Իսկ այդ խնդիրը, այսօրվա կարգավորումներով արդեն 2019 թվականի դեկտեմբերի 31-ից հետո դառնալու է անլուծելի և այն գլխավորապես մեկն է` հայրենիք վերադառնալու հնարավորություն:

ԲԱնակԻնչպես նախկինում նշել էինք, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում այլևս փոփոխություն չի կատարվելու, որպեսզի երկարացվի օրենքի գործողության ժամկետը և դա վերջերս վերահաստատեց պաշտպանության նախարարի տեղակալը:
Այդ օրենքով` վճարելով գումար (յուրաքանչյուր բաց թողած զորակոչի համար 200.000 ՀՀ դրամ), քաղաքացին ազատվում էր պատասխանատվությունից 27 տարեկանը լրանալուց հետո և կարող էր վերադառնալ Հայաստան, իսկ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը վերջնաժամկետն է:
Ի՞նչ է ստացվում, 2020-ի հունվարի 1-ից հետո այդ կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները պարզապես ենթարկվելու են քրեական պատասխանատվության (պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:): Դեռ ավելին փորձ արվեց հանելու քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը, որը բարեբախտաբար այսօր շրջանառության մեջ չի գտնվում…
Իրավիճակն այսօր իրականում բավականին խնդրահարույց է` հազարավոր քաղաքացիների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և հայտարարվել է հետախուզում: Փաստաբանական գրասենյակը արտերկրում գտնվող բազմաթիվ քաղաքացիներից նամակներ է ստանում այս հարցի վերաբերյալ, ի՞նչ է լինելու իրենց հետ, եթե նրանք վերադառնան հայրենիք: Խնդիրը, հատկապես արդիական է Ռուսաստանում քաղաքացիություն ձեռք բերած հայրենակիցների համար, որտեղ զինվորական ծառայությունը ևս պարտադիր է և բացակայում է երկկողմանի որևէ համաձայնագիր : Փաստացի առկա է երկու երկրներում պարտադիր ծառայություն անցնելու պարտականություն:
ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված նախագծով (նախագծի նախնական տարբերակը) առաջարկվում է հնարավորություն բոլորի համար` արագացված զինվորական ծառայություն` 1 ամիս ժամկետով ` 10.000.000 միլիոն ՀՀ դրամ վճարելու պայմանով:
Այսօր արդեն բազմաթիվ քաղաքացիներ գումար են ծախսում այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու համար և հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից, փորձում են ծառայությունից ազատվել առողջական խնդիրներ ունենալու պատրվակով, իրավիճակը պատճառ է արտագաղթի ավելացմանը, ոմանք գնում են արտասահման սովորելու կամ աշխատելու և չեն վերադառնում` չվճարելով որևէ գումար ընդհանրապես: Պատճառները բազմաթիվ են` ընտանիք, երեխաներ, սպորտ, խնամքին գտնվող անդամներ, լավ վարձատրվող աշխատանքը, վարկեր և այլն:

Նախագծի ընդունման դեպքում կավելանա պայմանագրային զինծառայողների թիվը, կբարելավվի նրանց սոցիալական կարգավիճակը, բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն կունենան վերադառնալու հայրենիք և իրենց ներդրումն ունենալու տնտեսության զարգացման գործում:
Նախագծով չի առաջարկվում վերացնել կանոնավոր բանակը կամ պարտադիր զինվորական ծառայությունը. Այն հավելյալ հնարավորություն է լուծելու արդեն իսկ տարիներ շարունակ գոյություն ունեցող խնդիրը, որի հետ պարզապես պետք է առերեսվել. Այն անձինք ովքեր ունեն հնարավորություն և ցանկություն չծառայելու, միևնույն է խուսափելու են 24 ամիս ժամկետով պարտադիր զիվորական ծառայությունից , որի հետևանքով տուժում են և իրենք և պետությունը:
Նախագծի առավել հաճախ հանդիպող քննադատությունն այն է, որ ֆինանսապես ապահովված անձինք կարող են չծառայել, դրանով ստեղծվում է անհավասարություն: Արդյո՞ք երբևէ եղել է բոլորի համար ֆինանսական հավասարություն. անհերքելի է, որ ֆինանսապես կայացած մարդիկ միշտ էլ ունեցել են և ունենալու են ավելի լայն հնարավորություններ, ուստի ինչու՞ չօգտագործել այդ հնարավորություններն ի շահ այլոց. Հակառակը` 10 միլիոն դրամը ապահովվում է ֆինանսապես անհավասար պայմաններում գտնվող այլ անձանց սոցիալական կարգավիճակի բարելավվմանը, բազմաթիվ քաղաքացիներ պատրաստ կլինեն բարձր աշխատավարձով պայմանագրային ծառայության անցնելու ՀՀ զինված ուժերում:
Պաշտպանության նախարարություն որպես նախագծի հակափաստարկ նշում է, որ մեկ ամիսը բավարար չէ զինվորական գործը սովորելու համար: Սակայն կրկին այստեղ հարց է ծագում, այդ քաղաքացիների ո՞ր տոկոսն է ընդհանրապես զինվորական գործին ծանոթանում: Միևնույն է, գերակշռող մասը նախկինում էլ սպասել է 27 տարին լրանալուն և կամ վճարել է օրենքով սահմանված գումարը և նույնիսկ այդ մեկ ամիսը չի ծառայել բանակում կամ նույնիսկ գումարը չի վճարել և չի վերադարձել Հայաստան առ այսօր: Այլ պարագայում վերադառնում են, երբ անցնում են քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները:
Աշխարհում քիչ թվով (շուրջ 26) երկրներում է պարտադիր զինվորական ծառայությունը և այն նվազելու միտում ունի: Իհարկե, դեռ բավականին վաղ է մեզ համար պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելու մասին խոսելը, սակայն պարտադիր լինելու պարագայում այսպիսի հնարավորություններ նախատեսելու դինամիկան ակնհայտ է:


Օրինակներ

Թուրքիայում, որտեղ ծառայությունը ևս պարտադիր է, նոր փոփոխություններով հնարավորություն է ստեղծվելու 21 օր արագացված ծառայության $2,430 դոլար վճարելու պայմանով:

https://ahvalnews.com/military-service/payment-exemption-military-service-be-made-permanent-says-erdogan

Սիրիայում: Ոչ պակաս, քան 4 տարի արտերկրում բնակվող անձանց համար ազատման վճարը 8000 ԱՄՆ դոլար է, իսկ փոխհատուցումն այն անձանց համար, ովքեր ծնվել են արաբական կամ օտար երկրում մինչև 18 տարեկան դառնալը 2.500 ԱՄՆ դոլար

https://www.refworld.org/docid/54042353a.html

Ղազախստանում:Մեկամսյա արագացված զինվորական պատրաստություն` վճարի դիմաց

https://egov.kz/cms/ru/articles/military_service/military_identification_card_for_a_month

Հունաստանում զինվորական ծառայությունը պարտադիր է, սակայն այն անձինք ովքեր առնվազն 11 տարի անընդմեջ արտասահմանում մշտական բնակություն ունեն կամ առնվազն յոթ տարի անընդմեջ բնակվում են արտերկրում վատ ֆինանսական պայմանների պատճառով կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից

https://gr.usembassy.gov/u-s-citizen-services/local-resources-of-u-s-citizens/military-obligations/

Բոլոր շահագրգիռ քաղաքացիներն ի աջակցություն նախագծի կարող են  դիմել պատգամավոր Հայկ Սարգսյանին

 

փաստաբան՝ Շավարշ Փեթակչյան

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital