09.04.2020թ. ուժի մեջ է մտել «Կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կնոջը միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» Կառավարության N 484-Լ որոշումը (այսուհետ՝ Որոշում):

Որոշմամբ նախատեսվել է 100 000 ՀՀ դրամի չափով միանվագ սոցիալական աջակցություն տրամադրել բժշկական կազմակերպություններում հաշվառված՝ 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ առնվազն 12 շաբաթական, սակայն ոչ ավելի, քան 34 շաբաթական հղի կնոջը, եթե՝ նա այդ օրվա դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող կամ անհատ ձեռնարկատեր, և
- նրա ամուսինն ազատվել է աշխատանքից (կամ նրա ամուսինն անհատ ձեռնարկատեր է, սակայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցրել է գործունեությունը) 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում և նույն ժամանակահատվածում չի անցել մեկ այլ աշխատանքի, կամ
- չունի ամուսին (չունի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնություն կամ ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է)։
Կարևոր է իմանալ, որ Որոշման համաձայն՝ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող անձը չի համարվում վարձու աշխատող:
Վերը նշված պահանջներին համապատախասխանող հղի կինը չի կարող նշված օժանդակությունից, եթե նա հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 410-Լ կամ N 412-Լ որոշումներով նախատեսված միջոցառումների շահառու:

   Ինչպե՞ս է իրականացվում օժանդակության տրամադրումը:
Միանվագ դրամական օժանդակությունը վճարվում է անկանխիկ եղանակով: Այն նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից ստացված տվյալների հիման վրա:
Ծառայությունը, հիմք ընդունելով հղի կնոջ վերաբերյալ իրավասու մարմիններից ստացված տվյալները՝ ձևավորում է շահառուների ցանկը և վճարման ցուցակներ՝ ըստ բանկերի։

  Ինչպե՞ս կարողէ հղի կինը տեղեկանալ վճարման ցուցակում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքի մասին:
online.ssa.am կայքէջում մուտքագրելով հանրային ծառայությունների համարանիշը կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝ հղի կինը կարող է տեղեկանալ օժանդակության ցուցակում ներառված լինելու կամ չլինելու վերաբերյալ։

  Կարևորել է իմանալ, որ՝
- Միանվագ դրամական օժանդակության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
- Ընդ որում, եթե միանվագ դրամական օժանդակության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում անձը բանկին չի ներկայացնում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
- Միանվագ դրամական օժանդակության գումարն ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում։

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital