Հղիության 12-ից մինչև 22-րդ շաբաթներում արհեստական ընդհատումը թույլատրելի է բացառապես բժշկական կամ սոցիալական ցուցումներով պայմանավորված, որոնց սպառիչ ցանկը սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ: Հիշյալ ժամանակահատվածում հղիության արհեստական ընդհատումն այլ դրդապատճառներով, այդ թվում՝ սեռով պայմանավորված, համարվում է անօրինական: Կարծում եմ՝ այս առումով նախագիծը պարզապես նպատակ է հետապնդում նորմ-արգելքի ուղղակի ամրագրմամբ հստակեցնել ներկայիս իրավակարգավորումը:

-Թեև նշում եք, որ սեռով պայմանավորված հղիության ընդհատումը ներկայումս էլ օրենքով թույլատրված չէ, այնուամենայնիվ չենք կարող հերքել, որ գործնականում դրանք կատարվում եմ: Այդ առումով օրենքով ուղղակի արգելքի սահմանումը կփոխի՞ ներկա իրողությունը:

-Նախագծով առաջարկվում է սահմանել հղիության արհեստական ընդհատման գրավոր ընթացակարգ, ինչպես նաև վարչական պատասխանատվություն պատասխանատու այն անձանց համար, ովքեր չեն պահպանի ընթացակարգի պահանջները: 12-ից 22-րդ շաբաթում հղիության ընդհատման դեպքում հղիության արհեստական ընդհատումը առանց բժշկական հանձնաժողովի որոշման իրականացնելը ևս առաջացնելու է վարչական պատասխանատվություն: Նախագծով ներկայացվող հիշյալ բարեփոխումները կբարձրացնեն գործընթացի վերահսկելիությունը:

Նախագծով առաջարկվում է նաև սահմանել բժշկական միջամտություն իրականացնելուց առաջ դրա հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ հղի կնոջն անվճար խորհրդատվություն տրամադրելու բժշկի պարտականությունը: Նախազգուշացված լինելու փաստը պետք է հաստատվի հղի կնոջ ստորագրությամբ: Նման պահանջով օրենքի լրացումը ոչ միայն բխում է հղի կնոջ շահերից, այլև անհրաժեշտություն մարդու իրավունքների ոլորտում պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորության պատշաճ կատարման առումով:  Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Քսոման ընդդեմ Ռումինիայի գործով արձանագրել էր Կոնվենցիայի խախտում այն բանի համար, պետության կողմից չէր ապահովվել կնոջ՝ հղիության արհեստական ընդհատման արդյունքում հնարավոր բացասական հետևանքների առաջացման մասին իրազեկված լինելու իրավունքի իրականացումը:

-Գործնականում հղիության ընդհատման հետ կապված ի˚նչ խնդիրներով են դիմում քաղաքացիները փաստաբաններին:

-Հղիության արհեստական ընդհատման հարցի հետ կապված իմ մասնագիտական պրակտիկայում ընդամենը երկու դեպք է գրանցվել: Երկու դեպքում էլ դիմողները եղել են ամուսնալուծության գործընթացում գտնվող ամուսինները, ովքեր ցանկացել են կանխել հղիությունն արհեստական ընդհատելու մտադրություն ունեցող կնոջ գործողությունները: Այս առումով պետք է նշեմ, որ ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում կնոջ որոշման վրա ներազդելու կամ այն կանխելու որևէ իրավական լծակների ապագա երեխայի հայրը չի տիրապետում:

-Իսկ դա օրեսդրական բաց չէ˚:

-Հարցի վերաբերյալ իրավագետների մոտ միանշանակ կարծիք գոյություն չունի: Առանց ամուսնու համաձայնության հղիության արհեստական ընդհատում չի թույլատրվում հիմնականում մուսուլմանական երկրներում՝ այդ թվում Եգիպտոսում և Թուրքիայում: Մեզ մոտ ամուսնալուծության գործընթացում գտնվելու փաստը անգամ դիտարկվում է սոցիալական ցուցանիշ, հետևաբար դա այն հիմքերից է, երբ օրենսդիրը թույլ է տալիս հղիության արհեստական ընդհատում նույնիսկ 12-րդ շաբաթից հետո: Պետությունների կողմից ապագա երեխայի հորը որոշման վրա ներազդելու իրավունքի չվերապահումը Կոնվենցիայի 2-րդ և 8-րդ հոդվածների վկայակոչմամբ բազմիցս վիճարկվել է Եվրոպական դատարանում:  Մինչ օրս քննված և ոչ մի գործով ապագա երեխայի հոր իրավունքների խախտում դատարանը չի արձանագրել: Թեև քննված բոլոր գործերում հղիության արհեստական ընդհատումը եղել է անհրաժեշտություն բժշկական ցուցումների հիման վրա, այնուամենայնիվ տարբեր որոշումներով արտահայտած դիրքորոշումների համադրումը թույլ է տալիս փաստելու, որ Եվրոպական դատարանը հղիության արհեստական ընդհատման որոշման հարցում բացառապես կարևորում է հղի կնոջ կամքը: Իմ անձնական կարծիքն այս առումով չի համընկնում այն իրավագետների կարծիքների հետ, ովքեր բժշկական ցուցումներով չպայմանավորված հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում չեն կարևորում ապագա երեխայի հոր իրավունքները:

-Վերջում վերադառնալով սեռով պայմանավորված հղիության ընդհատման արգելքին՝ չե՞ք կարծում, որ այն, այնուամենայնիվ, բերում է ծնողների անձնական կյանքի միջամտության:

-Առաջին հայացքից նորմ-արգելքի սահմանումն իրապես ենթադրում է երեխային կրող ծնողի անձնական կյանքի միջամտություն, սակայն դա դեռևս չի ենթադրում, որ միջամտությունը խախտում է ծնողի՝ անձնական կյանքը հարգելու հիմնարար իրավունքը:

Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով, որը միևնույն ժամանակ սահմանում է պետությունների պարտավորությունը չմիջամտելու յուրաքանչյուրի՝ հիշյալ իրավունքի իրականացմանը: Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ անձի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը Կոնվենցիան հնարավոր է համարում սահմանափակել, պայմանով, որ նման սահմանափակումը հետապնդելով որոշակի իրավաչափ և հանրօգուտ նպատակներ լինի անհրաժեշտություն ժողովրդավարական հասարակությունում և անպայմանորեն նախատեսվի օրենքով:
Երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումն արգելող նորմի ամրագրումն օրենքում անհրաժեշտություն էր Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պահանջի ապահովման տեսակետից:

Ինչ վերաբերում է հետապնդվող իրավաչափ նպատակին, ապա պետք է փաստել, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները առաջիկայում կարող են հանգեցնել բնակչությունում աղջիկների թվի, իսկ որպես հետևանք նաև՝հանրապետությունում ծնելիության ցուցանիշների նվազեցման: Փաստորեն, անձնական կյանքի միջամտությունը պետության կողմից հետապնդում է իրավաչափ նպատակներ, հետևաբար՝ անհրաժեշտություն է ժողովրդավարական հասարակությունում, և օրենքով հստակ ամրագրված լինելու պարագայում, այն չի հանգեցնի կնոջ իրավունքների խախտմանը:

http://www.aysor.am/am/news/2015/07/07/%D5%80%D5%A1%D5%BD%D5%B4%D5%AB%D5%AF-%D5%95%D5%B0%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6/973259

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital