«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքում 17 հունիսի 2016 թ-ին ընդունված օրենքով կատարվել են որոշակի փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել 17 հուլիսի 2016-թ-ին:

Ի թիվս այլոց ավելացվել է կանխատեսվող սնանկության մասին նոր դրույթ

Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. Պարտապանն իրավունք ունի դիմելու դատարան կանխատեսվող սնանկության դեպքում, երբ ակնհայտ է, որ առաջանալու են սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1-ին կետերով նախատեսված `պարտապանի սեփական սնանկությունը ճանաչելու հիմքերը»:

Ըստ էության սա նոր հասկացություն է օրենքում, որն ի տարբերություն առկա հիմքերի սահմանում է պարտապանի համար որպես ոչ թե պարտավորություն ՝ դիմելու դատարան, այլ նախատեսում է այդպիսի իրավունք, հնարավորություն: Այն դեպքում, երբ սնանկության մասին օրենքով սահմանված կամավոր սնանկության հիմքերն ի հայտ գալու դեպքում պարտապանի անգործությունն ի հայտ է բերում վերջինիս համար անցանկալի իրավական հետևանքներ, ապա այս դեպքում իրավունքի չիրացումը որևէ հետևանքներ չի կարող առաջացնել և կոչված հենց վերջինիս իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը: Ինչպես հայտնի է սնանկության մասին օրենքով սահմանային դրույքաչափը, որի հետ օրենքը կապում է սնանկության հարաբերությունների առաջացման հնարավորությունը կազմում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, որը կազմում է 1.000.000 դրամ: Այն դեպքում, երբ պարտապանի համար ակնհայտ է դառնում, որ առկա են օրենքով նախատեսված սնանկության որևէ հիմք ի հայտ գալու վտանգ, այսինքն `առկա է վճարային պարտավորություն, որը թեև չի գերազանցում օրենքով սահմանված չափը սեփական ակտիվների համեմատությամբ, սակայն առկա է դրա գերազանցելու ակնհայտ վտանգ. օրինակ ընկերությունն ունի 800.000 ՀՀ դրամ վճարային պարտավորություն, իսկ իր ակտիվների արժեքը կազմում է 900.000 ՀՀ դրամ, ապա վերջինս իր հայեցողությամբ իրավունք է ստանում դիմելու դատարան, քանի դեռ ի հայտ չի եկել կամավոր սնանկության հիմք հանդիսացող փաստական հանգամանքներ: Մյուս կողմից, հատկանշական է, որ կատարված փոփոխությամբ այդ իրավունքը վերապահվել է միայն պարտապանին, այլ ոչ թե պարտատիրոջը. Եթե նույն համոզմունքն ի հայտ գա պարտատիրոջ մոտ, ապա վերջինս իրավասու չի լինի այս հիմքով պարտապանի դեմ դատարան դիմում ներկայացնելու, քանի դեռ փաստացի ի հայտ չեն եկել սնանկության մասին օրենքով նախատեսված հիմքերը: Այս առումով ավելի արդյունավետ կլիներ այդ հնարավորություն նախատեսել նաև պարտատիրոջ համար, որն այս հարաբերություններում ավելի շահագրգիռ կողմ է և պարտապանի հնարավոր սնանկությունը մեր իրականությունում սովորաբար ավարտվում է ի վնաս պարտատիրոջ՝ պարտպանի կողմից իր հանդեպ առկա պարտավորությունների չկատարմամբ:

Օրենքի հեղինակները փոփոխությունը հիմնավորել են այն հանգամանքով, որ այս փոփոխություններով «պարտապաններին հնարավորություն կընձեռվի առանց սնանկության հասնելու վերադառնալ բնականոն գործունեության, հակաճգնաժամային կառավարման օգնություն ստանալով կառավարչի կողմից: Պարտապանի ֆինանսական առողջացման համար ավելի լայն հնարավորություններ կտրվեն ու ավելի երկար ժամկետներ, ինչը զգալիորեն կարող է մեծացնել ինչպես պարտապանի ֆինանսական առողջացման և շուկա վերադառնալու, այնպես էլ պարտատերերի շահերի պաշտպանության մակարդակը: Արդյունքում շահելու է նաև սնանկության վարույթի արդյունավետությունը: Նշվել է, որ սնանկության կառավարիչների գործունեությունը կդառնա առավել արդյունավետ և վերահսկելի ինչպես պարտապանների, այնպես էլ պարտատերերի շահերի պաշտպանության տեսանկյունից »:
Այսինքն` ենթադրվում, որ սնանկության գործով կառավարիչն պետք է լինի պրոֆեսիոնալ մենեջեր, օժտված տնտեսագիտական և այլ մասնագիտական գիտելիքներով՝ կախված կոնկրետ բիզնեսի առանձնահատկություններից, որն իր ունեցած գիտելիքների և փորձ հաշվին կկարողանա կանխարգելել սնանկության հատկանիշների առաջացումը: Թեև այս պնդումը տեսականորեն չի բացառվում, սակայն իրականում այն չի կարող ապահովվել այն արդյունքը, որպիսին հնարավոր է զարգացած երկրներում, որտեղ կառավարիչների թե պատրաստվածությունը և թե նրանց վարձատրության չափերը էապես տարբերվում են:


Սնանկության հետևանքով վնասներից խուսափելու այլ լուծում.
Կանխատեսել հնարավոր սնանկության ռիսկը
Ձեռնարկել համապատասխան միջոցներ նախապես իմանալով սնանկության հնարավորության մասին


ԱՄՆ-ում առկա է վարկունակության գնահատման համակարգ, որը կոչվում է «ՖԻԿՈ ՍՔՈՐ» (Fico Score). Համակարգը նաև գեներացնում է առանձին միավոր, որ կոչվում է սնանկության կամ անվճարունակության միավոր, ուստի պարտատերը մինչև որևէ անձի կամ ընկերության հետ գործարքի մեջ մտնելը կամ նույնիսկ գործարքի ընթացքում կարող է այդ միավորի վերաբերյալ տեղեկատվություն ունենալով կատարել որոշակի պրեվենտիվ գործողություններ՝ նվազեցնելով հնարավոր սնանկության հետևանքով հնարավոր կորուստների առաջացնման ռիսկը: Այն  արդյունավետ միջոց է անձի սնանկության հավանականությունը գնահատելու համար: Իրականում, երբ ընկերությունն աշխատում է վնասով և առկա է վերջինիս սնանկության իրական հնարավորություն, ապա հավանականությունը, որ վերջինս կգնա օրենքով սահմանված կամավոր սնանկության ճանապարհով և կհայտարարի իր սնանկության մասին բավականին ցածր է, մինչդեռ մեկ այլ ընկերություն, որն առերևույթ լավ տնեսական ցուցանիշներ ունի կամ թեկուզ այդպիսին է ներկայացնում, «մի գեղեցիկ օր» հայտարարում է իր սնանկության մասին. Օրինակ, բազմաթիվ կառուցապատողներ և արդյունքում բնակարան չստացած քաղաքացիներ, կամ հայտնի սուպերմարկետների ցանցի սնանկությունը, որից հարյուրավոր ընկերություններ են տուժել: Կոնտրագենտը կամ սովորական սպառողը խիստ սահամանափակ միջոցներ ունի որպեսզի կարողանա գնահատել այս կամ այն անձի հնարավոր սնանկության առաջացման հավանականություն կամ այդ ռիսկի աստիճանը. Օրինակ՝ որևէ ընկերություն արդյո՞ք որոշակի ժամանակահատվածում իր գործունությունը կավարտի շահույթով թե վնասով: Այս հնարավորությունը ԱՄՆ-ում իրական է դառնում այդ համակարգի գործարկման միջոցով: Այս համակարգի կիրառումը ՀՀ-ում և սնանկության վտանգի համապատասխան միավոր ունեցող ընկերության դեմ դիմում ներկայացնելու պարտատիրոջ իրավունքը նախատեսելը հնարավորություն կընձեռեր բազմաթիվ պարտատերերի ժամանակին հետ վերադարձնել իրենց դրամական միջոցները կամ առնվազն խուսափել համապատասխան գործարքներից: Գործող սնանկության ընթացակարգի պայմաններում գրեթե անհնար է դառնում սնանկ ճանաչված պարտապանից որևէ դրաման հատուցում ստանալու հնարավորությունը: Համակարգը իրականում բավականին արդյունավետ է և այն չափանիշները, որոնք օգտագործվում են վարկունակության, հետևաբար նաև սնանկության վտանգի գնահատման համար, ընկերության գործունեության շարունակման հնարավորության իրական ինդիկատորներ են հանդիսանում.
35% Վճարման պատմություն- բռնագանձումներ դատարանի վճիռներով, հանրային իրավական պահանջներով, հաշտության համաձայնություններ. Արգելադրում ուշ վճարումներ-
30% Պարտավորության ծավալ;
15% վարկային պատմության ժամանակահատված
10% օգտագործվող վարկի տեսակը
10% նոր ներկայացված վարկային հայտեր


Այլ փոփոխություններ

Պարտապանի դեմ վարչական և արբիտրաժային գործերի կարճում
Նախկինում օրենքը չէր կարգավորում, թե արդյոք պետք է կարճվեն նաև պարտապանի դեմ վարչական կամ արբիտրաժային դատարաններում գտնվող գործերը: Ինչպես նաև բաց է մնում այդ գործերով կիրառված հայցային ապահովման միջոցները վերացնելու հարցը:

Պարտապանին վերաբերող բոլոր դատական վեճերի քննությունը մեկ վարույթում
Գործնականում հաճախ է հանդիպում, երբ պարտապանին վերաբերող վեճերը քննվում են տարբեր դատարաններում, օրինակ, երբ պարտապանը վիճարկում է գործարքների անվավերությունը, գույքային պահանջներ է ներկայացնում և այլն: Նման դեպքերում սնանկության գործը մնում է առկախված:
Պարտապանին վերաբերող բոլոր քաղաքացիական գործերը մեկ վարույթում քննելը կարող է այն ավելի արդյունավետ դարձնել:


Ֆինանսական առողջացման ծրագրի առավելագույն ժամկետը փոփոխվել է, նախկինում այն 24 ամիս էր, իսկ այժմ չի կարող գերազանցել 36 ամիսը, եթե սույն օրենքով սահմանված կարգով դրա գործողության ժամկետը չի երկարաձգվել:


Նախատեսվել են սնանկության կառավարչի վարքագծի լրացուցիչ կանոններ.
Այս առումով արժեքավոր փոփոխություններ են կատարվել նախատեսելով կառավարչի կողմից իր լիազորությունները հնարավոր սեղմ ժամկետում կատարելու մասով, քանի որ բազմաթիվ անբարեխիղճ կառավարիչներ  տարիներով անհիմն ձգձգում են իրենց սնանկության գործերը, ուստի այս կարգավորման ուժով հնարավոր կդառնա բարձրացնել վերջիններիս պատասխանատվության հարցը այդպիսի ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու դեպքում. Սահմանվել է հետևյալ պարտավորությունները
1) ապահովել հարգալից և անկողմնակալ վերաբերմունք պարտապանի և պարտատերերի նկատմամբ.
2) կողմերին պարզաբանել սնանկության գործընթացի բնույթը.
3) պահպանել սնանկության գործի ընթացքում իրեն հայտնի դարձած օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները.
4) սնանկության գործընթացում իրեն վերապահված լիազորություններն իրականացնել հնարավոր սեղմ ժամկետներում.
5) նպաստել կառավարիչների նկատմամբ վստահության ձևավորմանը: "


Նախատեսվել է ֆինանսական առողջացման դեպքում կառավարչի վարձատրությունը

Պարտապանի ֆինանսական առողջացման դեպքում կառավարչի վարձատրության չափը սահմանվում է ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման չափի առնվազն հինգ տոկոսի չափով: Իսկ ֆինանսական առողջացման ծրագիրը հաջողությամբ ավարտելու և պարտապանի առողջացման դեպքում կառավարչին վճարվում է պարգևավճար `ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված կարգով:
Այնուհանդերձ շարունակում է բավականին ցածր մնալ կառավարչի վարձատրությունն այն դեպքերում Եթե պարտապանը չունի գույք, կամ նրա գույքի արժեքը պակաս է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից: Այս դեպքում սնանկության գործի ավարտից հետո `մեկամսյա ժամկետում, կառավարչին վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից `նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Բնականաբար 30.000 դրամը չնչին գումար է կազմում համեմատած այն աշխատանքի, որն իրականցվում է կառավարչի կողմից. Իրականում այս գումարը նաև չի ծածկում կառավարչի կողմից կատարված ծախսերի մի մասը: Ուստի օրենքի նախագծի հիմնավորումներում նշված այն կարծիքը, որ սրանով «Կլուծվեն սնանկության կառավարիչների վարձատրության հետ կապված խնդիրները ..» խիստ չափազանցված է և այդ նվազագույն չափը վերանայման կարիք ունի:

 

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency