Ի՞նչ հարկային պարտավորություններ կարող են առաջանալ

Հարկերի մասին ՀՀ օրենքի 16 հոդվածի համաձայն Իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության լուծարման կամ անհատ ձեռներեցի գործունեության դադարեցման կամ հաշվառումից հանման վերաբերյալ որոշումներ ընդունող լիազորված մարմինները լուծարման (գործունեության դադարեցման, պետական հաշվառումից հանման) որոշման ընդունման մասին յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում են հարկային մարմնին:

Իրավաբանական անձի լուծարումից հետո հարկային պարտավորությունների հայտնաբերման դեպքում, հարկային մարմնի ներկայացրած հայցի հիման վրա, դրանք դատարանի որոշմամբ կարող են դրվել այդ իրավաբանական անձի որոշումների ընդունման վրա ազդելու հնարավորություն ունեցող հիմնադիրների (մասնակիցների) եւ (կամ) ղեկավար մարմնի անդամների վրա` լուծարմանը նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմնից թաքցրած հարկման օբյեկտներից վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափով, եթե նշված պարտավորությունները ծագել են այդ անձանց գործողությունների կամ անգործության հետեւանքով:

Այսինքն` հնարավոր հարկային պարտավորությունը ժամանակագրական առումով կարող է հաշվարկվել առավելագույնը լուծարմանը նախորդած մեկ տարվա համար:

Հարկերի մասին ՀՀ օրենքի 16 հոդվածի վերաբերյալ առկա է նաև պաշտոնական պարզաբանում առ այն, որ  Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցումից կամ պետական հաշվառումից հանելուց հետո, հաշվառումից հանմանը նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմնից թաքցրած հարկային պարտավորություններ կարող են հայտնաբերվել օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում:

Ընկերության լուծարման դեպքում գույքի բաշխման հարկումը    

Համաձայն Ավելացված արժեքի մասին ՀՀ օրենքի Հոդված 40-ի «Առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև ոչ առևտրային կոոպերատիվների լուծարման ընթացքում դրանց կողմից սեփականության իրավունքի օբյեկտների և այլ գույքային իրավունքների օտարումը, այդ թվում` պետության և երրորդ անձանց հանդեպ պարտավորությունները կատարելուց (մարելուց) հետո բաժնետերերի, հիմնադիրների, փայամասնակիցների միջև բաշխումը (օտարումը) ենթակա է ԱԱՀ-ով հարկման` սահմանված ընդհանուր կարգով:»
Այսինքն` ընկերության լուծարման դեպքում բոլոր պարտավորությունները կատարելուց հետո, ընկերության մնացորդային գույքը մասնակիցներին/ սեփականատերերին անցնելու դեպքում այն համարվում է օտարում և հարկվում է ԱԱՀ-ով: Եթե բաշխվող գույքն անշարժ գույք է, ապա հաշվարկվում է  գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից (այսուհետ սույն կետում` կադաստրային արժեք) ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման դեպքում տարբերությունը գործարքի կատարման օրը դիտվում է որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն