Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում 21.12.2017 թվականին կատարվել է լրացում, որով քրեականացվել է երեխայից առանձին ապրող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի հետ երեխայի տեսակցությանը խոչընդոտելը:
Նկարագրված արարքի քրեականացնումն ավելի, քան անհրաժեշտություն էր հայկական իրականությունում, ուր ամուսնալուծության կամ բաժանության գերակշիռ դեպքերում ծնողների լարված փոխհարաբերությունների արդյունքում երեխան ուղղակիորեն թիրախավորվում էր:

Քանի որ մինչ այժմ օրենսդրությունը չէր նախատեսում նման վարքագիծը կանխելու արդյունավետ գործիքակազմ՝ երեխան շատ դեպքերում առանձին ապրող ծնողից կամայականորեն օտարացվում էր:
Հայաստանի Հանրապետությունը, միանալով «Երեխայի իրավունքների պաշտպանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային, դեռևս 1993 թվականից ստանձնել էր ծնողների հետ կանոնավոր կերպով անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանելու երեխայի իրավունքի իրացման երաշխավորությունը: Իրավունքի իրականացումը, սակայն, երաշխավորվում էր այնքանով, որքանով օրենսդրությունը սահմանում էր փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում երեխայի և ծնողի /մերձավոր ազգականի/ հետ տեսակցությունն ու շփման կարգը դատական կարգով սահմանելու իրավական հնարավորությունը: Եթե երեխայի հետ համատեղ ապրող ծնողն, այնուամենայնիվ, խոչընդոտներ էր առաջացնում առանձին ապրող ծնողի կամ մերձավոր ազգականի հետ երեխայի շփման հարցում, ապա որպես լրացուցիչ իրավական հնարավորություն գործի էր դրվում դատական ակտը հարկադիր կատարելու մեխանիզմը:
Հանրապետությունում ամուսնալուծությունների և նման իրավիճակում հայտնված երեխաների քանակական ցուցանիշով, տեսակցության կամ շփման կարգ սահմանելու յուրաքանչյուր գործով պահանջվող կատարողական գործողությունների շարունակական բնույթով, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ռեսուրսների սահմանափակությամբ պայմանավորված միշտ չէ, որ  տեսակցության և շփման կարգ սահմանող դատական ակտերն ի կատար էին ածվում: Արդյունքում երեխան օտարացվում էր առանձին ապրող ծնողից, իսկ օտարացված ծնողը դիմում էր ծայրահեղ, շատ անգամ՝ քրեական օրենսգրքով արգելված արարքների:
Ստեղծված իրավիճակն առաջացրել էր լրացուցիչ՝ օրենսդրությամբ առավել կոշտ մեխանիզմներ,  սահմանելու անհրաժեշտությունը:
Այսպիսով, ի լրումն նշված միջոցների, երեխայից առանձին ապրող ծնողը կամ մերձավոր ազգականը, ում իրավունքները խախտվել են կունենա երեխայի հետ շփմանը խոչընդոտող ծնողին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու իրավական հնարավորություն:
Ըստ այդմ՝ այսուհետ 100.000-ից մինչև 500.000 ՀՀ դրամի չափով տուգանք, մինչև երեք ամիս ժամկետով կալանք կամ  մինչև մեկ տարի ժամկետով ազատազրկում է սպառնում երեխայի հետ միասին ապրող այն ծնողին, ով մեկ ամսվա ընթացքում երեք կամ ավելի անգամ, իսկ մեկ տարվա ընթացքում հինգ կամ ավելի անգամ կխոչընդոտի (կամ առանց հարգելի պատճառի կխուսափի) երեխայի հետ չբնակվող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև դատական կարգով սահմանված տեսակցության իրականացմանը:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital