Հայրության որոշումը դատական կարգով

Երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի հայրությունը որոշվում է ՔԿԱԳ մարմնում հայրության որոշման պետական գրանցման հիման վրա:
Հայրության որոշման պետական գրանցման հիմքը երեխայի հոր և մոր համատեղ դիմումն է: Այն դեպքում, երբ համատեղ դիմում տալու հարցում առկա է երեխայի մոր առարկությունը, երեխայի հայրը երեխայի՝ իրենից սերված լինելու փաստը նախ պետք է հաստատի դատական կարգով, ապա օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռը ներկայացնի ՔԿԱԳ մարմին՝ պետական գրանցում կատարելու նպատակով:

Այն դեպքում, երբ երեխայի մայրը մահացել է,  դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ անհայտ բացակայող, անհայտ է նրա գնտվելու վայրը կամ դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից, հայրության որոշման պետական գրացումը կարող է տեղի ունենալ երեխայի հոր դիմումի հիման վրա: Նշված դեպքերում միայն հոր դիմումի հիման վրա հայրության որոշման մասին պետական գրացումը ՔԿԱԳ մարմնում կատարվում է, եթե լինում է այդ մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությունը: Համաձայնության բացակայության դեպքում, դարձյալ անհրաժեշտություն է առաջանում սերման փաստը հաստատել դատական կարգով:
Որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստը (հայրությունը) որոշելու պահանջով դատարան կարող են դիմել` համապատասխանաբար ծնողներից մեկը, երեխայի խնամակալը (հոգաբարձուն), կամ այն անձը, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխան՝ չափահաս դառնալուց հետո: Երեխայի հայրությունը որոշելիս դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի այդ անձից: Գործնականում որպես ապացույց ծառայում է հարցի վերաբերյալ տրված փորձագիտական եզրակացությունը, որում արված եզրահանգումը, սակայն, պետք է լինի խիստ միանշանակ: Նման դիրքորոշում է հայտնել ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԱՐԴ1/0207/02/08 քաղաքացիական գործի շրջանակում, բացառելով հայրության որոշման գործերը քննելիս հավանական եզրահանգումներ պարունակող ապացույցներով (տվյալ պարագայում՝ փորձագիտական եզրակացությամբ) երեխայի՝ որևէ մեկից սերվելու փաստի հաստատումը:
Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից սերված երեխայի դատական կարգով հայրության որոշումն ունի հիմնարար նշանակություն ինչպես երեխայի, այնպես էլ ծնողի՝ օրենքով ամրագրված իրավունքների իրականացման համար: Օրինակ,  երեխայի հայրությունը որոշելու վերաբերյալ օրինական ուժ ստացած դատարանի վճիռն այն հիմքն է, որից ելնելով երեխայի խնամքն իրականացնող անձը կարող է ներկայացնել երեխայի համար ապրուստի միջոց (ալիմենտ) տրամադրելու պահանջ: Քիչ չեն դեպքերը, երբ նման պահանջով դատարան են դիմում չգրանցված ամուսնությունից ծնված երեխաների հայրերը՝ վերջիններիս նկատմամբ Ընտանեկան օրենսգրքով ամրագրված ծնողական իրավունքներ ձեռք բերելու (օրինակ երեխային տեսակցելու) նպատակով: Երեխայի հայրությունը որոշելու պահանջով կարող է դիմել նաև երեխայի հայրը, ով թեև օրենքի ուժով երեխայի ծննդյան պահին համապատասխան ակտում նշվել է որպես երեխայի հայր, բայց դրա վերաբերյալ ունի հիմնավոր կասկածներ:
Իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում վերջինիս որպես երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը կարող է հաստատվել դատական կարգով։

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital