Էլեկտրոնային առևտուր
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում 2016 թվականի հունիսի 17-ին կատարված լրացումներով և փոփոխություններով սահմանվել են նոր իրավական կարգավորումներ, որոնցով փորձ է արվել իրավական կարգավորման դաշտ տեղափոխելու էլեկտրոնային առևտուրը, որն այսօր արդեն իր զարգացման տեմպերով չի զիջում ավանդական՝ իրական ժամանակում կատարվող առևտրային հարաբերություններին: Ինտերնետի զարգացմանը զուգընթաց էլեկտրոնային առևտրի տարածումն ամբողջ աշխարհում պահանջում է համապատասխան իրավական կարգավորումների ենթարկել էլ առևտուրը:

Է-կոմերց, E-commerce, Էլ առևտուր. նշանակում է  ապրանքերի առք և վաճառք ինտերնետի միջոցով և հիմնականում ասոցացվում է օնլայն առևտրի հետ: Էլ առևտրի մի քանի տարբերակների մեջ առավելապես գերիշխում են B2B – բիզնես-բիզնես, B2C բիզնես-սպառող և C2C սպառող-սպառող էլեկտրոնային առևտրի տեսակները.
Էլեկտրոնային առևտրի ներկայիս վիճակագրությունը փաստում է, որ ինտերնետ օգտագործողների շուրջ 41% որևէ ապրանք են գնել էլեկտրոնային առևտրի միջոցով, որը գերազանցում է իրականացված գործարքների 1 միլիարդ ցուցանիշը՝ շարունակական աճի տենդենցներով:
 Էլեկտրոնային առևտրի տարածված հարթակների օրինակներ են հանդիսանում այնպիսի հսկա ընկերություններ ինչպիսիք են Ամազոնը, Ալիբաբան , որոնք հանդես են գալիս որպես բիզնես-սպառող B2C էլեկտրոնային հարթակներ և իհարկե eBay-ը որպես սպառող-սպառող C2C էլեկտրոնային հարթակ, ապահովվելով ապրանքների վաճառքը սակարկությունների միջոցով:
Հայաստանում էլեկտրոնային առևտուրը   գտնվում է   զարգացման սկզբանական փուլում, և սպառողները համեմատաբար զգուշությամբ են վերաբերում էլեկտրոնային եղանակով դրամական փոխանցումներ իրականացնելուն կամ իրենց վճարային քարտի տվյալներն էլեկտրոնային առևտրային հարթակներում օգտագործմանը:
Էլ առևտրի Իրավական կարգավորման բազայի ստեղծումն ու ընդլայնումը հնարավորինս կարող է նպաստել դրա զարգացմանը և   ՀՀ քաղ. Օրենսգրքում և այլ օրենքներում կատարված փոփոխությունները այս առումով դրա հաջող մեկնարկի նախանշաններ են:
Էլ առևտրի զարգացման կարևորագույն նախապայմաններից է զարգացած վճարահաշվարկային համակարգերի առկայությունը. Ամբողջ աշխարհում ամենատարածված  վճարահաշվարկային համակարգը Paypal Հայաստանում լիարժեք չի գործում, բացակայում է հնարավորություն ստանալու դրամական միջոցներ, եթե հաշվետերը ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ է՝ պահպանելով միայն վճարումներ կատարելու հնարավորությունը:  Paypal համակարգի կիրառումը ՀՀ-ում առաջին հերթին կնպաստի բիզնեսի զարգացմանը, տեղական արտադրանքի վաճառքին՝ իրականացվող առևտրային գործարքների ավելացմանը: ՀՀ տնտեսվարողները հնարավորություն կստանան իրենց ապրանքն առաջարկել ոչ միայն տեղական, այլև միջազգային էլեկտրոնային առևտրային հարթակներում և ստանալ դրամական փոխանցումներ:
Կենտրոնական բանկի պատասխանատուները նշում են, որ Paypal-ը մասնավոր ընկերության է, ինքն է որոշում իր   քաղաքականությունը: Համագործակցելու համար Հայաստանի կենտրոնական բանկը դիմել է այդ ընկերությանը: ՛՛Չնայած պատրաստակամությանն՝ ընդհանուր հայտարարի չկարողացան գալ:՛՛
Ցավոք սա մեր իրականության մի մասն է, որտեղ պետություն ներկայացնող Կենտրոնական բանկը մասնավոր մի ընկերության հետ նույնիսկ չի կարողանում համաձայնության գալ, այն էլ մեզ համար այսպիսի կարևոր նշանակություն ունեցող հարցով, սակայն հաջողությամբ ստանձնել է առևտրային բանկերի իրավունքների պաշտպանությունն իրականացնելու գործառույթը. գուցե և խնդիրը վարչարարություն իրականացնող անձանց մեջ է և ժամանակի ընթացքում այն հնարավոր է լուծվի. ինչևէ, առանց միջազգային   վճարահաշվարկային համակարգերի զարգացման էլեկտրոնային առևտուրը սահմանափակված է լինելու միայն մեր երկրի տարածքում սահմանափակ հնարավորություններով և սահամանափակ դրամաշրջանառությամբ. Իսկ առկա իրավիճակի այլընտրանք պարզ է. այդ դրամաշրջանառությունն անվերադարձ ուղղվում է արտասահմանյան երկրներում բացված ընկերությունների բանկային հաշիվներ, որտեղ կարողացել են պայմանավորվել Paypal-ի հետ…

Այն որ էլեկտրոնային վճարումների  ավելացումը հանգեցնում է ստվերային տնտեսության  կրճատման և վճարվող  հարկերի ավելացման արդեն գաղտնիք չէ որևէ երկրում, ուստի պետություններն առաջնահերթ իրենք են շահագրգռված էլեկտրոնային առևտրի ոլորտը կարգավորելու և զարգացնելու հարցերում:
Նոր իրավակարգավորումներով  ներկայացվում են մի շարք նոր եզրույթներ, որոնք մինչ այժմ գործածական չեն եղել քաղաքացիական շրջանառությունում

Էլեկտրոնային առեւտրային հարթակ. Կայք, որտեղ տեղի է ունենում ապրանքի վաճառքը www....am
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին կից գնումների կարգավորման մասին արձանագործությամբ տրված է Էլեկտրոնային առևտրային հարթակի և հարթակի օպերատոր հասկացությունը՛
«Էլեկտրոնային առեւտրային հարթակ (էլեկտրոնային հարթակ)»՝ կայք համացանցում, որը որոշվել է անդամ պետության գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային ձեւաչափով գնումների իրականացման համար։ Ընդ որում՝ անդամ պետության՝ գնումների մասին օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ համացանցային պորտալն է էլեկտրոնային առեւտրային հարթակ (էլեկտրոնային հարթակ), ինչպես նաեւ պետք է որոշվի էլեկտրոնային առեւտրային հարթակների (էլեկտրոնային հարթակների) սահմանափակ քանակը.
 «Էլեկտրոնային առեւտրային հարթակի (էլեկտրոնային հարթակի) օպերատոր»՝ իրավաբանական անձ կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, տնօրինում է էլեկտրոնային առեւտրային հարթակը (էլեկտրոնային հարթակը), դրա գործարկման համար անհրաժեշտ ծրագրա-ապարատային միջոցները եւ (կամ) ապահովում է դրա գործարկումը.
 
Էլեկտրոնային առեւտրային հարթակի (էլեկտրոնային հարթակի) օպերատորի կամ շահագործողի պատասխանատվությունը նախատեսվել է ՀՀ քաղ. Օր 416.2 հոդվածով
Երրորդ անձանց համար պայմանագրեր կնքելու կամ կատարելու հարթակ ծառայող ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի շահագործողը (էլեկտրոնային առեւտրային հարթակի շահագործողը) երրորդ անձանց միջեւ կնքված պայմանագրերից ծագող պարտավորությունների համար պատասխանատվություն չի կրում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, էլեկտրոնային առեւտրային հարթակ շահագործողի ու երրորդ անձի միջեւ կնքված պայմանագրով:
  Սույն հոդվածի 1-ին մասը չի գործում, եթե էլեկտրոնային առեւտրային հարթակ շահագործողն էլեկտրոնային առեւտրային հարթակը շահագործել է օրենքի պահանջների խախտմամբ:":
Այսինքն` կայքն ունի սահմանափակ պատասխանատվություն իրականացված գործարքների մասով և ցանկացած պահանջ կայքին հնարավոր է միայն, եթե կայքի կողմից խախտվել են օրենսդրության պահանջները:
Նմանատիպ սահամանափակ պատասխանատվություն է սահմանվել նաև Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողի համար (ծառայություն, որը, որպես կանոն, մատուցվում է հատուցման դիմաց, և ամբողջությամբ կամ մասամբ բաղկացած է էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ազդակների հաղորդումից, իսկ համապատասխան դեպքերում` ազդակների ուղղորդումից, սակայն չի ներառում էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով հաղորդվող բովանդակության նկատմամբ խմբագրական հսկողություն տրամադրող կամ իրականացնող ծառայությունները.)
Խոսքը վերաբերում է ինտերնետ ծառայություններ մատոցող օպերատորներին. Օրինակ, եթե ձեր օպերատորը Յուքոմ ընկերությունն է, և դուք օգտագործելով յուքոմի կապը որևէ գործարք իրականացնեք որևէ կայքում, ապա վերջինս այդ գործարքի համար որևէ պատասխանատվություն չի կրում
  Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից իր տեղեկատվական համակարգի միջոցով փոխանցված էլեկտրոնային փաստաթղթի բովանդակության, ինչպես նաեւ այն փոխանցելու միջոցով երրորդ անձանց միջեւ ծագած պարտավորությունների համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ ծառայություն մատուցողի հետ կնքված պայմանագրով:
 
 Էլեկտրոնային պայմանագիր
ՀՀ քաղ. Օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ մասի խմբագրութան փոփոխությունն է .
 3. Պայմանագիրը գրավոր ձեւով կարող է կնքվել կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու, ինչպես նաեւ փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային հաղորդակցության կամ կապի այլ միջոցներով տեղեկություն կամ հաղորդագրություն (փաստաթուղթ) փոխանակելու միջոցով, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու դրա իսկությունը եւ ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է պայմանագրի կողմից: Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով պայմանագիր կնքելիս, եթե օրենքով նման պայմանագրի ձեւի վերաբերյալ այլ պահանջ սահմանված չէ, էլեկտրոնային թվային ստորագրությամբ չպաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ անձի կողմից ձեռագիր ստորագրված փաստաթուղթը:":
Փոփոխությամբ ձեռագիր ստորագրված պայմանագրին հավասարեցվում է նաև Էլեկտրոնային պայմանագիրը, եթե դրա վրա նույնիսկ առկա չէ էլեկտրոնային ստորագրություն: Փոփոխության մեջ նշված է ՛՛էլեկտրոնային թվային ստորագրությամբ չպաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ՛՛ հասկացությունը...

 Օֆերտայի ստացումը
 451-րդ հոդվածի 2-րդ մաս  երրորդ պարբերություն "Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով պայմանագիր կնքելիս օֆերտան համարվում է ստացված այն պահից, երբ այն մուտք է գործում հասցեատիրոջ կողմից նշված տեղեկատվական համակարգ, կամ հայտնաբերել է հասցեատերը, եթե այն ուղարկվել է նրա կողմից չնշված տեղեկատվական համակարգին:":

 Ավելի պարզ ասած, օֆերտան համարվում է ստացված  էլեկտրոնային հասցեին նամակը ստանալու պահից:

Ուղարկված օֆերտայում փոփոխություններ
452-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով "2. Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով պայմանագիր կնքելիս օֆերենտն ու ակցեպտանտն ունեն օֆերտայում կամ ակցեպտում իրենց վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների ճշտման իրավունք, պայմանով, որ այն իրականացվի վրիպակի, գրասխալի կամ թվաբանական սխալի հայտնաբերման պահից անհապաղ, եւ մյուս կողմը չի ձեռնարկել պայմանագրի կատարմանն ուղղված գործողություն (ապրանքներ բեռնել, աշխատանքներ կատարել, ծառայություններ մատուցել, վճարում կատարել եւ այլն), որը հանգեցրել է ծախսերի":
 Սա հնարավորություն է տալիս երկու կողմերին՝ առաջարկն ուղարկողին ու այդ առաջարկն ընդունողին որոշակի խելամիտ ժամանակահատվածում իրենց առաջարկներում կատարելու փոփոխություններ, եթե դրանում տեղ են գտել վիպակներ: Այդ ժամկետը սահմանափակված է մյուս կողմից արդեն իսկ իրականացված գործողություններով:

Ակցեպտի ստացումը
454-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով "4. Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով պայմանագիր կնքելիս ակցեպտը համարվում է ստացված այն պահից, երբ օֆերտայում նշված պայմանագրի պայմանները կատարելու ուղղությամբ գործողությունները ձեռնարկելու վերաբերյալ էլեկտրոնային ծանուցումը մուտք է գործում օֆերտա ուղարկած անձի կողմից նշված տեղեկատվական համակարգ, կամ այն հայտնաբերվել է օֆերտա ուղարկած անձը, եթե այն ուղարկվել է նրա կողմից չնշված տեղեկատվական համակարգին:":
 Օֆերտան համարվում է ստացված օֆերտան ուղարկած անձի էլեկտրոնային հասցեին ակցեպտի մասին նամակը ստանալու պահից:

 Ապրանքները  փոխարինելու կամ վերադարձնելու հնարավորությունը
Գնորդն իրավունք ունի պատշաճ որակի ոչ պարենային ապրանքն իրեն հանձնելու պահից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել, գնված ապրանքն այն գնելու կամ վաճառողի հայտարարած այլ վայրերում վերադարձնելու կամ փոխարինելու այլ չափի, ձեւի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ:
2. Ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու մասին գնորդի պահանջը բավարարվում է, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա սպառողական հատկանիշները, եւ առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:
3. Այն ապրանքների ցանկը, որոնք սույն հոդվածով սահմանված հիմքերով չեն կարող վերադարձվել կամ փոխարինվել, որոշվում է օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:":

Այստեղ պետք է ուշադրություն դարձնել հետևյալ երկու տարբերակներին
Վերադարձվող ապրանքներն ունեն թերություններ. Անպատշաճ են
Վերադարձվող ապրանքներն չունեն թերություններ.  Պատշաճ են
Առաջին տարբերում դրա փոխարինման կամ վերադարձման ծախսերը կրում է վաճառողը, իսկ երկրորդ տարբերակում՝ Գնորդն իր հաշվին է պարտավոր իրականացնել ապրանքների փոխարինումն կամ վերադարձը. Օրինակ եթե ապրանքնը առաքվել է տուն, ապա առաջին դեպքում վաճառողն իր հաշվին պարտավոր է կրկին առաքել պատշաճ ապրանքը կամ իր հաշվին վերացնել այն, և վերադարձնել վճարված գումարը:
Երկրորդ տարբերակի դեպքում ապրանքի վերադարձ կամ փոխանակում հնարավոր է հետևյալ բոլոր պայմանների միաժամանակյա առկայության, դեպքում, որևէ մեկի բացակայությունը հնարավորություն է տալիս վաճառողին ապրանքը հետ չընդունելու
-    Ապրանքը չի օգտագործվել
-    Պահպանված է սպառողական հատկանիշները
-    Առկա է այդ վաճառողից ձեռք բերելու վերաբերյալ ապացույց
Առաջին տարբերակի դեպում, սակայն, էական է միայն վերոնշյալներից 3 կետի առկայությունը, քանզի հաճախ միայն օգտագործմամբ է հնարավոր բացահայտելու ապրանքի անպատշաճ լինելու  փաստը: Օրինակ, երբ գնված իրն առաջին իսկ օգտագործմամբ   փչանում է
 
Օպերատորի կողմից Հարթակում վաճառք իրականացնողներին հսկելու պարտավորությունը
1. Էլեկտրոնային առեւտրային հարթակ շահագործողը պարտավոր չէ հսկել հարթակի օգտատերերի կողմից ներկայացվող բովանդակության օրինականությունը եւ համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ էլեկտրոնային առեւտրային հարթակի շահագործողն իմացել է կամ պետք է իմանար օգտատերերի կողմից ներկայացվող բովանդակության ակնհայտ անօրինական, ակնհայտ ոչ հավաստի լինելու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ակնհայտ չհամապատասխանելու մասին:
2. Էլեկտրոնային առեւտրային հարթակ շահագործողը պարտավոր է ցուցադրել վաճառողի (աշխատանքներ կատարողի, ծառայություններ մատուցողի) վերաբերյալ օրենքով սահմանված պարտադիր տեղեկատվությունը եւ պահպանել վաճառողի (աշխատանքներ կատարողի, ծառայություններ մատուցողի)` հարթակում գրանցված լինելու ամբողջ ժամանակահատվածում եւ դրա ավարտից հետո` առնվազն 1 տարի, եթե ավելի երկար ժամկետ նախատեսված չէ օրենքով կամ էլեկտրոնային առեւտրային հարթակ շահագործողի հետ կնքված պայմանագրով:":
 Թեև առաջին մասում խոսվում է Օպերատորի սահմանափակ պատասխանատվության մասին, սակայն երկրորդ մասը կարևոր լրացում է հանդիսանում վերջինիս պատասխանատվությանը, սահմանելով որ նա պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի  վաճառողի (աշխատանքներ կատարողի, ծառայություններ մատուցողի) վերաբերյալ օրենքով սահմանված պարտադիր տեղեկատվությունը ցուցադրված լինի հարթակում, նույնիսկ եթե վերջիններս ջնջեն իրենց վերաբերյալ տվյալներում, ապա հարթակը շահագործողը պարտավոր է պահպանել դրանք առնվազն մեկ տար և անհրաժեշոտւթյան դեպքում , ըստ պահանջի տրամադրել հարցումը կատարած անձին: Դրանք այնպիսիս տեղեկություններ են, որոնք հնարավորություն են տալիս անհատականացնելու ապրանքի վաճառքն իրականացրած անձին Այս պահանջի չկատարումը կարող է առաջ քաշել հարթակը շահագործող օպերատորի պատասխանատվության հարցը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 416.2 հոդվածի ուժով:

Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում սահմանվել է, որ Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով իրականացվող առևտրի և ծառայությունների հետ կապված հարցերը կարգավորվում են նույն Օրենքի 4.1-ին գլխով: Օրենքի 4.1-ին գլխի կանոնները կիրառելի են հեռուստատեսային առևտրի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, կամ եթե նշված կանոնների կիրառումը չի հակասում դրա էությանը
1. Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով առևտուր և (կամ) ծառայություն իրականացնելիս գնորդին պետք է հասանելի լինի հետևյալ տեղեկատվությունը.
ա) պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ գործողությունների հաջորդականությունը, այդ թվում` օֆերտա կամ ակցեպտ համարվող գործողության վերաբերյալ ճշգրիտ տեղեկություն, որը պետք է պարունակի բավարար ու որոշակի տեղեկություններ պայմանագիրը կնքված համարվելու պահի մասին, ինչպես նաև տեղեկատվություն այն գործողության մասին, որն առաջացնելու է վճարման պարտականություն.
բ) գնորդի նշած վայր ապրանքի առաքման (աշխատանքի կատարման, ծառայության մատուցման) սահմանափակումները` մինչև գնորդի կողմից ապրանքը գնելու գործողությունն սկսելը.
գ) ապրանքի փոխանակման կամ վերադարձման պահանջների հետ կապված տեղեկությունները.
դ) կայքի շահագործման հասանելիության սահմանափակումները` դրանց առկայության դեպքում.
ե) կայքի շահագործման` սարքավորումների կամ ծրագրային ապահովման հետ համատեղելիության կամ փոխգործակցության սահմանափակումները, որոնց մասին տեղյակ է կամ ողջամտորեն պետք է տեղյակ լինի վաճառողը (աշխատանքներ կատարողը, ծառայություններ մատուցողը).
զ) բողոքների քննության և վեճերի լուծման արտադատական կարգը.
է) օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված պարտադիր այլ տեղեկատվություն:
2. Ինտերնետային կայքում կամ էլեկտրոնային հավելվածում (էլեկտրոնային առևտրային հարթակում) կարող է հղում նախատեսվել մեկ այլ էլեկտրոնային փաստաթղթի, որը պարունակում է կնքվող պայմանագրի պայմանները: Ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը պետք է ապահովի տվյալ հղման տեխնիկական հասանելիության կարգն ու ժամկետները:
3. Ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը պետք է հնարավորություն ընձեռի գնորդին պահպանելու կնքված պայմանագիրը կամ պայմանագրի կնքումից հետո ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան պայմանագրի կատարումն սկսելն այն այլ կերպով հասանելի դարձնել կողմին:
4. Ֆիզիկական անձինք էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ապրանքների վաճառք կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառված լինելու (հարկ վճարողի հաշվի համար ունենալու) և էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի առկայության դեպքում: Այն դեպքում, երբ ֆիզիկական անձինք էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով վաճառում են անձնական գույքն ու իրերը, ապա էլեկտրոնային առևտրային հարթակում նախատեսվում է առանձին բաժին (ենթաբաժին)` անձնական գույքին վերաբերող գործարքները տարբերակելու համար:»

Անձնական գույքի վաճառքն իրականացնելու համար ԱՁ կարգավիճակ կամ իրավաբանական անձ ունենալ չի պահանջվում, սակայն հարթակը պարտավորվում է այսուհետ տարբերակել անձնական գույքի վաճառքը կոմերցիոն գույքի վաճառքից առանձին բաժին նախատեսելու միջոցով:

Փոփոխություն եւ լրացումներ են կատարվել նաև «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» (սահմանվել է, որ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով, այդ թվում նաեւ հեռուստատեսությամբ վաճառքի իրականացման համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ ) և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ( սահմանվել են էլեկտրոնային հարթակներում վաճառվող ապրանքի փոխարինմանը կամ ետ վերադարձմանը, վաճառողի կողմից սպառողին տեղեկատվության տրամադրմանը, ինչպես նաեւ սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված լրացուցիչ դրույթներ) Հայաստանի Հանրապետության օրենքներում

Էլեկտրոնային հարթակ շահագործողները պետք է անհապաղ   համապատասխան փոփոխություններ կատարեն իրենց կայքերում հետագայում իրավական խնդիրներից խուսափելու համար:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency