Հայցատեսակների արհեստականորեն ստեղծված խառնաշփոթ վարչական դատավարության օրենսգրքում

Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված է հայցերի մի քանի տեսակ. Մասնավորապես, եթե անձը որոշել է իրացնել իր իրավունքների պաշտպանությունը և դիմել վարչական դատարան, նախ և առաջ պետք է կողմնորոշվի, թե ինչ տեսակի հայց է ներկայացնելու. այլ կերպ ասած, իր կողմից ներկայացվող բողոքին պետք է տա որոշակի անվանում, որից հետո միայն առաջանում է այն փաստական  հնարավորությունը, որի ուժով վարչական դատարանում նախ քննարկվում է ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը, իսկ այնուհետև, եթե վարույթ է ընդունվել, նաև կանխորոշում կայցվող դատական ակտի ճակատագիրը:

Թե ինչ նպատակ  է հետապնդել վարչական դատավարությունում նախատեսել հայցերի տեսակների խճճված համակարգ և ինչ պրակտիկ խնդիրներ է այն լուծում, դժվար է ասել, սակայն որ նույն դատական համակարգում բազմաթիվ դատավորներ իրենք էլ չեն կարողանում կողմնորոշվել, թե որ հանցատեսակը, երբ և ինչպես պետք է  ներկայացվի, դա արդեն բազմիցս ապացուցված փաստ է:  Նույն փաստական հանգամանքներով ներկայացված միևնույն տեսակի հայցը վարչական դատարանում մեկ դատավորի կողմից ընդունվում է վարույթ, իսկ մյուսի կողմից մերժվում է՝ նշելով որ այդ հայցատեսակը սխալ է ընտրված: Վարչական դատարանում տիրում է հայցատեսակների վերաբերյալ տարբեր դիրքորոշումներով պայմանավորված քաոսային իրավիճակ, որպիսի հանգամանքը որևէ կերպ չի ապահովվում դատական պրակտիկայի միասնական կիրառելիությունը: Հատկանշական է , որ վարչական դատարան դիմող քաղաքացիները վիճարկում են պետական կամ վարչական մարմնների որևէ գործողություն և անգործություն , այսինքն` ստիպված են իրենց իրավունքների պաշտպանությունն իրականացել դատական կարգով, իսկ որ քաղաքացին պարտավոր չէ տիրապետել այդ օրենսդրական տեխնիկայի նրբություններին որևէ մեկի կողմից հաշվի չի առնվել. Դեռ ավելին, նույնիսկ իրավաբանական կրթություն ունեցող մի քանի անձանց մոտ հնարավոր չէ հանդիպել միատեսակ դիրքորոշման կամ կարծիքի: Ի վերջո` քաղաքացու համար ինչ նշանակություն կարող է ունենալ թե դատարանն այդ ներկայացված բողոքին կամ հայցին ինչ անվանում է տալիս. Ենթադրենք այն պայմանականորեն անվանում է «սև»  «սպիտակ» թե՞ «կարմիր».  խնդիրը միայն մեկն է. անձը հստակ ձևակերպել է , որ տեղի է ունեցել իր այս որոշակի իրավունքի խախտումը և դատարանից ակնկալում  է կոնկրետ որոշում իր այդ իրավունքի խախտման հարցով: Հանդիպելով վարչական մեքենայի բյուրոկրատական մեխանիզմներին, երբ  քաղաքացին ստիպված  դիմում է դատական պաշտպանության եղանակին, այստեղ ևս պարզվում է, որ մի շարք ոչ պակաս բյուրոկրատական խոչընդոտներ պետք է հաղթահարել, որ գոնե ներկայացված բողոքը քննվի դատարանում. և այդ ամենը սկսվում է ներկայացված բողոքին ճիշտ անուն դնելու միգուցե առաջին հայացքից պարզ, բայց  իրականում դժվար հաղթահարելի գործընթացից.
Հայցատեսակների ամբողջության մեջ խճճված դատավորները նույնիսկ տարբերակված դիրքորոշում են ցուցաբերում այնպիսի պարզ հարցում թե, ենթադրենք, ներկայացվել է ոչ այն հայցատեսակ, որը դատավորի գնահատմամբ պետք է ներկայացվեր, այս դեպքում ինչպե՞ս վարվել.  վարույթ ընդունել բողոքի քննությունը հետագայում մերժել հայցը սխալ հայցատեսակ ներկայացված լինելու հիմքով, թե՞  ի սկզբանե մերժել գործը վարույթ ընդունելը. այստեղ ևս ինչպես նշվեց ունենք ոչ միանշանակ իրավիճակ:
Իսկ այժմ կոնկրետ փաստով ներկայացնեք, թե ինչ խառնաշփոթ է տիրում վարչական դատարանում պայմանավորված հայցատեսակների բազմազանությամբ.
Որևէ վարչական մարմնի կողմից, դիցուք, մտավոր սեփականության գործակալության կողմից խախտվել է սահմանված կարգով և ժամկետներում գրավոր հարցմանը պատասխան ներկայացնելու օրենսդրական պահանջները:
Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել վարչական մարմնի անօրինական գործողությունների դեմ. Պետք է դիմել վարչական դատարան, իհարկե, քանի որ այլ բան ակնկալել վերադաս մարմնից անիրական է՝ թեկուզ միայն նրա համար, որ բազմաթիվ դեպքերում  նույն այդ անձինք են վերադասության հարցերով դե ֆակտո վերջնական որոշումներ կայացնողները, և մեծ չեն ակնկալիքներն առ այն, որ պատշաճ գիտելիքներով օժտված անձի կողմից վերադասության կարգով ներկայացված դիմումի քննարկման արդյունքներով որևէ դրական փոփոխություն կլինի : Ինչևէ , ինչպես արդեն նշվեց, քանի որ հերթը հասել է վարչական դատարան դիմելուն, ապա ինքնըստինքյան ի հայտ է գալիս հայցի տեսակն ընտրելու, որոշում կայացնելու անհրաժեշտության հարցը. և, այսպիսով` ի՞նչ հայցատեսակ պետք է ներկայացնել վարչական դատարան, որպեսզի տեղեկատվությունը չտրամադրած վարչական մարմինը տրամադրի հայցվող տեղեկատվությունը և քանի որ օրենքը խախտելու հետևանքով  իմ միջոցներն ու ժամանակն է  ծախսվում, ի՞նչ քայլեր ձեռնարկել, որ ապագայում  իմ կողմից վճարվող հարկերով աշխատավարձ ստացող անբարեխիղճ վարչարարություն իրականացողը մեկ անգամ ևս չխախտի իմ իրավունքները և խոչընդոտ չհանդիսանա ինձ օրենքով վերապահված իրավասությունների իրականացմանը: Այս ամենը հաշվի առնելով, ինչպես նաև այն փաստը, որ հնարավոր է տեխնիկապես մինչև  որևէ հայցատեսակի ընտրություն կատարելը   նմանատիպ, երբեմն ավելին՝ նույնական փաստական հանգամանքներով վարչական գործերի վերլուծություն կատարել և գտնել համապատասխան հայցատեսակներ, որոնք ներկայացվել են դատարան և վարույթ են ընդունվել դատարանի կողմից, պարզում ենք, որ մի շարք դեպքերում ներկայացվել է միաժամանակ պարտավորեցման հայցատեսակ, որով հայցվել է վարչական մարմնին պարտավորեցնել  կատարելու որոշակի գործողություներ և միաժամանակ ճանաչման հայց, որով հայցվել է ոչ իրավաչափ ճանաչել անբարեխիղճ վարչարարություն իրականացնողի գործողությունները՝ հետապնդելով  ապագայում ժամանակ և այլ ռեսուրսներ չծախսելու լեգիտիմ ակնկալիք:   
Իրականում, սակայն, ի՞նչ է տեղի ունենում. այն հանգամանքը, որ նույն փաստական հանգամանքներով նույն դատարան ներկայացված նույն հայցատեսակներն արդեն մի քանի դատավորների կողմից ընդունվել է վարույթ, և դարձել քննության առարկա, ամենևին չի երաշխավորում դրա շարունակական կիրարկումը.   կոնկրետ այս դեպքով, վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանն ի տարբերություն  իր այլ կոլեգաների՝ չի կիսում այն տեսակետը, որ այս երկու հայցատեսակները ենթական են դատարանում քննության, ըստ էության նույնիսկ բացառում են միմյանց, և մասով մերժում է հայցի ընդունումը (այն մասով, որը վերաբերում է ճանաչման հայցին) և միայն մասով է այն ընդունում վարույթ (այն մասով, որը վերաբերում է պարտավորեցման հայցին): Այսինքն, ակնհայտ է, որ այս առերևույթ պարզ, և կիրառական առումով գրեթե ոչինչ չասող խնդրով ստեղծվել է մի իրավիճակ, որը չի ապահովում մի ամբողջ դատական համակարգում օրենքի կիրառման միասնականությունը. մի սկզբունք, որն արդարադատության համակարգում ունի վճռորոշ նշանակություն և որի ապահովմանն է կոչված է վճռաբեկ դատարանը. Չէ՞ որ վճռաբեկ դատարանը պետք է ապահովվի օրենքի միատեսակ կիրառելիությունը, դատական համակարգի կանխատեսելիությունը.    Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ակնկալել  միևնույն փաստական հանգամանքով ներկայացվող բողոքներով դատարանների կողմից օրենքի միատեսակ իրավական կիրառելիության, ուստի  վարչական վերաքննիչ դատարան ներկայացվեց վերաքննիչ բողոք, սակայն  վարչական վերաքննիչ դատարանը, ցավոք  ևս անկանխատեսելի էր, և եկավ այն եզրահանգմանը, որ այս երկու հանքատեսակների միաժամանակյա քննությունը վարչական դատարանում խնդրահարույց է՝ անտեսելով դատական պրակտիկայում առկա իրողությունները:

Վարչական վերաքննիչ դատարանն ի դեմս դատավոր Աշոտ Սարգսյանի կայացրեց որոշումը վերաքննիչ բողոքը մերժելու մասին:

 

lined

Հայցատեսակի սխալ ընտրությունը չպետք է հանգեցնի դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակմանը

Փաստաբան՝ Շ. Փեթակչյան

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital