User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Ալիմենտի չափի շուրջ անհամաձայնության կամ ալիմենտ վճարելու պարտավորություն ունեցող ծնողի կողմից դրա վճարումից խուսափելու դեպքում /հետագա տեքստում՝ Ծնող/, ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով: Ստորև ներկայացվող տեղեկությունները կօգնեն Ձեզ ալիմենտի բռնագանձման գործընթացում ճիշտ կողմնորոշվելու հարցում:


1.  Ալիմենտի պահանջի հիմքը երեխայի՝ 18 տարին լրացած չլինելու, տվյալ Ծնողից սերված լինելու, ինչպես նաև նրանից առանձին ապրելու հանգամանքներն են: Սրանով էլ պայմանավորված՝ պետք է նկատի ունենալ, որ ալիմենտի պահանջ կարող է ներկայացվել ինչպես էլ գրանցված ամուսնությունից, այնպես էլ փաստական ամուսնական կամ արտաամուսնական հարաբերություններից ծնված երեխաների համար: Վերջին երկու դեպքերում, անհրաժեշտություն կառաջանա դատարանում հաստատել, որ Ծնողն ընդունել է երեխայի հայրությունը կամ հայրությունը ճանաչվել է դատական կարգով: Գրանցված ամուսնությունների դեպքում, ալիմենտի բռնագանձման պահանջի ներկայացումը չի պայմանավորվում նաև ծնողների ամուսնալուծության հանգամանքով:  
2. Ալիմենտի բռնագանձման պահանջով դատարան դիմելիս հայցվորն /նման պահանջ ներկայացնողը/  ազատված է պետական տուրքի վճարումից: Օրենքով սահմանված կարգով հաշվարկված պետական տուրքի վճարումը դատարանի վճռով բռնագանձվում է Պատասխանողից:
3.  Ալիմենտը սահմանվում է ամսական վճարումների տեսքով: Ալիմենտի չափի որոշումը պայմանավորվում է մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ Ծնողի կողմից կայուն եկամուտ ստանալու հանգամանքով, նրա գույքային և ընտանեկան դրությամբ և այլն: Եթե բացառիկ հանգամանքների բերումով երեխայի կենսաապահովման համար առաջանում են լրացուցիչ ծախսերը (բժշկական միջամտություն, պրոթեզավորում և այլն), ամսական վճարումների տեսքով ալիմենտ վճարելուց բացի Ծնողը կրում է, դատարանի կողմից սահմանված չափով, լրացուցիչ ծախսերին մասնակցելու պարտավորություն:
4.  Ալիմենտ վճարելուց խուսափող ծնողը ենթակա է պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
5.  Օրենսդիրը հնարավոր է համարում, օրենքով սահմանված դեպքերում, ազատել Ծնողին ալիմենտի վճարումից:
6. Ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու /հայց ներկայացնելու/ պահից։ Անցած ժամանակահատվածի համար ալիմենտ կարող է բռնագանձվել դատարան դիմելու պահին նախորդող երեք տարվա համար, եթե դատարանում հաստատվի այն հանգամանքը, որ մինչև դատարան դիմելը հայցվորը միջոցներ է ձեռնարկել երեխայի համար ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով։
7.  Դատարանի վճռով ալիմենտ վճարելու պարտավորությունը Պատասխանողի մոտ ծագում է վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Օրենքը, սակայն, սահմանում է դատարանի իրավասությունը նախքան վճռի օրինական ուժ ստանալը, իսկ առանձին դեպքերում նաև նախքան դրա կայացումը ալիմենտի բռնագանձման հնարավորություն: Առաջին դեպքում ալիմենտի բռնագանձման հիմքը ալիմենտ վերաբերյալ վճռին սահմանված ժամկետւց շուտ օրինական ուժ հաղորդելն է, երկրորդ դեպքում՝ նախքան վճռի կայացումը բռնագանձման վերաբերյալ որոշում կայացնելը: Նման իրավական հնարավորությունը սահմանելիս օրենսդիրը ելել է այն հանգամանքից, որ ալիմենտ անչափահաս երեխայի գոյատևման միջոցն է, մինչդեռ դատական երկարատև գործընթացներով պայմանավորված (օրինակ վճռի բողոքարկումը վերաքննության կամ վճռաբեկության կարգով) դրա բացակայությունը կարող է վտանգել երեխայի կենսագոյությունը: Պետք է նկատի ունենալ, սակայն, որ գործնականում Դատարանները բացառիկ դեպքերում են օգտվում նման լիազորությունից, ինչը շատ դեպքերում լինում է դատարան նման լիազորությունից օգտվելու ծայրահեղ անհրաժեշոտւթյունը հիմնավորող ապացույցներ չներկայացվելու արդյունքում:
8.   Ալիմենտի բռնագանձում սահմանող դատական ակտը կամավոր չկատարվելու պարագայում, այն ի կատար է ածվում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով: Ալիմենտի բռնագանձումն իրականացվում է աշխատավարձի, կենսաթոշակի կամ այլ եկամուտների հաշվին, իսկ այդպիսիք չունենալու դեպքում՝ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու միջոցով:
Ալիմենտ բռնագանձելու կատարողական վարույթներով պարտապանի գույքն իրացվում է այն հաշվով, որպեսզի գույքի հարկադիր իրացումից ստացված միջոցները բավարարեն մինչև 3 տարի ժամանակահատվածի համար ալիմենտային պահանջների բավարարումը, սակայն ոչ ավելի, քան ալիմենտային պահանջների բավարարման ժամկետի ավարտը:
Բռնագանձված գումարները կապիտալացվում են և փոխանցվում հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշիվ: Այդ գումարների հատկացումը պահանջատիրոջը կատարվում է կատարողական թերթով սահմանված չափով և պարբերականությամբ:
9.    Այն դեպքում, երբ ալիմենտ սահմանող վճիռն ի կատար ածելը լինում է անհնարին, օգնության կարիք ունեցող անչափահասների ապրուստի միջոցը դատական կարգով կարող է բռնագանձվել  անհրաժեշտ միջոցներ ունեցող պապերից ու տատերից:
10. Այն դեպքում, երբ դատարանի կողմից նախկինում սահմանված ալիմենտի չափը տնտեսական (ինֆլացիա) կամ այլ գործոններով պայմանավորված, այլևս չի ապահովում երեխայի կենսական պահանջների ապահովումը,  դատարանի կողմից սահմանված ալիմենտը, նման պահանջ ներկայացվելու դեպքում, ենթակա է ինդեքսավորման:
Ձեր երեխայի իրավունքներն ու շահերն արդյունավետ իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ խորհրդակցեք ընտանեկան իրավունքի վեճերով մասնագիտացված փաստաբանների հետ:

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital