Հստակեցվել են ծնողական իրավունքներից զրկելու հիմքերը

Ծնողական իրավունքներից զրկելու հիմքը ծնողի կողմից դրսևորվող այս կամ այն հակաօրինական վարքագիծն է, որը վտանգում է երեխայի առողջ ու բնականոն զարգացմանը: Թեև ՀՀ ընտանեկան օրենսգրքով սահմանված էին ծնողական իրավունքներից զրկելու համար հիմք հանդիսացող ծնողների հակաօրինական վարքագծերը, այնուամենայնիվ դրանց դրսևորման ժամկետների և կիրառման այլ պայմանների առումով դատական պարակտիկայում դատարանների կողմից տրվում էին տարաբնույթ մեկնաբանություններ:

Օրինակ, մի դեպքում դատարանի գնահատմամբ երեք ամիս չարամտորեն ալիմենտ չվճարելը կարող էր չդիտարկվել զնողական իրավունքից զրկելու բավարար հիմք՝  հաշվի առնելով ծնողի հակաօրինական վարքագիծն ուղղվելու հնարավորությունը, մինչդեռ մեկ այլ դեպքում միևնույն փաստական հանգամանքներով գործ քննելիս դատարանը կարող էր զրկել ծնողին ծնողական իրավունքներից: Նման պայմաններում, ըստ էության, խախտվում էր օրենքի առաջ բոլորի հավասարության կարևորագույն սկզբունքը, ինչը հաշվի առնելով ՀՀ ընտանեկան օրենսգրքում ծնողական իրավունքներից զրկելու հիմքերում 21.12.2017թ. կատարվեցին հստակեցումներ, փոփոխություններ և որոշակի լրացումներ:
     Այսպես, եթե նախկինում իր երեխայի դեմ դիտավորյալ հանցագործություն կատարելը կարող էր դատարանի գնահատմամբ հիմք ծառայել ծնողին ծնողական իրավունքներից զրկելու համար, ապա օրենսգրքում կատարված փոփոխություններով նշված հիմքը որոշակիորեն վերաձևակերպվեց և երեխայի դեմ ուղղված դիտավորյալ հանցագործության համար դատապարտվելը սահնվեց որպես  ծնողական իրավունքներից զրկելու անվերապահ հիմք:
Ընտանեկան օրենսգրքով սահմանված մնացյալ հիմքերը շարունակեցին մնալ հայեցողական, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր գործով դատարանը, ելնելով գործի փաստական հանգամանքներից կարող է ծնողներին (կամ նրանցից մեկին) զրկել ծնողական իրավունքներից, եթե դա երեխայի կենսական շահերն ապահովելու համար գնահատում է անհրաժեշտ: Այսպիսով, ստորև ներկայացվում են 21.12.2017 թվականին ընտանեկան օրենսգրքում կատարված լրացումներով ծնողական իրավունքներից զրկելու հայացողական հիմքերը.
Ծնողները, կամ նրանցից մեկը կարող է զրկվել ծնողական իրավունքներից, եթե
1) մեկ տարի անընդմեջ չարամտորեն խուսափում է ծնողական պարտականությունները կատարելուց, այդ թվում` ալիմենտ վճարելուց.
2) առանց հարգելի պատճառի հրաժարվում է վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից.
3) մեկ տարի առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից.
     Ընդ որում, թվարկված երեք դեպքերում, եթե ծնողական պարտականությունների չկատարումը  պայմանավորված է եղել ծնողի՝ բժշկական հաստատությունում, կարգապահական գումարտակում, ուղղիչ հիմնարկում, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ կամ մարտական գործողությունների ընթացքում զինված ուժերի կազմում կամ գերության մեջ գտնվելու հանգամանքով, ինչպես նաև վարժական հավաքներին մասնակցելու կամ օտարերկրյա գործուղման մեջ գտնվելու հանգամանքով, ապա ծնողը չի կարող զրկվել ծնողական իրավունքից: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ծնողական իրավունքներից զրկելն անհրաժեշտություն է և բխում է երեխայի լավագույն շահերից: Ծնողական իրավունքներից զրկելու պահանջը քննարկելիս Դատարանը, որպես հարգելի պատճառ, կարող է դիտարկել նաև այլ իրավիճակներ:
4) չի փոխում իր վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում.
5) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, այդ թվում` իրենց վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխայի վրա.
6) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ.
7) տառապում են քրոնիկ հոգեկան հիվանդություններով, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
8) դաժանաբար են վարվում երեխայի հետ, մասնավորապես`
ա. պարբերաբար այնպիսի ֆիզիկական բռնություն են գործադրում նրա նկատմամբ, որը չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ,
բ. պարբերաբար հոգեբանական բռնություն են գործադրում նրա նկատմամբ, այն է` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում` ֆիզիկական, սեռական բռնություն գործադրելու սպառնալիքը, արժանապատվության պարբերական նվաստացումը:
Վերջում հավելենք, որ ծնողը, որը դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից, կարող է հետագայում դիմել դատարան ծնողական իրավունքների վերականգնման պահանջով: Ծնողական իրավունքների վերականգնման մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ։
Այն դեպքում, երբ ծնողական իրավունքներից զրկված ծնողը փոխել է ծնողական իրավունքների զրկման համար հիմք ծառայած իր վարքագիծը, կենսաձևը և (կամ) երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը, Դատարանը կարող է վերականգնել վերջինիս ծնողական իրավունքները: