Ընկերության գրանցում (Ֆիրմայի գրանցում)

Ապրանքանիշի (բրենդի, լոգոյի) գրանցում


Բիզնես գործունություն ծավալելու ամենատարածված եղանակը դա ընկերության՝ հիմնականում ՍՊԸ գրանցումն է: ՍՊԸ գրանցման միջոցով բիզնես գործունություն ծավալելու նպատակահարմարությունը պայմանավորված է առաջին հերթին սահմանափակ պատասխանատվություն կրելու օրենսդրական հնարավորությամբ: Ընկերության հիմնադիրը ի տարբերություն ԱՁ գրանցման, վնասներ կրելու դեպքում իր անձնական գույքը չի դնում ռիսկի տակ: Ընկերությունը ստեղծվում է պետական գրանցում ստանալու միջոցով: ՛՛Ֆիրմա բացելու՛՛ կամ ՍՊԸ գրանցելու դիմում կարելի է տալ ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի՝ իրավաբանական գրասենյակի աշխատակցի միջոցով: Ընկերությունը հանդես է գալիս իր անունից, ունի սեփականության իրավունքով իրեն ամրակցված գույք և պատասխանատվություն է կրում միայն այդ գույքով: Պետական գրանցում ստանալու պահից   ընկերությունը ձեռք է բերում իրավունքներ, ստանձնում է պարտականություններ:

Ֆիրմայի գրանցման համար պետք է որոշել ընկերության անվանումը, ընկերության մասնակիցների կամ սեփականատերերի ցանկը, ընկերության տնօրենին, ընկերության գրանցման հասցեն, կանոնադրական կապիտալի չափը: Ընկերության անվանումն ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել համապատասխան բառով գրանցված ապրանքային նշանի հնարավոր առկայությանը, որը հետագայում կարող է իրավական խնդիրներ առաջացնել: Ընկերության  անունը կարող է լինել ցանկացած անուն, եթե այդպիսին արդեն չի ստացել պետական գրանցում: Հետագայում, ընկերության զարգացմանը զուգահեռ, պետք է ձեռնամուխ լինել նաև ապրանքային նշանի կամ բրենդի գրանցմանը: Բրենդի գրանցումն առավել առաջադիմական իրավական պաշտպանություն է ընկերության ապրանքներն ու ծառայությունները շուկայում առանձնացնելու և սպառողների մոտ վստահություն ձևավորելու առումով:

Ընկերության հասցեի ընտրությունը պայմանավորված է համապատասխան ծանուցումներ ստանալու հնարավորությամբ, ինչպես նաև վարչական շրջանի ընտրությունը համապատասխանաբար ընտրում է այն հարկային  ծառայությունը, որտեղ հաշվառվում է ընկերությունը:

Ընկերության հարկային հաշվառումն իրականացվում է ընկերության պետական գրանցման պահից ավտոմատացված համակարգի միջոցով և նախկինի պես այլևս չի պահանջվում այցելել հարկային տեսչություն ընկերության հարկային հաշվառման նպատակով: Ընկերության հասցեի գրանցման համար չի պահանջվում նաև համապատասխան իրավունքը հաստատող փաստաթղթեր՝ սեփականության կամ վարձակալության վկայական. այսինքն` հաշվառումն իրականացվում է ըստ հայտարարության:

Գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) կողմից:  Ընդ որում, առևտրային իրավաբանական անձանց գրանցման համար դիմումը կարող է ներկայացվել Գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակ՝ անկախ իրավաբանական անձի գործունեության վայրից, իսկ ոչ առևտրային իրավաբանական անձանց գրանցումը կատարվում է Գործակալության Երևան քաղաքի սպասարկման գրասենյակի կողմից:

Իրավաբանական անձի պետական գրանցման համար դիմելու իրավունք ունեն՝
ա) իրավաբանական անձի հիմնադիր(ներ)ը.  
բ) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը՝ ընտրված հիմնադիրների կողմից:
Դիմել կարող է նաև դիմելու իրավունք ունեցող անձանց կողմից լիազորված ցանկացած անձ`փաստաբանական գրասենյակի որևէ աշխատակցին լիազորելու միջոցով:

Դիմողն իրավաբանական անձի պետական գրանցման համար Գործակալություն է ներկայացնում
ա) իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը, եթե հիմնադիրը մեկն է՝ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի և քարտուղարի կողմից՝ եթե հիմնադիրը մեկից ավելին է

բ) իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից.
գ) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (վճարման անդորրագիր, e-payments.am էլեկտրոնային վճարման համակարգի միջոցով կատարված վճարում և այլն).
դ) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն:
Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց (հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ և այլն) վերաբերյալ հատուկ օրենքներով կարող են նախատեսվել նաև պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր:

Իրավաբանական անձի պետական գրանցման մասին դիմումը կազմվում է տեղում ՝ պետ ռեգիստրի Գործակալության աշխատակցի կողմից՝ վերջինիս ներկայացված համապատասխան փաստաթղթերի և տեղեկությունների հիման վրա:
Իրավաբանական անձի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը դիմողը ներկայացնում է Գործակալություն թղթային կրիչի վրա՝ անձամբ կամ լիազորված անձի միջոցով: Եթե անձն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա գրանցումը կարող է կատարվել համացանցի օգնությամբ՝ https://www.e-register.am պաշտոնական կայքի միջոցով:
Ընդ որում, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցման դեպքում, եթե անձը (անձինք) ցանկանում է օգտվել ՍՊԸ-ի գրանցման համար հաստատված տիպային փաստաթղթերից, ներկայանում է Գործակալության սպասարկման համապատասխան գրասենյակ՝ իր հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և Գործակալության աշխատակցին հայտնելով գրանցման համար անհրաժեշտ տեղեկություններ:

Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը Գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում Գործակալությունը պետք է կատարի համապատասխան պետական գրանցումը: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տիպային փաստաթղթերի հիման վրա պետական գրանցումը կատարվում է անմիջապես: Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել պետական գրանցման այլ ժամկետներ:  Իրավաբանական անձը ստեղծված է համարվում պետական գրանցման պահից: Իրավաբանական անձը համարվում է գրանցված միասնական պետական գրանցամատյանում օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից:
Առևտրային կազմակերպությունների պետական   գրանցման համար պետական տուրք չի գանձվում:  Ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցման տուրքը կազմում է 10000 (տասը հազար) ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է վճարել հետեւյալ գանձապետական հաշվին՝ 900005160727, բացառությամբ կուսակցությունների:
Իրավաբանական անձի գրանցումն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով մերժելն արգելվում է:
Պետական գրանցումը մերժելը, պետական գրանցում կատարելուց խուսափելը, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրելուց խուսափելը վերադասության կարգով կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ դատարան: