ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, որպես տնտեսական ընկերության տեսակներ նախատեսել է նաև «Դուստր» և «Կախյալ» ընկերությունները:

Դուստր տնտեսական ընկերություն է համարվում այնպիսի ընկերությունը, որի կանոնադրական կապիտալում այլ /հիմնական/ ընկերությունը կամ ընկերակցությունն ունի գերակշռող մասնաբաժին և նրանց միջև կնքված պայմանագրին համաձայն հնարավորություն ունի կանխորոշելու նման ընկերության որոշումները:

Դուստր ընկերությունը պատասխանատվություն չի կրում հիմնական ընկերության պարտքերի համար:

Հիմնական ընկերությունը, որն իրավունք ունի պարտադիր ցուցումներ տալու դուստր ընկերությանը, նրա հետ համապարտ պատասխանատվություն է կրում իր ցուցումների համաձայն կնքված գործարքների կատարման համար:

Հիմնական ընկերության մեղքով դուստր ընկերության սնանկության դեպքում հիմնական ընկերությունը կամ ընկերակցությունը սուբսիդար պատասխանատվություն է կրում նրա պարտքերի համար:

Ինչպես կարելի է նկատել, բոլոր դեպքերում դուստր ընկերության պարտավորությունների համար հիմնական ընկերության պատասխանատվությունն առաջանում է այն դեպքում միայն, երբ դա առաջացել է նրա մեղքով:

Տնտեսական ընկերությունը համարվում է կախյալ, եթե մյուս /գերակշռող, մասնակցող/ ընկերությունը կամ ընկերակցությունն ունի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի կամ բաժնետիրական ընկերության քվերակող բաժնետոմսերի ավելի քան 20 տոկոսը: