Ցանկանու՞մ եք պարտքով գումար հանձնել կամ արդեն հանձել եք և պարտապանը չի՞ վերադարձնում

Եթե որոշել եք պարտքով գումար տալ որևէ մեկին կամ պարտք վերցնել, ապա ցանկալի է /նույնիսկ պարտադիր, եթե գումարի չափը գերազանցում է 20.000 ՀՀ դրամը կամ եթե մի կողմը իրավաբանական անձ է/ այդ գործարքը ձևակերպել որևէ փաստաթղթով: Պարտքով գումար հանձնելու/ստանալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:  Այդ հարաբերությունների առավել տարածված և ընդունելի օրինականացման  տարբերակներից մեկը փոխառության պայմանագիր կնքելն է, որտեղ գումար հանձնողը Փոխատուն է իսկ գումարը ստացողը՝ Փոխառուն:
Փոխառության պայմանագիր կնքելիս հարկ է նկատի ունենալ մի շարք կարևոր հանգամանքներ. Պարտքով գումար հանձնելու, այսինքն` փոխառության պայմանագիր կնքելու համար այդ պայմանագրի նոտարական վավերացում չի պահանջվում անկախ գումարի չափից:  Այսինքն` փոխատուի և փոխառուի միջև սովորական գրավոր ձևով կնքված պայմանագիրը ունի օրենքով սահմանված  իրավաբանական ուժ և կողմերից մեկի՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում հնարավոր է դիմել դատարան՝ ներկայացնելով փոխառության պայմանագիրը  և հայցելով դատարանից իրավունքների պաշտպանություն, որի մասին կխոսենք ստորև:  
Փոխառության պայմանագիրը կազմվում է հասարակ գրավոր ձևով և փոխատուն և փոխառուն իրենք են որոշում պայմանագրի պայմանները՝ իհարկե հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 46 գլխով նախատեսված իմպերատիվ պայմանները: ՀՀ քաղ. Օրենսգրքի 878 հոդվածով սահմանած է, որ Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է: Այն ինչ սահմանված է օրենքով որպես պարտադիր նախապայման որևէ իրավահարաբերության համար կողմերի համաձայնությամբ չի կարող փոփոխվել: Փոխառության պայմանագրի գինը /փոխառությամբ հանձնվող պարտքի գումարի մեծ չափը/ կամ կողմերի ցանկությամբ հատուկ պայմաններ նախատեսելու ցանկությունը իրավաբանական գրասենյակի օգնությանը դիմելու համար կարևոր շարժառիթներ են: Գրագետ ձևակերպված պայմանագիրը կնպաստի խուսափել   հետագայում ի հայտ եկող խնդիրներից  և կօգնի առավել արդյունավետ իրականացնել իրավունքների պաշտպանությունը դրանց խախտման պարագայում:
Պայմանագիր կնքելու մտադրության դեպքում Առաջին հարցը սովորաբար, որ կողմերը քննարկում են  դա փոխառության տոկոսով կամ անտոկոս լինելն է, որի մասին նշում է կատարվում պայմանագրում. Այստեղ հարկ է նկատի ունենալ մի չափազանց կարևոր նախապայման. Փոխառության պայմանագրի առավելագույն տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ  Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային դրույքի կրկնապատիկը: Քանի որ Կենտրոնական բանկի կողմից դեռևս 2010թ-ից սկսված հաշվարկային դրույքը  սահմանվել է 12 % և առ այսօր այն փոփոխության չի ենթարկվել, ապա ստացվում է , որ փոխառության պայմանագրով տոկոսի առավելագույն  չափը կարող է կազմել 24 %:  Իսկ ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ այս պայմանը խախտելու, դիցուք փոխառության պայմանագրով տոկոսադրույքը 30% նախատեսելու դեպքում: Պետք է նկատի ունենալ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 213 հոդվածով  այն համարվում է Վաշխառություն ՝ պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Շատ հաճախ, թեև ֆորմալ առումով կողմերը համաձայնություն են ունենում բարձր տոկոսով գումար հանձնելու վերաբերյալ, սակայն հետագայում, երբ պարտքը ստացող կողմն ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չի լինում կատարելու գումարը վերադարձնելու իր պարտավորությունը, ապա դիմում է իրավապահ մարմիններին և հայտնում վաշխառության փաստի վերաբերյալ, որի հետ կապված բազմաթիվ են դատական գործերը մեր իրականությունում:

Հաջորդ հիմքը, որը փոխառուին հնարավորություն է տալիս վիճարկելու փոխառությունը նախատեսված է ՀՀ քաղ. Օր 882 հոդվածով. եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով:
Այստեղ պետք է ուշադրություն դարձնել թե պայմանագրում ինչպես է ձևակերպված գումարը հանձնելու եղանակը և արդյո՞ք այն նշված է որպես արդեն իսկ կատարված գործողություն, ընդ որում փոխառուն ի ապացույց գումարը չստանալու չի կարող վկայակոչել վկաների ցուցմունքները:

Պայմանագիր կնքելիս էական նշանակություն ունի նաև ժամկետի հարցի լուծումը
Այն դեպքում, երբ վերադարձնելու ժամկետը պայմանագրով որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, փոխառության գումարը փոխառուն պետք է վերադարձնի այդ մասին փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Անտոկոս փոխառության գումարը փոխառուն կարող է վերադարձնել վաղաժամկետ:
Տոկոսներով տրամադրված փոխառության գումարը կարող է վաղաժամկետ հետ վերադարձվել միայն փոխատուի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ փոխառության պայմանագրով:
Այսինքն` եթե նախատեսված չէ պայմանագրով գումարները վաղաժամկետ վերադարձնելու հնարավորություն , և այդ գումարները տրամադրված են տոկոսով, ապա փոխառուն չի կարող վաղաժամկետ հրաժարվել պայմանագրից՝ վերադարձնել պայմանագրով սահմանված դրամական միջոցները մինչև պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը:

Փոխատուն պետք է նաև իրազեկ լինի օրենսգրքով սահմանված մեկ այլ կարևոր իմպերատիվ պայմանագրի առկայության վերաբերյալ, որը պայմանագրով հնարավոր չէ փոխել.
Այն պարագայում , երբ պարտքով գումար վերցրած անձը պայմանագրով սահմանված ժամկետում       չի վերադարձնում փոխառության գումարը, ապա փոխառության պայմանագրով նախատեսված տոկոսները դադարում են, իսկ այդ գումարին ենթակա են վճարման միայն  ՀՀ քաղ օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով տոկոսներ, սկսած այն օրվանից, երբ գումարը պետք է վերադարձվեր մինչև գումարը փոխատուին վերադարձնելու օրը:
Այսինք ն ժամկետանց փոխառության վրա ենթակա է հաշվարկման տարեկան 12 %: Անկախ այն հանգամանքի թե կողմերն ինչ հետևանքներ են նախատեսել փոխառության պայմանագրով:


Պարտքի նորացումը փոխառությամբ

Այն դեպքում, երբ առկա է կնքված առուվաճառքի պայմանագիր կամ վարձակալության պայմանագիր և գնորդը կամ վարձակալն ունեն վաճառողի/ վարձատուի հանդեպ առկա չկատարված դրամական պարտավորություն, հատկապես երբ պայմանագրի գործողությունն ավարտվել է , կողմերը կարող են կնքել փոխառության պայմանագիր այդպիսով նորացնելով իրենց գործող կամ ավարտված հարաբերությունները: Փոխառության պարտավորությունում պարտքը փոխարինվում է նորացման վերաբերյալ պահանջների պահպանմամբ (հոդված 430) և փոխառության պայմանագիր կնքելու համար նախատեսված ձևով

Փոխառուի կողմից պարտավորությունները չկատարել. Պարտքը սահմանված ժամկետում չի վերադարվել

Այս պարագայում կարևոր է հատկապես գումարը հանձնողի կողմից իրադրությանը առավել օպերատիվ արձանագրելը, քանի որ ուշացնելու հետևանքով հնարավոր է ընդմիշտ  զրկվել պարտքով հանձնված գումարները հետ ստանալու հնարավորությունից – հայցային վաղեմություն կամ փոխառուի կողմից իր սեփականություն դիտավորյալ օտարելու կամ չկանխամտածված կորցնելու արդյունքում:
Փոխառությամբ հանձնած գումարները վերադարձնելու հարցում Այլեքս փաստաբանական գրասենյակն առաջարկում է բացառիկ պայման.
Այն դեպքում, երբ մեր կողմից իրականացված ուսումնասիրություններով պարզվում է , որ փոխառուն ունի դրամական միջոցներ, շարժական կամ անշարժ գույք,. Այսինքն` իրական է փոխառուից պարտքի հետգանձման հնարավորությունը՝ ծառայությունները մատուցվում են հետևյալ պայմանով. Ընկերությունը ցանկացած պայմանավորված վճար վերցնում է միայն այն դեպքում, երբ գումարները վերադարձվել են փոխատուին. Այսինքն` կիրառվում է հաջողության վճարի սկզբունքը. Վճարում միայն գումարները վերադարձնելու դեպքում:


Ինչպե՞ս է գումարի բռնագանձման գործընթացն աշխատում.

  • Ուսումնասիրվում է ներկայացված փաստաթղթերը, գումարի տրամադրման ժամկետները և այլ պայմաններ.
  • Իրականացվում է պարտապանի ֆինանսական դրության վերլուծություն.
  • Այն պարագայում, երբ համոզմունք է ձևավորվում, որ հնարավոր է գումարը հետ ստանալ, պատրաստվում է հայցադիմում.
  • Դատական կարգով իրականացվում է գումարի բռնագանձումը և կատարողական թերթը ներկայացվում է ԴԱՀԿ ծառայություն՝  հարկադիր կատարման.
  • Հարկադիր կատարման արդյունքում գումարը վերադարձվում է փոխատուին. Իրականցվում է մատուցված ծառայության համար սահմանված վարձատրությունը:

Ցանկանու՞մ եք իմանալ ավելին, ապա կարող եք ուղարկել հաղորդագրություն կամ զանգահարել հետադարձ կապ բաժնում նշված հեռախոսահամարներից որևէ մեկով:

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency