2017 թվականի հունիսի 9-ին Ընդունված օրենքով, որն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից, ստեղծվում է Ազդարարման համակարգ: Կոռուպցիայի վերաբերյալ տեղեկությունների դեպքում հնարավոր կլինի այդ մասին հայտնել նույնիսկ անանուն՝ Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ տվյալները մուտք անելու միջոցով, իսկ իրավասու մարմինն իրավունք չի  ունենալու միջոցներ ձեռնարկելու անանուն հաղորդում ներկայացրած ազդարարի անձնական տվյալները բացահայտելու ուղղությամբ:

Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը ստեղծվելու է մինչև  է 2018 թվականի հուլիսի 1-ը:

Ազդարարումը ազդարարի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական հիմնարկներում և կազմակերպություններում, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի (պաշտոնի օգտագործմամբ կատարված իրավախախտումներ) կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդում սույն օրենքով նախատեսված իրավասու անձին կամ մարմին.
Ազդարար է համարվում ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը նույն օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ` կապված այն պաշտոնատար անձի կամ մարմնի հետ, որի հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական հարաբերությունների մեջ, կամ որին դիմել է ծառայությունների մատուցման նպատակով, կամ որը սխալմամբ ընկալվել է որպես ազդարար: Անձը համարվում է սխալմամբ ընկալվող ազդարար, եթե նա չազդարարելով ընկալվել է որպես ազդարար այլ անձանց կողմից, կամ որի հանդեպ կիրառվել են վնասակար գործողություններ.
Իրավասու մարմին է համարվում  Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկներն և կազմակերպությունները, հանրային նշանակության կազմակերպությունները, որոնք   օրենքով սահմանված երաշխիքների ապահովմամբ պարտավոր է ընթացք տալ ազդարարմանը.
 
 Արտաքին ազդարարումն սկսվում է ազդարարի կողմից իրավասու մարմին հաղորդում ներկայացնելով: Եթե հաղորդումը վերաբերում է իրավասու մարմնի աշխատակցին, ապա ազդարարումը կատարվում է իրավասու մարմնի ղեկավարին: Եթե հաղորդումը վերաբերում է իրավասու մարմնի ղեկավարին, ապա այն ներկայացվում է իրավասու մարմնի վերադաս մարմնի ղեկավարին: Իրավասու մարմնի վերադաս մարմնի բացակայության դեպքում հաղորդումը ներկայացվում է համապատասխան մարմնի հանրային ծառայողի էթիկայի հանձնաժողով (առկայության դեպքում), իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեպքում` կոռուպցիայի կանխարգելման ոլորտում լիազոր մարմին:
Իրավասու մարմինը ապահովում է հաղորդման անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառումը.
իր իրավասության շրջանակներում հիմքերի առկայության դեպքում հաղորդման հաշվառման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հարուցում է վարույթ.
ապահովում է վարույթի գաղտնիությունը.
իր իրավասությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկում հաղորդման իսկությունն ստուգելու նպատակով.
իր իրավասության շրջանակներում հաղորդման իսկությունն ստուգելիս հանցագործության առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում անհապաղ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության դատախազություն.
իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ազդարարներին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով.
ապահովում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
ազդարարի պահանջով ապահովում է վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների տրամադրումը.
հնարավորություն է տալիս ազդարարին ներկայացնելու պարզաբանումներ, փաստաթղթեր և դիմումներ:
 
Եթե հաղորդումը ներկայացվել է ոչ իրավասու մարմին, ապա հաղորդում ստացած մարմինը եռօրյա ժամկետում այն վերահասցեագրում է իրավասու մարմնին` ծանուցելով ազդարարին:
Արտաքին ազդարարում չի համարվում քրեական հետապնդման մարմինների կողմից հանցագործության վերաբերյալ հաղորդումների քննարկման և լուծման` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգը:
Եթե ազդարարը համաձայնություն չի տվել իր անձնական տվյալները բացահայտելու վերաբերյալ, ապա մարմինը, որն ստացել է ազդարարի ներկայացրած հաղորդումը և իրավասու չէ վարույթ հարուցելու, պարտավոր է մինչև հաղորդումն ըստ ենթակայության ուղարկելը ստանալ ազդարարի նախնական համաձայնությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ազդարարի համաձայնության բացակայության դեպքում հաղորդումն ուղարկվում է ըստ ենթակայության` առանց ազդարարի անձնական տվյալները բացահայտելու:
Արտաքին ազդարարման հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Հարուցված վարույթի արդյունքում ընդունվում է համապատասխան ակտ, որի մասին ակտի ընդունման պահից եռօրյա ժամկետում ազդարարը ծանուցվում է:

Եթե վարույթի ընթացքում պարզվում է, որ ազդարարը սույն օրենքով նախատեսված կարգով հաղորդում ներկայացնելիս գործել է անբարեխղճորեն, ապա իրավասու մարմինը դադարեցնում է ազդարարին պաշտպանության տրամադրումը, որի մասին որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ծանուցում է ազդարարին:
Եթե ազդարարի ոչ բարեխիղճ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա իրավասու մարմինը պարտավոր է անհապաղ այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության դատախազություն:

 
Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (այսուհետ` միասնական էլեկտրոնային հարթակ) միջոցով ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ հանցագործության մասին:

Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի, երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը` ապահովելով նրա անանունությունը:
Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարի անանունությունը երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով:
Միասնական էլեկտրոնային հարթակն ապահովում է հասանելիություն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:
Միասնական էլեկտրոնային հարթակը պետք է օժտված լինի հետադարձ կապի միջոցով անանուն հաղորդմանն առնչվող անհրաժեշտ տեղեկությունների և փաստերի հավաքման հնարավորությամբ:
Միասնական էլեկտրոնային հարթակը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը:
Միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ազդարարը անանուն հաղորդումը ներկայացնում է այն միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն իր իրավասության շրջանակներում ապահովում է միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված յուրաքանչյուր հաղորդման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում` համապատասխան ակտի ընդունումը:
Հանցագործության հատկանիշներ պարունակող և միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումը ենթակա է ստուգման "Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի և պարունակում է տվյալներ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել:
Հաղորդումն ստուգելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այն վերահասցեագրում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին:
Հոդվածի դրույթները տարածվում են անանուն հաղորդումների վրա այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են:
   
 
 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital