Երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական կարգավորումները

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Հայաստնի Հանրապետության Սահմանադրության 47-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքը նաև այն երեխայի համար, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

Իրավահարաբերությունները կարգավորում են ստացել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով: Համաձայն հիշյալ օրենքի՝ երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Այն դեպքում, երբ երեխայի ծնվելու պահին ծնողներից մեկը հանդիսանում է օտարերկրյա քաղաքացի, երեխան կարող է ձեռք բերել Հայաստանի հանրապետության քաղաքացիություն բացառապես երկու ծնողների գրավոր համաձայնությամբ:
Պահանջվող համաձայնության վերաբերյալ ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության պետի կողմից 2016 թվականի օգոստոսի 30-ին տրվել է պաշտոնական պարզաբանում, որով ասվել է, որ «համաձայնություն» տերմինը վերաբերում է միայն երեխայի՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուն, քանի որ այն պահանջվում է բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հետ կապված հարաբերությունները կարգավորող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով:
Ըստ պարզաբանումների՝ ծնողների կողմից համաձայնության բացակայություն է համարվում ինչպես ծնողների ունեցած փաստացի անհամաձայնությունը երեխայի՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ, այնպես էլ ծնողներից մեկի կամարտահայտման բացակայությունն ընդհանրապես:
Համաձայն գործող օրենսդրության՝  նշված համաձայնությունը չի պահանջվում այն դեպքում, երբ երեխան ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, առկա է վտանգ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում երեխան դառնալու է քաղաքացիություն չունեցող անձ, կամ երբ երեխայի ծնողները մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում:
Համաձայն, խնդրի առնչությամբ ոստիկանության պետի կողմից տրված պաշտոնական պարզաբանումների՝ նույնիս երկու ծնողների համաձայնությամբ երեխայի՝ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու հանգամանքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար:

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency