2020 թվականի ապրիլի 29-ին լրացումներ և փոփոխություններ է կատարվել ՀՀ Աշխատանքային օրենսգրքում՝ նպատակ ունենալով հիմնականում կարգավորելու կորոնավիրուսային վարակով պայմանավորված գործատու-աշխատող հարաբերությունները:
Փոփոխություններն ուժի մեջ են մտել 08 մայիսի 2020թ-ից:

Աշխատանքային օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացվել հետևյալ բովանդակությամբ 33.1-ին հոդվածով.
Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման ժամանակահատվածում ստացված գրավոր դիմումի առկայության դեպքում ոլորտի լիազորված տեսչական մարմինն իրականացնում է գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն` օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:
Սույն հոդվածը գործում է մինչև 01.07.2021թ-ը, քանի որ սկսած 01.07.2021թ ուժի մեջ է մտնում տեսչական մարմնի լիազորությունները աշխատողների իրավունքների պաշտպանության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու ոլորտում:

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով որպես պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին է հանդիսանում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: http://www.hlib.am/index.html
Համաձայն աշխատանքային օրենսգրքի 33 հոդվածի ՛՛Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունն ու վերահսկողությունը իրականացնում են համապատասխան պետական մարմինները, իսկ ոչ պետական վերահսկողությունը` աշխատողների ներկայացուցիչները և գործատուները (գործատուների ներկայացուցիչները):
Սակայն պետք է նկատի ունենալ, որ 33 հոդվածն ուժի մեջ կմտնի 01.07.2021թ-ին:

Օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվել հետևյալ խմբագրությամբ.
Գործատուն իրավունք ունի անհատական իրավական ակտի հիման վրա աշխատողին մինչև մեկ ամիս ժամկետով նույն աշխատավայրում փոխադրելու աշխատանքային պայմանագրով չնախատեսված այլ աշխատանքի և (կամ) նույն ժամկետով փոփոխելու աշխատանքային պայմանագրի սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ և 11-րդ կետերով սահմանված պայմանները` տարերային աղետներով, տեխնոլոգիական վթարներով, համաճարակներով, դժբախտ պատահարներով, հրդեհներով և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքներով պայմանավորված, ինչպես նաև դրանց կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման նպատակով:

Այստեղ ավելացվել է 84 հոդվածի 11) կետը, որը հնարավորություն է տալիս Գործատուի անհատական իրավական ակտով աշխատողի աշխատաժամանակի ռեժիմը փոփոխելու:
Օրենսգիրքը լրացվել հետևյալ բովանդակությամբ 106.1-ին հոդվածով.

1. Հեռավար եղանակով իրականացվող աշխատանքը տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում ոչ աշխատանքի վայրից իրականացվող աշխատանքն է, այն դեպքում, երբ այդ դեպքերով պայմանավորված հնարավոր չէ ապահովել աշխատանքի վայրում այդ աշխատանքների իրականացումը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում հեռավար եղանակով աշխատանքի իրականացումը սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի համարվում աշխատանքի վայրի կամ աշխատանքի էական այլ պայմանի փոփոխություն:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում, եթե հնարավոր չէ շարունակել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները, այդ թվում` հեռավար եղանակով, ապա չօգտագործված ամենամյա արձակուրդ ունենալու պարագայում աշխատողի պահանջով գործատուն աշխատողին տրամադրում է ամենամյա արձակուրդ:

Այստեղ պետք է նկատի ունենալ, որ Հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպումը հնարավոր է այն դեպքում, երբ հնարավոր չէ ապահովել աշխատանքի վայրում այդ աշխատանքների իրականացումը: Այսինքն ցանկացած այլ պարագայում, եթե չկա օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանափակումներ, ապա աշխատանքը պետք է իրականացվի աշխատանքի վայրում, այլ ոչ թե հեռավար կարգով: Այստեղ իհարկե չի բացառվում գործատուի և աշխատողի փոխադարձ համաձայնությամբ Հեռավար եղանակով իրականացվող աշխատանքը:
Համավարակով պայմանավորված գործատուն և աշխատողը փոխադարձ համաձայնությամբ հնարավորություն ունեն ամենամյա արձակուրդ ձևակերպելու, իսկ արդեն նոր լրացմամբ աշխատողի պահանջով արտակարգ դրության պայմաններում գործատուն պարտավոր է տրամադրել ամենամյա արձակուրդը:

Օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասը (Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը )լրացվել է հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետերով.
Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`
5) տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում, եթե, այդ դեպքերով պայմանավորված, աշխատողը չի ներկայացել աշխատանքի.
6) ուսումնական (այդ թվում` նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում, եթե մինչև տասներկու տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողը չի ներկայացել աշխատանքի:

Այստեղ պետք է արձանագրել, որ օրենսդիրը աշխատողների համար աշխատանքը պահպանելու նոր իրավական երաշխիք է սահմանել՝ արգելելով գործատուին լուծել աշխատանքային պայմանագիրը համաճարակի ժամանակ, սակայն պետք է նկատի ունենալ, որ այս սահմանափակումը չի վերաբերի այն աշխատողներին , ովքեր աշխատանքի չեն ներկայացել թեև նշված ոլորտում առկա չեն եղել սահմանափակումներ: ՛՛եթե, այդ դեպքերով պայմանավորված՛՛ ձևակերպումը միանշանակ ընկալում չի առաջացնում այս մեկնաբանության համար, սակայն այն ավելի համոզիչ է 106.1-ին հոդվածի 4 1 մասի հետ փոխկապակցած վերլուծության արդյունքում:

Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասը "180 ժամը" բառերից հետո լրացվել է", բացառությամբ սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դեպքերի, որոնց առկայության պայմաններում արտաժամյա աշխատանքն իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չպետք է գերազանցի 8 ժամը, որի պարագայում պետք է պահպանվեն սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված օրական և շաբաթական աշխատաժամանակի առավելագույն տևողությունները:
Այստեղ արտաժամյա աշխատանքը ավելի երկար շարունակելու օրենսդրական հնարավորություն է ստեղծվել՝ հաշվի առնելով արտակարգ դրության պայմանները:

Օրենսգրքի 186-րդ հոդվածում`
1-ին մասը "աշխատավարձի" բառից հետո լրացնել "առնվազն" բառով.

Եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդի նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
Սույն դրույթը տարածվում է 2020 թվականի մարտի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

2) 6-րդ մասի "չի վճարվում" բառերը փոխարինել "կարող է չվճարվել" բառերով.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած, ինչպես նաև աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի համար կարող է չվճարվել:
Այսինքն համավարակի պատճառով, եթե գործատուն հարկադրված է եղել դադարեցնելու իր գործունությունը, ապա իր հայեցողությամբ աշխատողին կարող է վճարել աշխատավարձ պարապուրդի ժամանակահատվածի համար:

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

7. Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների` օրենսդրությամբ ժամանակավոր սահմանափակումը, որոնց դեպքում հնարավոր չէ իրականացնել աշխատանքային պարտականությունները, այդ թվում` հեռավար եղանակով, համարվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված անհաղթահարելի ուժ:

Օրենսգիրքը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 187.1-ին հոդվածով.

1.Եթե տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում այդ դեպքերով պայմանավորված` աշխատողը չի ներկայացել աշխատանքի կամ աշխատանքի է ներկայացել ոչ լրիվ աշխատանքային օրով, ապա աշխատանքը վարձատրվում է առնվազն փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան:

2. Ուսումնական (այդ թվում` նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում մինչև տասներկու տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալու դեպքում աշխատողի աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է, եթե աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը բացակայել է մինչև երկու ժամ: Սույն մասում նշված դեպքերում աշխատանքային օրվա ընթացքում երկու ժամից ավելի բացակայելու, ինչպես նաև ամբողջ աշխատանքային օրն աշխատանքի չներկայանալու դեպքում աշխատանքը վարձատրվում է առնվազն փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան:
3. Սույն օրենսգրքի 106.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում աշխատողի աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է:/ Աշխատողին մինչև մեկ ամիս ժամկետով նույն աշխատավայրում աշխատանքային պայմանագրով չնախատեսված այլ աշխատանքի փոխադրելու դեպքում:

Օրենսգրքի 220-րդ հոդվածը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

1. Աշխատանքային կարգապահության խախտում է համարվում աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:
2. Աշխատանքային կարգապահության խախտում չեն համարվում`
1) տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում այդ դեպքերով պայմանավորված` աշխատողի աշխատանքի չներկայանալը կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալը.
2) ուսումնական (այդ թվում` նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում մինչև տասներկու տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողի աշխատանքի չներկայանալը կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալը:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital