Ֆրանչայզինգ կամ Համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվություն.

Այսօր գրեթե բոլոր կայացած բիզնեսներն ընդլայնվում են բացառապես Ֆրանչայզինգի միջոցով: Մեր իրականությունում բազմաթիվ են այդպիսի օրինակները և Հայաստանում ֆրանչայզի զարգացումը ընթանում է իր բնականոն հունով: Այսօր իսկ արդեն միջազգային բազմաթիվ բրենդեր ներկայացված են մեր երկրում ֆրանչայզինգի միջոցով:ֆրանչայզ

Ֆրանչայզինգի  պայմանագրով մեկ կողմը (իրավատերը) պարտավորվում է վարձատրությամբ, ժամկետի նշումով կամ առանց դրա, մյուս կողմին (օգտագործողին) իրավունք տրամադրել իր ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը, ներառյալ` իրավատիրոջ ֆիրմային անվանման, օրենքով պահպանվող առևտրային տեղեկատվության, ինչպես նաև պայմանագրով նախատեսված բացառիկ իրավունքների այլ օբյեկտների` ապրանքային նշանի, սպասարկման նշանի և այլնի նկատմամբ իրավունքները: Ֆրանչայզինգի պայմանագրով կողմեր կարող են լինել առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատեր քաղաքացիներ, պայմանագիրը կնքվում է գրավոր:

Ֆրանչայզինգի պայմանագրի կողմերը երրորդ անձանց հետ հարաբերություններում իրավունք ունեն պայմանագիրը վկայակոչել միայն այն գրանցելուց հետո: Արտոնագրային օրենսդրությամբ պահպանվող օբյեկտի օգտագործման վերաբերյալ համալիր թույլտվությունը ենթակա է գրանցման նաև արտոնագրերի ու ապրանքային նշանների գրանցում իրականացնող լիազորված պետական մարմնում: Այդ պահանջը չպահպանելու դեպքում համալիր թույլտվության պայմանագիրը համարվում է առոչինչ:

 

Ֆրանչայզինգի նկատմամբ կիրառվում են Ապրանքային նշանների մասին ՀՀ օրենքի 27 հոդվածով սահմանված Լիցենզիայի տրամադրմանը վերաբերող կանոնները:
Լիցենզիան պետք է գրանցվի պետական գրանցամատյանում, որի համար լիցենզային պայմանագրի կողմերից մեկը պետական լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում` լիցենզիան գրանցելու մասին.
2) լիցենզային պայմանագիրը, լիցենզային պայմանագրից քաղվածք կամ լիցենզիայի տրամադրման մասին հայտարարություն՝ ստորագրված լիցենզատուի և լիցենզառուի կողմից.
3) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
4) ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը (ներկայացուցչի առկայության դեպքում)։
Լիցենզային պայմանագիրը, լիցենզային պայմանագրից քաղվածքը և լիցենզիայի տրամադրման մասին հայտարարությունը պետք է պարունակեն հետևյալ տվյալները՝
լիցենզատուի ազգանունը, անունը (անվանումը) և գտնվելու վայրը (հասցեն).
լիցենզառուի ազգանունը, անունը (անվանումը) և գտնվելու վայրը (հասցեն).
ապրանքային նշանի գրանցման համարը, որի համար տրամադրվում է լիցենզիան.
լիցենզիայի տեսակը.
ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար տրամադրվում է լիցենզիան.
լիցենզիայի գործողության ժամկետը.
լիցենզիայի գործողության տարածքը։

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency