Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) թիվ ՎԴ/0243/05/15 վարչական գործով անդրադարձել է "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմանը:

"Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը, պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները, բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք), խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները:
"Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի համաձայն` տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ապահովել տեղեկությունների մատչելիությունը և հրապարակայնությունը, տեղեկություններ փնտրող անձին տրամադրել հավաստի և իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն:
Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության և թափանցիկության էական նախապայմաններից մեկն է, որը երաշխավորվում է պետական մարմինների կողմից: Պետական մարմինների կողմից պահպանվող փաստաթղթերի կամ որոշակի տեղեկության տրամադրումը պետք է պայմանավորված լինի հանրային շահագրգռվածությամբ: Նման ձևով հասարակության վերահսկողության իրականացումը կարող է զգալի ազդեցություն ունենալ ժողովրդավարական հասարակության պատշաճ գործունեության վրա: Սակայն պետք է հաշվի առնել այն փաստը, որ նշված իրավունքը բացարձակ չէ և ենթակա է որոշ իրավաչափ սահմանափակումների: Ընդ որում, նշված սահմանափակումները կիրառվում են այն դեպքում, երբ հայցվող տեղեկությունը պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը, պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները, բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք), խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները: Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ տեղեկության տրամադրման մերժման դեպքերը յուրաքանչյուր կոնկրետ գործով պետք է գնահատման առարկա դարձվեն Կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված տեղեկության ազատության իրավունքի լույսի ներքո:Նման պայմաններում անհրաժեշտ է դիտարկել Կոնվենցիայով պաշտպանվող ցանկացած երկու հիմնարար իրավունքների միջև բախման պայմաններում իրավունքներից որևէ մեկին նախապատվություն տալու դեպքերը: Մասնավորապես` Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Եվրոպական դատարանը գտել է, որ Կոնվենցիայով հավասարապես պաշտպանվող երկու իրավունքների միջև ծագած հակասության դեպքում Դատարանը վճիռ կայացնելիս պետք է գնահատի մրցակցող շահերը: Եվրոպական դատարանը նշել է, որ պետք է հաշվի առնել ներգրավված տարբեր շահերի միջև ճիշտ հավասարակշռության գործադրման անհրաժեշտությունը (տե՛ս, BEDAT v. SWITZERLAND գործով Եվրոպական դատարանի 29.03.2016 թվականի վճիռը, կետեր 52, 54):
Այն, թե ինչպես և ինչ չափով է տեղեկության տրամադրման մերժումն անձի արտահայտվելու իրավունքին խոչընդոտ, պետք է գնահատվի յուրաքանչյուր գործով առանձին` տվյալ գործի հանգամանքների լույսի ներքո: Այդ իրավունքի շրջանակների հետագա սահմանման համար Եվրոպական դատարանը գտել է, որ պետք է հաշվի առնել հետևյալ չափորոշիչները`
1) տեղեկություն ստանալու պահանջի նպատակը,
2) փնտրվող տեղեկության բնույթը (տե՛ս, MAGYAR HELSINKI BIZOTTSAG v. HUNGARY գործով Եվրոպական դատարանի 08.11.2016 թվականի վճիռը, կետ 157):Եվրոպական դատարանը, մինչև պարզելը, թե արդյոք Կոնվենցիայով երաշխավորված որևէ իրավունք սահմանափակելիս ապահովվել է հասարակության ընդհանուր շահերի և անհատի հիմնական իրավունքների միջև ողջամիտ հավասարակշռությունը, նախ անհրաժեշտ է համարել անդրադառնալ հետևյալ չափորոշիչներին`
1) արդյո՞ք կիրառված սահմանափակումը եղել է օրինական և ոչ կամայական: Իրավունքի գերակայությունը, որը ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկն է, ընկած է Կոնվենցիայի բոլոր հոդվածների հիմքում: Հետևաբար ինչպես Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրությամբ ամրագրված, այնպես էլ Կոնվենցիայում ամրագրված ցանկացած իրավունքի նկատմամբ պետության միջամտությունը պետք է լինի "օրինական": Օրինական միջամտությունը ենթադրում է, որ կիրառված միջոցը նախ պետք է իրավական հիմք ունենա ներպետական օրենսդրությամբ: Այնուհետև օրինականության սկզբունքը որոշակի պահանջներ է առաջադրում ներպետական օրենքի որակին, մասնավորապես` այն պետք է լինի շահագրգիռ անձանց համար հասանելի, հստակ և կանխատեսելի իր կիրառման մեջ (տե՛ս, Shchokin v. Ukraine գործով Եվրոպական դատարանի 14.10.2010 թվականի վճիռը, կետեր 50-58).
2) արդյո՞ք կիրառված սահմանափակումները կրել են իրավաչափ նպատակ: Օրինակ` որքանով է միջամտությունը հետապնդում այլոց իրավունքների պաշտպանության նպատակ (տե՛ս, CUMPANA and MAZARE v. Romania գործով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 86).
3) արդյո՞ք սահմանափակումն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում: Եվրոպական դատարանը, անդրադառնալով այս սկզբունքի մեկնաբանությանը, նշել է, որ "անհրաժեշտ է" եզրույթը չունի այնպիսի ճկուն մեկնաբանության հնարավորություն, ինչպիսիք ունեն, օրինակ` "թույլատրելի", "նպատակահարմար", "ցանկալի" եզրույթները: Պայմանավորվող կողմերը սահմանափակումների կիրառման կապակցությամբ ունեն որոշակի, բայց ոչ անսահմանափակ հայեցողության ազատություն: Սակայն, միայն դատարանն է իրավասու վերջնական որոշում կայացնել այն մասին, թե այդ սահմանափակումները որքանով են համատեղելի Կոնվենցիայի հետ: Եվրոպական դատարանը նշել է նաև, որ "անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում" արտահայտությունը նշանակում է, որ միջամտությունը Կոնվենցիայի հետ համատեղելի լինելու համար պետք է, inter alia, համապատասխանի "սոցիալական գերակա պահանջմունքներին" և համաչափ լինի հետապնդվող իրավաչափ նպատակին: Ընդ որում, իրավունքի սահմանափակումները բացառություններ են և պետք է սահմանափակ մեկնաբանվեն (տե՛ս, SILVER and OTHERS v. THE UNITED KINGDOM գործով Եվրոպական դատարանի 25.02.1983 թվականի վճիռը, կետ 97):

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital