Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի համաձայն 1. Եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի ուժով վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին անձի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում վարչական մարմնի կողմից չընդունված բարենպաստ վարչական ակտը` վնասի հատուցում տրամադրելու մասին, կարող է համարվել ընդունված, եթե առկա են դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Ընդ որում, նշված իրավական կառուցակարգի շրջանակներում վարչական ակտի ընդունված համարվելու դեպքերում այդ վարչական ակտից բխող իրավունքները դրա հասցեատիրոջ կողմից կարող են արդյունավետ կերպով իրացվել, եթե տվյալ անձին տրամադրվի հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունված լինելը հավաստող համապատասխան փաստաթուղթը: Այդ նպատակին է ծառայում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայցատեսակը, որի համաձայն` հայցվորը կարող է պահանջել օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետեւանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը (վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման կապակցությամբ քննարկվող իրավական կառուցակարգի վերաբերյալ առավել մանրամասն տե՛ս Էրիկ Վարդանյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության "Ճանապարհային ոստիկանություն" ծառայության թիվ ՎԴ/0528/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.04.2017 թվականի որոշումը):

Վարչական մարմնի կողմից Վնասի հատուցման դիմումը չքննարկվելու դեպքում գործում է "Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի ինստիտուտը (դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանների առկայության պարագայում), որի շրջանակներում շահագրգիռ անձը կարող է հասնել վնասի հատուցման իր իրավունքի գործնական իրացմանը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայցատեսակով վարչական դատարան դիմելու միջոցով:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital