Ինչպես հայտնի է, ժառանգության ընդունումը ժառանգի կողմից ենթադրում է ոչ միայն ակտիվների ավելացում, այլև ժառանգատուի պարտքերը ստացված ժառանգության հաշվին մարելու պարտավորություն:

Սակայն ժառանգության վկայագիր ստացած ժառանգը կրում է ժառանգատուի ոչ բոլոր պարտքերը մարելու պարտավորություն, այլ միայն այն պարտքերը, որոնց վերաբերյալ պահանջները պարտատերերը ներկայացրել են ժառանգությունը բացվելու օրվանից վեց ամիսների ընթացքում:
Հատկանշական է, որ հիշյալ վեցամսյա ժամկետը նաև օրենքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ժառանգը օրենքով սահմանված եղանակներից որևէ մեկի միջոցով պետք է արտահայտի ժառանգությունն ընդունելու հարցում իր կամքը:
Պարտատերերի կողմից պահանջների ներկայացման համար սահմանված վեցամսյա ժամկետի ավարտից հետո ներկայացված պահանջները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, ենթակա չեն բավարարման, քանի որ պահանջները նախքան ժառանգի կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը ներկայացված լինելու դեպքում ժառանգը կարող է որոշել ժառանգությունն ընդունելու նպատակահարմարությունը:
Իսկ իր պահանջն ու՞մ պետք է ներկայացնի պարտատերը, եթե պարզվել է, որ պարտապան-ժառանգատուի հնարավոր ժառանգները տասչորսից տասնութ տարեկան անչափահասներ են: Բանն այն է, որ տարիքային այս խմբին պատկանող անչափահասները ժառանգություն կարող են ընդունել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ, ինչն ուղղակիորեն բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 30-րդ հոդվածի իրավակարգավորումից:
Ժառանգատուի մահվանբ պայմանավորված պարտատերերի կողմից տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահաս հնարավոր ժառանգներին պահանջներ ներկայացնելու առանձնահատկություններին թիվ ԵՇԴ/0397/02/15 քաղաքացիական գործի քննության շրջանակներում անդրադարձել է ՀՀ Վճռաբեկ դատարանը: Քանի որ ժառանգին վեցամսյա ժամկետում պահանջ ներկայացնելու նպատակն այն է, որ իր ժառանգման իրավունքն իրացնելիս ժառանգը հստակ պատկերացում ունենա ինչպես ժառանգության զանգվածի մեջ մտնող իրավունքների, այնպես էլ ժառանգատուի պարտավորությունների վերաբերյալ, այլ կերպ՝ հնարավորություն ունենա պարզել ժառանգությունն ընդունելու նպատակահարմարությունը, ուստի պարտատիրոջ կողմից պահանջի ներկայացումը պետք է իրականացվի այնպես, որ ժառանգը տեղյակ լինի և լիարժեքորեն պատկերացում կազմի ժառանգության ընդունման հետևանքների մասին: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ քննարկվող դեպքում քաղաքացիական հարաբերության սուբյեկտը տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասն է, իսկ օրինական ներկայացուցիչն ապահովում է վերջինիս կողմից իր իրավունքների և պարտականությունների լիարժեք իրացումը` հավանություն տալով կամ չտալով անչափահասի կնքած գործարքներին, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր վեճով դատարանները այս երկու հանգամանքներին պետք է ուշադրություն դարձնեն միաժամանակ: Այսինքն թե՛ տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները, և՛ թե նրանց օրինական ներկայացուցիչները պետք է տեղյակ լինեն պարտատիրոջ ներկայացրած պահանջի մասին, և պահանջի առկայության հանգամանքը հաշվի առնելով՝ անչափահասները և նրանց օրինական ներկայացուցիչները համապատասխանաբար պետք է որոշեն ընդունե՞լ արդյոք ժառանգությունը, կամ՝ տա՞լ արդյոք ժառանգությունն ընդունման մասին համաձայնությունը:
Թերևս կարևոր է ընդգծել, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից առանցքային գնահատված հիշյալ փաստական հանգամանքները մեջբերված քաղաքացիական գործով հաստատված են համարվել անուղղակի ապացույցների միջոցով:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital