Ինչ պետք է անել պարտապանի մահվան դեպքում

Եթե տրամադրել եք պարտքով գումար /փոխառություն/, իսկ հետագայում տեղեկացել  պարտապանի մահվան մասին, անհրաժեշտ է ձեռնարկել իրավական գործողություններ պարտապանի հնարավոր ժառանգներին պարզելու, իսկ արդյունքներով պայմանավորված՝ պարտքի վերադարձման պահանջը ճիշտ հասցեատիրոջը ներկայացնելու ուղղությամբ:
Համաձայն գործող օրենսդրության՝ պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը  ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին:

Քանի որ, գործող օրենսդրությամբ ժառանգությունն ընդունած ժառանգը կրում է ժառանգություն ստացված գույքի արժեքի սահմաններում ժառանգատուի պարտքերը մարելու պարտավորություն, ուստի, նախքան ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, ժառանգատուն պետք է տեղեկացված լինի ժառանգատուի պարտքերի ամբողջական ծավալի մասին: Սա է պատճառը, որ օրենսդիրը, պահանջների ներկայացումը հնարավոր է համարում բացառապես ժառանգության բացման պահից վեցամսյա ժամկետում՝ ապահովելով ժառանգի՝ ժառանգությունն ընդունելու հարցում կողմնորոշվելու հնարավորությունը:
Պահանջի իրավաբանորեն գրագետ ներկայացումը պարտքով տրված գումարի /փոխառության/ վերադարձման կարևորագույն նախապայմանն է, ուստի գործընթացին անհրաժեշտ է վերաբերյալ ամենայն պատասխանատվությամբ, իսկ իրավահարաբերությունների ոչ այնքան սպառիչ կարգավորման պայմաններում նաև՝ հնարավոր ռիսկերը կանխատեսելով:

Անդրադառնանք յուրաքանչյուր պահանջին առանձին.
1. Պարտատիրոջ կողմից պահանջը կարող է ներկայացվել բացառապես օրենքով սահմանված անձանց շրջանակին: Այն դեպքում, երբ տեղեկացել եք, որ ժառանգությունը տեղի է ունենալու կտակի հիման վրա /ժառանգատուն կենդանության օրոք կազմել է կտակ/ և կտակում նշված է կտակակատար, ապա դրամական պահանջը կարող է ներկայացնել հենց կտակակատարին:
Կտակակատարը կտակում նշված այն անձն է, ով կտակը կազմվելիս համաձայնել է հետագայում կատարել կտակում նշված պահանջները: Կտակակատարը պարտավոր է միջոցներ ձեռնարկել ժառանգության պահպանման և կառավարման համար, տեղեկացնել ժառանգների ժառանգության բացման վերաբերյալ և կատարել օրենքով սահմանված մի շարք այլ գործողություններ, որոնք անհրաժեշտ են կտակի /կտակում նշված պահանջների կատարման ուղղությամբ/: Նկատի ունենալով կտակակատարի ակտիվ դերակատարումը կտակի կատարման գործընթացում, այդ թվում՝ կտակով ժառանգ հանդիսացող անձանց հետ փոխհարաբերություններում, օրենսդիրը, սահմանելով պարտատերերի պահանջները վերջինիս ներկայացնելու իրավական հնարավորությունը, ելել է այն տրամաբանությունից, որ կտակակատարի միջոցով ժառանգատուի պարտքերի վերաբերյալ տեղեկացվել են նաև կտակում նշված հնարավոր ժառանգները:
Սակայն պետք է նկատի ունենալ, որ կտակի առկայությունը դեռևս չի նշանակում կտակակատարի առկայություն: Օրինակ, կարող է կտակում բացակայել կտակակատարի վերաբերյալ որևէ նշում: Ավելին, անգամ կտակակատարի առկայության դեպքում խորհուրդ է տրվում, ժամանակն օգտագործել արդյունավետ և, այնուամենայնիվ, պարզել հնարավոր ըստ օրենքի ժառանգներին ժառանգներին, քանի որ անգամ կտակակատարի և իրավական հետևանքներ առաջացնող կտակի առկայության պայմաններում ժառանգական զանգվածի մեջ մտնող գույքի ժառանգումն ամբողջությամբ կամ մասնակի կարող է տեղի ունենալ ըստ օրենքի ժառանգության կանոններով:  Պետք է մշտապես ելնել այն իրողությունից, որ ժառանգման գործընթացը որոշակիորեն անկանխատեսելի է. նախ՝ կախված այն հանգամանքից, թե ժառանգումը տեղի է ունենալու կտակի հիման վրա, թե ըստ օրենքի ժառանգության կանոններով, ժառանգները կարող են չհամընկնել: Բացի դա՝ ժառանգությունը չընդունելու՝ ժառանգների իրավունքով պայմանավորված, կարող է տեղի ունենալ ինչպես ժառանգման կանոնների /ըստ օրենքի ժառանգություն, կտակի միջոցով ժառանգություն/, այնպես էլ դրանով պայմանավորված ժառանգների փոփոխություն: Քանի որ, գործող օրենսդրությամբ, պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացնելու հարաբերությունները կարգավորված են խիստ մակերեսային, և դրանցում հաշվի չեն առնված գործնականում հաճախ հանդիպող մի շարք իրավիճակներ, ուստի խորհուրդ է տրվում անգամ կտակակատարի առկայության դեպքում պահանջն, այնուամենայնիվ, ներկայացնել նաև ըստ օրենքի հնարավոր ժառանգներին:


Իսկ ովքե՞ր են ըստ օրենքի ժառանգները.


Գործող օրենսդրությամբ առանձնացվում է ժառանգների չորս խումբ /հերթ/, որոնցից յուրաքանչյուրը ժառանգության է հրավիրվում, երբ գույքի ժառանգումը տեղի չի ունենում նախորդ խումբ ժառանգների կողմից:
Առաջին հերթին ժառանգության են հրավիրվում մահացածի ծնողները, զավակները և ամուսինը /կինը/: Նշանակում է՝ պարտատերը պետք է միջոցներ ձեռնարկի հենց հիշյալ անձանց իր պահանջները ներկայացնելու ուղղությամբ: Վերջիններիս բացակայության պայմաններում, ժառանգության են հրավիրվելու հաջորդաբար հետագա հերթերի ժառանգները: Երկրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը: Ներկայացման իրավունքով ժառանգելու իրավունք ունեն նաև Ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները: Երրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմի պապը և տատը: Չորրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ծնողների եղբայրները և քույրերը (հորեղբայրները, հորաքույրները, քեռիները, մորաքույրները), իսկ ներկայացման իրավունքով նաև՝ Ժառանգատուի հորեղբայրների և հորաքույրների ու քեռիների և մորաքույրների երեխաները:
Այսպիսով, հնարավոր ժառանգներին պետք պարզել անհապաղ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պահանջները ներկայացնելու պարտատիրոջ իրավունքը սահմանափակված է օրենքով:
2. Պահանջները պետք է ներկայացվեն պարտապանի /ժառանգատուի/ մահվան պահից վեց ամսվա ընթացքում: Պետք է նկատի ունենալ, որ սա օրենքի իմպերատիվ պահանջ է և դրա չպահպանումը զրկում է պարտատիրոջը հետագայում պահանջ ներկայացնելու իրավունքից: Ընդ որում, գործող օրենսդրությունը չի նախատեսում հիշյալ ժամկետը վերականգնելու իրավական հնարավորություն անգամ այն դեպքերի համար, երբ պարտատերը պարտապանի մահվան լուրն իմացել է հիշյալ ժամկետի ավարտից հետո:
3. Պահանջներն անհրաժեշտ է ներկայացնել գրավոր, այնպես, որ վեճ առաջանալու դեպքում պահանջը ներկայացրած լինելու փաստն ապացուցելու դատավարական բեռը կրող պարտատերը կարողանա այն հաստատել որևէ գրավոր ապացույցով: Նման ապացույց կարող է ծառայել օրինակ ուղարկված առաքանու փոստային անդորրագիրը /առավել ցանկալի է՝ փոստային կապի կողմից տրամադրվող հավաստագիրը՝ առաքանին ստացված լինելու վերաբերյալ/, կամ պահանջի կրկնօրինակը՝ այն ստացողի հաստատմամբ: Պետք է նկատի ունենալ, որ հարցին առնչվող դատական գործերից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանը հնարավոր է համարել նաև վեցամսյա ժամկետում հնարավոր ժառանգի դեմ հայցի ներկայացումը:

Այսպիսով, ամենայն պատասխանատվությամբ մոտեցեք պարտքի հետագա բռնագանձումը կանխորոշող ներկայացված ընթացակարգին, անշեղորեն պահպանեք յուրաքանչյուր պահանջ, կանխատեսեք ցանկացած իրավիճակ, ինչը կարող է առաջանալ հետագայում ժառանգի կողմից «առարկության» տեսքով, կամ պարզապես վստահեք գործընթացի պատշաճ կատարումը մասնագետներին:

    

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency