Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունվարի 1-ից օտարերկրացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից (այսուհետ՝ Նախարարություն) պետք է ձեռք բերի աշխատանքային թույլտվություն:

Այդ նպատակով գործատուն պարտավոր է նախ միջոցներ ձեռնարկել թափուր աշխատատեղը Հայաստանի Հանրապետության քաղաքացիով համալրելու ուղղությամբ՝ Նախարարությանը ներկայացնելով թափուր աշխատատեղի նկարագիրը:
Օրենսդրությամբ սահմանված ժամկետում Նախարարության կողմից գործատուի պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության, ինչպես նաեւ առաջադրված թեկնածուին գործատուի կողմից մերժելու դեպքերում միայն գործատուն իրավունք ունի կոնկրետ օտարերկրացու համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվություն ստանալու համար դիմել նախարարություն՝ ներկայացնելով օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերի փաթեթը: Օտարերկրացու համար գործատուի կողմից աշխատանքային թույլտվություն ձեռք բերելու վերը նշված ընթացակարգը, ըստ էության սահմանում է օտարերկրացիների նկատմամբ ՀՀ քաղաքացիներին աշխատանքով ապահովելու առաջնահերթությունը:
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի սահմանում է աշխատանքի թույլտվություն ստանալու ընդհանուր կանոնից բացառություններ, որոնցում առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք ունեցող անձանց շարքում ներառված չեն օտարերկրացի այն մարզիկները, ովքեր ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ, և որոնց հետ մարզչական գործունեության մասին պայմանագիր կնքելը ելնում է սպորտի տվյալ ուղղությունը Հայաստանի Հանրապետությունում զարգացնելու ռազմավարությունից:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում կատարվել է լրացում, ինչի արդյունքում սահմանվել է առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք օտարերկրացի այն մարզիկների համար, ովքեր ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ և միաժամանակ կնքում են մարզական գործունեության մասին պայմանագիր (այդ թվում` գործատուի հետ աշխատանքային պայմանագիր):

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital