2019-ի հոկտեմբերի 14-ից ուժի մեջ է մտել Աղբահանության և սանիտարական մաքրման մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որով սահմանվել է աղբահանության իրականացման նոր դրույքաչափեր:

Այսպես:
Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.
1) առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հիսունից մինչև հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ.
2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` քսանից մինչև հիսուն Հայաստանի Հանրապետության դրամ.
3) վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` տասնհինգից մինչև քսան Հայաստանի Հանրապետության դրամ.
4) գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` երեքից մինչև տասնհինգ Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ զորանոցների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` ութ Հայաստանի Հանրապետության դրամ.
5) արտադրական` արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում` ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչև տասնհինգ Հայաստանի Հանրապետության դրամ.
6) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար` ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին` կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափով.
7) շինություններում (այդ թվում` առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափով:".
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.
"2.1. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հիսունից մինչև հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ:
2.2. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital