Այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին ՀՕ-184-Ն օրենքը, որով նախատեսվել է Էլեկտրոնային հարթակներում (այդ թվում էլեկտրոնային հավելվածներով և այլ միջոցներով) պայմանագրերի կնքումը։


Թերևս հայտնի է, որ Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման պայմաններում լայն տարածում է գտել էլեկտրոնային հարթակներում ապրանքների և ծառայությունների առաջարկն ու դրանց իրացումը։ Այս առումով թերի էին․ մինչդեռ, գործող իրավակարգավորումները։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով գրավոր մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով պայմանագիր կնքելուց բացի այլ եղանակներով համապատասխան պայմանագրերի կնքման հնարավորությունը սահմանված էր նույն օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ մասով: Ըստ այդմ, պայմանագիրը գրավոր ձևով կարող էր կնքվել փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային հաղորդակցության կամ կապի այլ միջոցներով տեղեկություն կամ հաղորդագրություն (փաստաթուղթ) փոխանակելու միջոցով։
Օրենսգրքով, նախատեսված չէր առցանց էլեկտրոնային հարթակներում կամ տարատեսակ էլեկտրոնային հավելվածների միջոցով պայմանագրերի կնքման իրավական հնարավորությունը։ Սա այն դեպքում, երբ աշխարհի շատ երկրների օրենսդրությամբ էլեկտրոնային հարթակներում քաղաքացիաշրջանառության սուբյեկտների կողմից այս կամ այն գործողության կատարումը դեռևս վաղուց հավասարեցվել էր էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելուն՝ նման գործողություն կատարող սուբյեկտի համար առաջացնելով իրավունքներ և պարտականություններ (Click-wrap պայմանագրեր, Browse-wrap պայմանագրեր, Shrink-wrap պայմանագրեր):

Թեև գործող օրենսդրությունը նախատեսում էր, որ հաղորդակցության կամ կապի միջոցներով պայմանագրերի կնքումը հնարավոր է տեղեկության կամ հաղորդագրության (փաստաթղթի) փոխանակման միջոցով, այնուամենայնիվ իրավական վեճի առարկա էր այն հարցը, արդյոք համակարգչային հավելվածները կարող էին Օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով դիտարկել որպես «հաղորդակցության կամ կապի միջոցներ», կամ էլեկտրոնային որևէ հարթակում «Համաձայն եմ» կամ նմանօրինակ այլ հրահանգների սեղմումը կարող էր արդյոք դիտվել նման գործողություն կատարողի կողմից տեղեկություն կամ հաղորդագրություն (փաստաթուղթ) փոխանակել։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում կատարված լրացումներով 2023 թվականի օգոստոսի 14-ից ուժի մեջ են մտել էլեկտրոնային հարթակներում էլեկտրոնային պայմանագրերի կնքման առանձին կարգավորումները։
Ըստ կատարված լրացումների՝ Պայմանագիրն էլեկտրոնային եղանակով կարող է կնքվել էլեկտրոնային հաղորդակցության կամ կապի այլ միջոցներով էլեկտրոնային հաղորդագրություն, փաստաթուղթ կամ տվյալ փոխանակելու միջոցով, այդ թվում՝ էլեկտրոնային հարթակով (ինտերնետային կայքով, էլեկտրոնային հավելվածով կամ համանման այլ միջոցներով) էլեկտրոնային տվյալների փոխանակման միջոցով՝ պայմանագրի կնքմանն ուղղված հստակ գործողություն իրականացնելով:
Ընդ որում՝ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելիս պետք է հնարավոր լինի հաստատել փոխանակվող էլեկտրոնային հաղորդագրության, փաստաթղթի կամ տվյալի իսկությունը և օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով կամ կողմերի միջև համաձայնեցված կարգով պատշաճ կերպով ապահովվի պայմանագիր կնքող անձի նույնականացումը։ Այսինքն՝ հնարավոր լինի ճշգրիտ որոշել, որ էլեկտրոնային հաղորդագրությունը, փաստաթուղթը կամ տվյալը ելնում է տվյալ անձից և արտահայտում է վերջինիս կամքը։ Բացի այդ, էլեկտրոնային հարթակը պետք է ապահովի պայմանագիրը կնքող անձի կողմից տվյալ պայմանագիրը պահպանելու և անփոփոխ կերպով վերարտադրելու հնարավորությունը։
Օրենսդրությամբ հստակ սահմանվել է, որ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելիս, եթե օրենքով նման պայմանագրի ձևի վերաբերյալ այլ պահանջ սահմանված չէ, ապա էլեկտրոնային թվային ստորագրությամբ չպաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ անձի կողմից ձեռագիր ստորագրված փաստաթուղթը։

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital