Տուգանքի չվճարումը կարող է հանգեցնել Հայաստան մուտքի արգելքի

Եթե օտարերկրացին ՀՀ տարածքում վարում է ՀՀ-ում հաշվառում չունեցող

տրանսպորտային միջոց և թույլ է տալիս իրավախախտում

ՀՀ-ում չհաշվառված տրանսպորտային միջոցով կատարել եք իրավախախտո՞ւմ, կարծո՞ւմ եք տեսախցիկն արձանագրել է այն, բայց չե՞ք ստանում իրավախախտման վերաբերյալ կայացված վարչական ակտը: Ի՞նչ պետք է իմանան նման իրավիճակում հայտնված օտարերկրացիները. պատասխանում է փաստաբան Հասմիկ Օհնիկյանը

Անկախ այն հանգամանքից, Դուք ՀՀ սահմանը լքում եք իրավախախտման մասնակից տրանսպորտային միջոցով, թե առանց դրա՝ նախքան սահմանահատման թույլտվություն տալը իրավասու մարմինի կողմից Ձեզ է տրամադրվելու տվյալ իրավախախտման կապակցությամբ սահմանված վարչական ակտը, ինչպես նաև վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթը: Այն դեպքում, երբ իրավախախտման փաստով վարչական ակտը կայացվել է Ձեր կողմից ՀՀ սահմանը լքելուց հետո, ապա որոշումը Ձեզ կհանձնվի հաջորդ անգամ Հայաստանի Հանրապետության սահման մուտք գործելիս՝ նախքան Ձեզ սահմանահատման թույլտվություն տրամադրելը:

Պետք է իմանալ, որ

  1. որոշմամբ սահմանված տուգանքը 30 օրվա ընթացքում չվճարվելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափն ավելանալու է 25 տոկոսով, իսկ 60 օրվա ընթացքում չվճարվելու դեպքում՝ 50 տոկոսով:
  2. դուք իրավունք ունեք տարաժամկետելու տուգանքի վճարումը ոչ ավել, քան 6 ամիս ժամկետով: Տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով դիմումն անհրաժեշտ է ներկայացնել ոստիկանություն՝ տուգանք նշանակելու մասին որոշումը ստանալու օրվանից հետո տասնօրյա ժամկետում: Դիմումի ներկայացման դեպքում վճարման ժամկետը համարվում է տարաժամկետված դիմումի մեջ նշված ժամկետով: Տուգանքը տարաժամկետելու մասին  դիմումում  նշված  ժամկետում  տուգանքը չվճարելու դեպքում փաստացի  չվճարված տուգանքի չափն ավելանում է 50 տոկոսով:
  3. Տուգանք նշանակելու մասին որոշման հետ համաձայն չլինելու դեպքում Դուք կարող եք այն բողոքարկել: Բողոքարկելու համար նախ Ձեզ անհրաժեշտ է լինելու Ձեզ վարչական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացած՝ իրավախախտումն արձանագրած տեսաձայնագրությունը: Ձեր կամ Ձեր ներկայացուցչի գրավոր պահանջով վարչական մարմինը պարտավոր է տրամադրել տեսանյութի պատճենը՝ դիմումը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Պատճենահանումը կատարվում է Ձեր տրամադրած կրիչների վրա: Պետք է նկատի ունենալ, որ կատարված իրավախախտման համար պատասխանատվություն է կրում տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծած կամ արտահանող (տրանսպորտային միջոցով որպես վարորդ Հայաստանի Հանրապետության սահմանը հատող) անձը: Եթե Դուք որոշում եք բողոքարկել որոշումը, ապա պետք է նկատի ունենալ, որ և Ձեր բողոքը հետագայում առանց բավարարման թողնվելու դեպքում, տուգանքը վճարելու ժամկետի հաշվարկը մեկնարկվելու է       բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումը Ձեր կողմից ստանալու օրվանից: Այս դեպքում ևս 30-օրյա ժամկետում տուգանքի չվճարումը կբերի նշանակված տուգանքը 25 տոկոսով ավելանալուն, իսկ 60-օրյա ժամկետում չվճարելը՝ 50 տոկոսով ավելանալուն:

Տուգանքը սահմանված կարգով և ժամկետում չվճարելն առաջացնում է նաև այլ անցանկալի հետևանքներ, որոնք նախատեսված են «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 7.1 հոդվածով:

Այն դեպքում, երբ չկատարեք օրենքով սահմանված կարգով տուգանքը վճարելու պարտավորությունը Ձեզ Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի տրամադրումը /ժամկետի երկարաձգումը/ կմերժվի, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած կճանաչվի, կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն կարգելվի՝ որոշումն անբողոքարկելի դառնալու օրվանից մեկ տարի ժամկետով: Որոշումն անբողոքարկելի է դառնում դրանում նշված բողոքարկման ժամկետի ավարտից հետո:

 

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital