Իրավաբանական անձի գործունեությունը դադարում է դրա լուծարմամբ: Լուծարման դեպքում իրավահաջորդություն չի առաջանում: Հենց դա նկատի ունենալով է, որ օրենսդիրը նախատեսել է իրավաբանական անձի լուծարման հատուկ գործընթաց, որն ապահովում է բոլոր պարտատերերի տեղեկացումը և պահանջների ներկայացումը իրավաբանական անձին:

Լուծարման պետական գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) կողմից, բացառությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցված իրավաբանական անձանց լուծարման դեպքերի (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, պայմանագրային ներդրումային ֆոնդեր և այլն):

Եթե լուծարվող իրավաբանական անձի գույքը բավարար չէ բոլոր պարտատերերի պահանջները բավարարելու համար, այն կարող է լուծարվել միայն իրավաբանական անձին սնանկ ճանաչելու գործընթացով:

Իրավաբանական անձը կարող է լուծարվել` իր հիմնադիրների /մասնակիցների/ կամ կանոնադրությամբ նախատեսված մարմնի որոշմամբ` ներառյալ նաև այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար այն ստեղծվել է,

դատական կարգով` գրանցումն անվավեր ճանաչելու, առանց թույլտվության կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու, օրենքների կամ իրավական ակտերի բազմակի կամ կոպիտ խախտումների, հասարական կազմակերպությունների կամ հիմնադրամների կողմից իրենց կանոնադրական նպատակներին հակասող գործունեությամբ զբաղվելու դեպքերում, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Իրավաբանական անձը լուծարվում է նաև սնանկության դեպքերում «Սնանկության  մասին» օրենքով նախատեսված կարգով:

Իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի մարմինը այդ մասին պարտավոր է անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց գրանցող մարմնին / պետ ռեգիստր/, որը իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրանցում է կատարում տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին:

Լուծարման մասին որոշում ընդունած մարմինը նշանակում է լուծարման հանձնաժողով /լուծարող/ և սահմանում է լուծարման կարգն ու ժամկետները: Այդ պահից հանձնաժողովին են անցնում իրավաբանական անձի գործերի կառավարման լիազորությունները:

Հանձնաժողովն իրավաբանական անձի պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հայտարություն է զետեղում լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետների մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից` սկսած հրապարակման պահից:

Հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում պարտատերերին հայտնաբերելու և դեբիտորական պարտքերն ստանալու ուղղությամբ:

Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման միջանկյալ հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող իրավաբանական անձի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև դրանց քննարկման արդյունքների մասին: Այն հաստատում է լուծարման մասին որոշում ընդունած մարմինը:

Եթե լուծարվող իրավաբանական անձի դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի բոլոր պահանջները բավարարելու համար, հանձնաժողովը հրապարակային աճուրդով վաճառում է իրավաբանական անձի գույքը:

Քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված է պարտատերի պահանջների բավարարման հերթականությունը, ըստ որի`

առաջին հերթին բավարարվում են լուծարվող իրավաբանական անձի գույքի գրավով ապահովված պարտավորություններով պարտատերերի պահանջները.

երկրորդ հերթին բավարարվում են այն քաղաքացիների պահանջները, որոնց առջև լուծարվող իրավաբանական անձը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար` համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման միջոցով.

երրորդ հերթին վճարվում է աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց արձակման նպաստների, աշխատավարձի և հեղինակային պայմանագրերով վարձատրությունը.

չորրորդ հերթին մարվում է բյուջե կատարվող պարտադիր վճարների պարտքը.

հինգերորդ հերթին հաշվարկներ են կատարվում մնացած պարտատերերի հետ` բացառությամբ ստորադաս փոխառություններով պարտատերերի.

վեցերորդ հերթին հաշվարկներ են կատարվում ստորադաս փոխառություններով պարտատերերի հետ:

Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարվելուց հետո:

Լուծարման հանձնաժողովի կողմից պարտատիրոջ պահանջների բավարարումը մերժելու կամ դրանք քննարկելուց խուսափելու դեպքում մինչև իրավաբանական անձի լուծարման հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի հայց հարուցել ընդդեմ լուծարման հանձնաժողովի:

Լուծարման հանձնաժողովի կողմից պահանջներ ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո պարտատիրոջ ներկայացրած պահանջները բավարարվում են լուծարված իրավաբանական անձի գույքից, որը մնացել է պարտատերերի` ժամանակին ներկայացված պահանջները բավարարելուց հետո:

Լուծարման հանձնաժողովի կողմից մերժված պարտատերերի պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են մարված:

Լուծարման հանձնաժողովի կողմից պարտատիրոջ պահանջների բավարարումը մերժելու, կամ դրանց քննարկումից խուսափելու դեպքում, մինչև իրավաբանական անձի լուծարման հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի հայց հարուցելու ընդդեմ լուծարման հանձնաժողովի:

Պահանջներ ներկայացնելու համար հանձնաժողովի սահմանած ժամկետը լրանալուց հետո ներկայացված պահանջները բավարարվում են այն գույքից, որը մնացել է ժամանակին ներկայացված պահանջները բավարարելուց հետո:

Հանձնաժողովի մերժած պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են մարված:

Օրենքով սահմանված այս սկզբունքների չիմացության արդյունքում է, որ պարտատեր քաղացիները լուծարվող իրավաբանական անձին ժամանակին պահանջ չներկայացնելով կամ լուծարային հանձնաժողովի մերժումը դատական կարգով չվիճարկելով՝ զրկվում են բավարարում ստանալու հնարավորությունից:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency