկերը հաշվարկեն եւ վճարեն»:  Այս հրապարակումը կազմելու ժամանակ վերոնշյալ չափաքանակը սահմանող կառավարության որոշումը բացակայում էր:
Ընդհանուր առմամբ, փոփոխություններով, որպես  մաքսային արտոնության առանձին տեսակ, հիմնականում ընդլայնվել են քաղաքացիների իրավունքները անձնական օգտագործման համար ապրանքներ ներմուծելու հարցերով:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital