Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք ցանկանում են ամուսնանալ և ապրում են ՀՀ տարածքից դուրս՝ կարող են դիմել Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկ. ամուսնությունը գրանցվում է հյուպատոսական հիմնարկի կողմից ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև, այնպես է ՀՀ քաղաքացու և օտարերկրյա քաղաքացիների հետ, որի պարագայում սակայն պահանջվում է ՀՀ Արդարադատության նախարարության թույլտվությունը:

Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը կնքվում է Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում»:
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման վերաբերյալ դիմումները ներկայացնում և ամուսնության գրանցման մասին թույլտվություն են ստանում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա տարածքից դուրս կարող են ամուսնանալ ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ: Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում առկա չէ որևէ սահմանափակում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև ամուսնությունների գրանցման համար:  
Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթն առ այն, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը կնքվում է Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում, նախատեսում է մի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացու, մյուս կողմից` կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու, կամ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի հետ ամուսնության պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թույլտվության հիման վրա: