Արտադատական և դատական պրակտիկայի ուսումնասիրությունը փաստում է, որ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով ձեռնարկված ընթացակարգերի հիմքում հիմնականում գնման առարկայի բնութագրերի շուրջ պատվիրատուի և մասնակցի միջև ծագած վեճն է: Բանն այն է, որ մասնակիցները հաճախ չեն կարևորում իրենց կողմից առաջարկվող ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների նկարագրությունները գնման առարկայի բնութագրերին տառացիորեն համապատասխանելու պահանջը: Մասնակիցների գնահատմամբ ոչ էական թվացող շեղումները հետագայում դառնում են գնման այլ ընթացակարգերին նրանց մասնակցությունը սահմանափակելու և նյութական պատասխանատվության ենթարկելու հիմք:
Այն դեպքում, երբ գնման առարկան ապրանք է, հնարավոր մասնակիցը ծանոթանալով դրա բնութագրին և ենթադրելով այն մատակարարելու իր կարողությունը, գնման գործընթացին մասնակցության հայտ ներկայացնելիս տալիս է հայտարարություն այն մասին, որ իր կողմից առաջարկվող ապրանքը համապատասխանում է հրավերով նախատեսված գնման առարկայի տեխնիկական բնութագրին:
Հայտարարության ներկայացմամբ մասնակիցը ստանձնում է արդեն հաջորդ փուլում իր կողմից առաջարկվող ապրանքի տեխնիկական բնութագիրը, ինչպես նաև առաջարկվող ապրանքային նշանն արտադրողի անվանման ու ապրանքի ծագման երկրի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու պարտավորություն: Առաջին տեղ զբաղեցրած մասնակիցը ընթացակարգում ընտրված /հաղթող/ մասնակից է ճանաչվում գնման տվյալ ընթացակարգի գնահատող հանձնաժողովի կողմից, որը, ի թիվս այլ տեղեկությունների, գնահատում է նաև մասնակցի առաջարկած ապրանքների և հրավերում ներառված գնման առարկա հանդիսացող ապրանքների բնութագրերի տառացի համապատասխանությունը:
Երբ գնման առարկան աշխատանք կամ ծառայություն է, անհամապատասխանությունը բացահայտվում է արդեն պայմանագրի կատարման փուլում:   Արդյունքում՝ երկու դեպքում էլ առաջ է գալիս անբարեխիղճ մասնակցին /երկրորդ դեպքում՝ պարտապանին/ պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
Այս առումով կարևոր է գնման որևէ ընթացակարգին մասնակցելու կամ մասնակցութունից ձեռնպահ մնալու որոշումը կայացնել բացառապես հրավերով սահմանված գնման առարկայի բնութագրերին ծանութանալու արդյունքում:
Այն դեպքում, երբ գնման առարկայի բնութագրությունն անհասկանալի է և հանդիսանում է տարամեկնաբանությունների առիթ, խորհուրդ չի տրվում ենթադրությունների վրա հիմնվելով մասնակցության հայտ ներկայացնել տվյալ գնման գործընթացին:
Օրենսդիրը պատվիրատուի համար ամրագրել է հրավերի /և դրա մաս կազմող գնման առարկայի բնութագրի/ պարզաբանում պահանջելու իրավունք:  Գործնականում, գնման առարկայի բնութագրերի հետ կապված անհասկանալի հարցերի դեպքում գնման գործընթացի հնարավոր մասնակիցները պարզաբանում ստանում են հեռախոսազանգի միջոցով: Պետք է նկատի ունենալ, որ բանավոր կերպով ստացված հրավերի պարզաբանումները չեն կարող առաջացնել իրավական հետևանքները և գնման առարկայի անորոշության հետ կապված հետագա վեճերի քննության ընթացքում մասնակիցը, հեռախոսազրույցի ընթացքում ստացած պարզաբանումների վկայակոչմամբ, չի կարող հաստատել իրեն ձեռնտու փաստական հանգամանքները: Այսպիսով, խորհուրդ է տրվում հրավերի պարզաբանում պահանջելիս խստիվ պահպանել օրենքով ամրագրված պահանջները. այն է՝ պահանջը ներկայացնել գրավոր և հրավերով ամրագրված հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ:
Այն դեպքում, երբ գնման առարկայի բնութագրությունն օբյեկտիվորեն անհասկանալի է, իսկ պարզաբանում պահանջելու՝ օրենքով սահմանված ժամկետն արդեն իսկ լրացել է, անորոշության պայմաններում մասնկացության հայտ ներկայացնելը դարձյալ ռիսկային է:  Նման պայմաններում նախընտրելի է գնման առարկայի բնութագիրը վիճարկել Բողոքարկման խորհրդում՝ այն ոչ հստակ նկարագրված լինելու հիմքով:
Պետք չէ մասնակցության հայտ ներկայացնել նաև այն դեպքում, երբ առաջարկվող  ապրանքի, աշխատանքի կամ ծառայության բնութագիրը գնման առարկայի բնութագրից տարբերվում է անգամ ոչ էական հատկանիշներով: Հատկանշական է, որ գործող օրենսդրությունը պատվիրատուին պարտավորեցրել է գնման առարկան բնութագրել ամբողջական և հստակ: Միևնույն ժամանակ, ձեռք բերվող ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը պետք է բնութագրվի այնպես, որ  հնարավոր մասնակիցների համար ապահովի մրցակցության հավասար պայմաններ, չխոչընդոտի մրցակցությանը, լինի օբյեկտիվորեն անհրաժեշտ և համարժեք այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվում է տվյալ գնումը:

Օրենսդրի կողմից գնման առարկայի նկարագրությանը ներկայացված հիշյալ պահանջների համակարգային վերլուծությունը փաստում է, որ գնման առարկան պետք է ամբողջական տվյալներ պարունակի բացառապես այն բնութագրիչների մասին, որոնք անհրաժեշտ են տվյալ գնմամբ հետապնդվող արդյունքին հասնելու համար: Ուստի ոչ էական /ֆակուլտատիվ/ այն պայմանները, որոնց ներկայացումը օբյեկտիվորեն հիմնավորված չէ և խոչընդոտում է հնարավոր մասնակիցների ներգրավմանը, գնման առարկայի բնութագրում ներառվել չեն կարող: Այսպիսով, այն  դեպքում, երբ մասնակցի գնահատմամբ իր կողմից առաջարկվող ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը չի համապատասխանում գնման առարկայի բնութագրությամբ սահմանված օբյեկտիվորեն ոչ էական որևէ պայմանի, ապա նման պայմաններում մասնակցության հայտ ներկայացնելու փոխարեն մասնակիցը նախ պետք է Բողոքարկման խորհրդում վիճարկի գնման առարկայի բնութագիրը և միայն հաջողության հասնելու դեպքում գնման գործընթացում ապահովի իր մասնակցությունը:
Գնման առարկայի բնութագրությունը ենթակա է բողոքարկման նաև այն դեպքում, երբ դրանում տեղ են գտել սխալներ և վրիպակներ: Պետք է նկատի ունենալ, որ  Խորհրդին բողոքը ներկայացվում է գրավոր, գրագետ հիմնավորումներով: Մասնակիցն այն կարող է ներկայացնել մինչև հրավերով սահմանված հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ դրան կցելով բողոքարկման վճարը կատարած լինելը հավաստող ապացույց: Բողոքը բավարարվելու դեպքում, սահմանած կարգով բողոքարկման վճարը վերադարձվում է ներկայացրած անձին:
Սահմանված կարգով և ժամկետներում գնման առարկայի բնութագրի վերաբերյալ պարզաբանում ստանալն ու անհրաժեշտության դեպքում դրա բողոքարկումն այն գործիքներն են, որոնք օգնում են մասնակիցն գնման գործընթացին մասնակցելու հարցում ճիշտ որոշում կայացնելուն:

 

Փաստաբան Հասմիկ Օհնիկյան
Գնումների որակավորված մասնագետ

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency