Քաղաքացի-պարտապանին պատկանող գույքի տեսակները, որոնց նկատմամբ չի թույլատրվում տարածել բռնագանձում, ամրագրված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում:

Դեռևս 16.12.2016թ. օրենքում կատարվել էր լրացում, որով իրացման ոչ ենթակա գույքի ցանկում ներառվել էր քաղաքացի-պարտապանին պատկանող միակ բնակարանը (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասը և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցները), ինչպես նաև դրա բաժնը, պայմանով, որ այն հանդիսանա պարտապանի համար մշտական բնակության միակ վայր և դրա մեկնարկային գինը լինի հավասար կամ ցածր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից:
Նվազագույն գումարի չափը ՀՀ Կառավարությունը սահմանել է 808-Ն որոշմամբ: Այն կազմում է 4900000 (չորս միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամ: Ինչ վերաբերում է քաղաքացի-պարտապանի` բռնագանձման ոչ ենթակա միակ բնակարանի բաժնեմասի նվազագույն չափին, ապա այն որոշվում է 4900000 ՀՀ դրամի եւ քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի արտադրյալով:
Եթե միակ բնակարանն իրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը վերադարձվում է պարտապանին: Ընդ որում, վերադարձված գումարի հաշվին պարտավորության կատարումը ևս արգելված է օրենքով:
Պետք է նկատի ունենալ, սակայն,, որ միակ բնակարանի վրա բռնագանձում տարածելու արգելքը կիրառելի չէ այն դեպքերում, երբ միակ բնակարան հանդիսացող գույքը գրավադրվել է որպես քաղաքացի-պարտապանի կողմից ստանձնած պարտավորության ապահովման միջոց, ինչպես նաև երբ դրա հաշվին բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործության պատճառված վնասների հատուցման պահանջները:
Վերջում հավելենք, որ հիշյալ  կարգավորումները կիրառելի են 2017 թվականի փետրվարի 28-ից հետո հարուցված կատարողական վարույթների նկատմամբ:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital