Ո՞վ կարող է ներկայացնել բողոք.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 286 հոդվածի համաձայն Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը կարող է գանգատարկվել այն անձի կողմից, որի նկատմամբ այն կայացվել է, ինչպես նաև տուժողի կողմից,  իսկ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումը տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով ամրագրված լինելու դեպքում՝ նաև իրավախախտումը կատարած անձի կողմից:

                                                                                                                                                                                   sds
Որտե՞ղ և ու՞մ հասցեագրել բողոքը.

Վարչական մարմին
ՀՀ կառավարությանն առընթեր
«Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն
Հասցե՝ ք. Երևան, Ծովակալ Իսակովի պ. 9
«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության  պետին


Ե՞րբ է ավարտվում վերադասության կարգով բողոք բերելու ժամկետը.

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումը   հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում: Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը:
 
Ի՞նչ ժամկետում է քննվում բողոք.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 291 հոդվածի համաձայն Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը և բողոքը քննվում են դրա համար իրավազոր մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից, դրանց ստացման օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

Ե՞րբ է տուգանքի վճարման վերջնաժամկետը.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305 հոդվածի համաձայն խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Սահմանված ժամկետում գանգատ տալը կասեցնում է վարչական տույժ նշանակելու որոշման կատարումը մինչև գանգատը քննելը, բացի այդ բողոքարկման դեպքում վճարման ժամկետը հետաձգվում է համապատասխան որոշումը ստանալուց հետո ևս 15 օրով:


Արդյո՞ք հնարավոր է տարաժամկետել տուգանքի վճարումը.

Եթե  տուգանքը նշանակելու մասին որոշումը /այն ներառում է ՎԻՎՕ 124 հոդվածը  Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը , Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը , Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը, առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի կամ ուժը կորցրած վարորդական վկայականով կամ այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով կամ օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում չգործող վարորդական վկայականով տրանսպորտային միջոցներ վարելը կամ տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը և այլն..  իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում, անձը դիմում է ոստիկանություն տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով, ապա վճարումը համարվում է տարաժամկետված դիմումի մեջ նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 6 ամիս:
Այսինքն` անձը իրավունք ունի դիմել ՃՈ կայացված տուգանքի համար վճարումը տարաժամկետելու խնդրանքով, նշելով բողոքում համապատասխան ժամկետ՝ մինչև 6 ամիս տևողությամբ, որի դեպքում Ճանապարհային ոստիկանության կողմից պարտադիր կարգով կայացվում է որոշում՝ բավարարելով տարաժամկետելու վերաբերյալ դիմումը:

Ե՞րբ կամ ո՞ր դեպքում է տուգանքի չափերը ավելանում.

Տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 25 տոկոսով:
Տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 60 օրվա ընթացքում կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 50 տոկոսով:

Ընդ որում` ներկայումս Կառավարությանն է ներկայացվել նախագիծ, որով ՃՈ-ն պատրաստվում է հրաժարվել տուգանքների չափերն ավելացնելու վերաբերյալ ՎԻՎ օրենսգրքի դրույթներից, որոնք ուժի մեջ կմտնեն օրենքի մեջ Ազգային ժողովի կողմից փոփոխություն անելուց հետո

Ե՞րբ է որոշումն ուղարկվում ԴԱՀԿ հարկադիր կատարման.

Տուգանքի ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ենթակա է հարկադիր կատարման սույն օրենսգրքի   կամավոր կատարման համար սահմանված ժամկետն անցնելուց հետո, այսինքն` տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:

Ինչպե՞ս գրել բողոքը.

Այստեղ ներկայացվում է ՃՈ կայացված ակտի վերադասության կարգով բողոքարկման համար բողոքի ձև, որը յուրաքանչյուր դեպքում պետք է փոփոխվի կապված յուրաքանչյուր դեպքի առանձնահատկությունների հետ: